ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռումինիայի Հայոց միության նախագահին
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում սփյուռքահայ ներուժի համախմբման, համայնքային կյանքի կազմակերպման խնդիրներ, ուղենշվեցին համագործակցության հետագա քայլերը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը համահայկական առաջնահերթության խնդիրների լուծման հարցում պետք է համախմբված լինեն: Քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների ընթացքը:
Ռումինահայ քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանը Բուխարեստի տնտեսական ուսումնասիրությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր է, 2005թ-ից Ռումինիայի գրողների միության փոխնախագահն է, Ռումինիայի էկոնոմիկայի միության հիմնադրին ու նախագահը, կանխատեսումների ազգային ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ, էկոնոմիկայի ազգային ինստիտուտի բարձրաստիճան գիտաշխատող:
Ոսկանյանը տնտեսագիտական, քաղաքական, գեղարվեստական գրքերի հեղինակ է: Հայազգի քաղաքական գործիչը նաև Ռումինիայի հումորիստների ասոցիացիայի անդամ է: 2009թ. տպագրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ռումինիայում հաստատված հայերին նվիրված «Շշուկների մատյան» գիրքը, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: