«Հորս մեծ ցավը…». Քիթ Ղարիբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/Քիթ-Ղարիբյան1.jpg)
Սա պատմություն է սիրո ու ցավի, պատմություն է օտարության մեջ հայտնված մի ընտանիքի: Եվ վերջապես…սա մի փոքրիկ դրվագ է հայրերի և որդիների հավերժական պայքարի…
Պատմում է կանադահայ գրող Քիթ Ղարիբյանը…
Ես շնորհակալ եմ, որ Օտարագիր գրողների համաժողովին մասնակցելու առիթ տրվեց ինձ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելի լինել նաև Հայաստանում: Այս փաստը կարևոր է ինձ համար. ես Կանադայում հայտնի եմ որպես հայ գրող, ճանաչված եմ նաև հայ համայնքում, Կանադայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կողմից արժանացել եմ Ոսկե մեդալի, բայց Հայաստանում, ցավոք, ինձ չեն ճանաչում:
Ինձ համար մեծ ուրախություն է ու չափազանց հուզիչ, որ եկա իմ հոր երկիր և հնարավորություն ունեցա իմ աչքերով տեսնելու այն: Միաժամանակ մի մեծ տխրություն կա իմ հոգում. ես կարողացա անել մի բան, որը հայրս երբեք չկարողացավ անել: Հայրս մահացավ ու այդպես էլ իր հայրենիքը տեսնելու առիթ չունեցավ: Գուցե հնարավորություն չի ունեցել, հնարավոր է՝ ընտանեկան հոգսեր, խնդիրներ է ունեցել: Դժվար էր այն ժամանակ Հնդկաստանից Հայաստան գալը, իսկ Կանադա տեղափոխվելուց հետո արդեն տարիքն առած էր, միգուցե Հայաստանում տիրող քաղաքական վիճակն էր պատճառը: Ինձ դժվար է դատել… Երբեմն մտածում եմ, որ պատճառը գուցե այն էր, որ նա Հայաստանում ընտանիք, հարազատներ չուներ, ոչ մեկը, ով կարող էր նրան դիմավորել:
…Հայրս Տիգրանակերտից էր: Ծանր զգացողությունները, ապրումները նրա ողջ կյանքի ուղեկիցն են եղել: Մի մեծ ցավ ուներ իր ներսում ամբարած, որը ցավեցնում էր և´ նրան, և´ իր հարազատներին… Ցավ, որն այդպես էլ ոչ ոք չկարողացավ երբևէ մեղմել ու «լռեցնել»…
Ցավի արմատը
…Ցեղասպանությունն էր. հինգ ու կես տարեկանում ապրել է Եղեռնի ողջ արհավիրքը:
Նա Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում է մեծացել: Իսկ երբ մեծ քույրը տեղափոխվում է Հնդկաստան, նրան իր մոտ է կանչում: Հնդկաստանում ապրող անգլիացիներից անգլերեն է սովորում, ավտոմեքենաների նորգման մեջ է հմտանում:
Հնդկաստանում հանդիպում է իմ մորը, ով անգլոհնդակցի էր. ծնվում եմ ես ու քույրերս:
Իսկ արդեն մեծ տարիքում տեղափոխվում է Կանադա, որտեղ իմ մեծ քույրն էր ապրում:
Ժամանակի ընթացքում հայրս աշխատանքում հաջողությունների է հասնում, դառնում է մեքենաշինական ձեռնարկության փոխտնօրեն, նրա գնորդները շատ հայտնի մարդիկ էին:
Այդ կերպ մեր կյանքը փոխվեց. մենք դարձանք միջին դասի հաջող ընտանիք:
Այո´, մեր կյանքը բարելավվեց, բայց իմ և հորս հարաբերությունները` ոչ: Դժվար էր ոչ միայն ինձ, այլև հորս համար. նա կարծես չգիտեր` ինչպես հայր լինել: Պատճառը երևի այն էր, որ նա առանց հոր էր մեծացել: Մենք հաճախ էինք վիճում…
Ես որոշ բաներ գիտեի հորս ծննդավայրի, Հայոց ցեղասպանության մասին, բայց քանի որ լավ հարաբերությունների մեջ չէի նրա հետ, Հայաստանի նկատմամբ «մերժողական» էի տրամադրված:
Ես հայերեն չգիտեմ, որովհետև հայրս մեզ չի սովորեցրել, ասում էր. «Ինչներիդ է պետք, միևնույնն է` չեք օգտագործելու»: Բացի այդ, Բոմբեյում հայկական միջավայր չկար, շատ քիչ հայեր էին ապրում: Իսկ նա միայն իր հայ ընկերների հետ էր հայերեն խոսում, երբեմն գնում էր եկեղեցի, սակայն տարեցտարի նրա հայերենի իմացությունը վատանում էր:
Ճամփորդություն իմ նախնիների աշխարհ
Վերաբեմունքս հորս հանդեպ փոխվեց նրա մահից հետո. հայրս մահացավ 1995 թվականին. նա 86 տարեկան էր:
Մահից հետո, երբ նրա տունն էինք մաքրում, ես նրա սենյակում գտա «Մուսա լեռան 40 օրը» գիրքը:
Թերևս մեր «ամենաջերմ» զրուցը մահվանից առաջ տեղի ունեցավ, երբ նա ինձ պատմեց իր կյանքի, Ցեղասպանության մասին: Ճիշտ է` ես գիտեի Եղեռնի մասին, բայց քանի որ ինձ հայկական միջավայրի մաս չէի զգում, շատ բաներ չէի կարողանում հասկանալ:
Հորս մահից հետո իմ կյանքում մի նոր փուլ սկսվեց: 2000 թվականին տպագրեցի իմ «Վիշտը» գիրքը. դա «ճամփորդություն» էր իմ ծնողների աշխարհ:
Հորս մահը իմ նոր ծնունդը դարձավ. ես փոխվեցի, կարծես հասկացա նրան ու ներեցի իր դժվար բնավարության, մեզ սիրո աղքատիկ փշրանքներ տալու համար: Իսկ, ընդհանրապես, նա շատ բարի մարդ էր, ուրիշներին օգնում էր, ձեռք մեկնում:
Ինձ փոխեց նաև իմ գրքի արձագանքները, երբ հայկական համայնքն ինձ «իրենը» համարեց, գնահատեց իմ գիրքը: Ես գրող ընկերներ ունեի և նրանց շնորհիվ աստճանաբար մերձեցա հայկական համայնքի հետ:
Ես սկսեցի հետաքրքրվել Հայաստանով, նրա պատմությամբ: Բացահայտելով Հայաստանը` ես կարծես վերադարձրի իմ հորը: Ծանոթանալով Հայաստանի պատմությանը` ես սկսեցի հասկանալ նրան, նրա ցավի, տխրության պատճառը…
Գիրքը յուրատեսակ «փոխհատուցում» էր Ցեղասպանության, թուրքերի կատարած բարբարոսություների:
Արարատի զավակները…
10 տարի անց ես գրեցի «Արարատի զավակները» գիրքը: Կարծում եմ, որ ամեն հայ Արարատի զավակն է: Արարատի զավակը նախևառաջ իմ հայրն է, բոլոր այն մարդիկ, ովքեր Եղեռնին զոհ գնացին և հայտնվեցին որբանոցներում, և վերջապես` աշխարհի չորս ծագերում ապրող հայերը:
Ես էլ եմ Արարատի զավակը, որովհետև իմ հոր որդին եմ:
Բոլորս միևնույն զգացողությունն ունենք. մեր ողջ կյանքում ուզում ենք գտնել մեր տունը, մի վայր, որտեղ մենք մեզ ապահով կարող ենք զգալ: Փնտրելու ընթացքում մեր բոլորիս հայացքները հառնում են Արարատին:
Այն, ինչն այդքան երկար փնտրում էինք, գտնում ենք Արարատի մեջ, որովհետև այն հավերժության խորհուրդ ունի, այն կարծես հավերժ ճամփա լինի, և իր մեծության մեջ դառնում է մեր հայրենիքը:
Արարատը հավերժ ներկայություն է, աշխարհն էլ այդ մասին գիտի: Մենք լեռ ենք, մենք Արարատ ենք, մենք Արարատի զավակ ենք…
Ո՞վ է հայը…
…Շատերն ասում են, որ հայը նա է, ով խոսում է հայերեն, երգում է հայերեն… Դա այդպես չէ. ես հայ եմ, թեև չեմ խոսում հայերեն:
Ես գրում եմ անգլերեն, բայց ես հայ գրող եմ: Եթե հայերեն գրքեր կարող են կարդալ ընդամենը մի քանի միլիոն մարդ, ապա անգլերեն ավելի շատ մարդիկ են կարդում: Եվ հարց է ծագում` որ լեզվով գրելն է մեզ համար շատ ավելի օգտակար: Ես չեմ ասում, որ եթե հայերեն ես գրում, քեզ ոչ ոք չի կարդա: Ասածս այն է, որ եթե ես հայերեն չեմ գրում, դա չի նշանակում, որ ես հայ գրող չեմ:
Ցավն ինձ օգնեց հաղթահարել ինքնության բարդույթը և գտնել իմ արմատները…
Ցավը իմ հոր պատմությունն էր, մեր հարաբերություններն այդ ցավով էին պատված, բայց այդ ցավն ինձ վերադարձրեց իմ ակունքներին:
Ամենածանրը հորս համար իր հիշողություններն էին…
Նա՝ հինգ ու կես, մեծ քույրը՝ յոթ տարեկան է եղել, երբ գաղթի ճանապարհին սպանել են հորը, իսկ մայրը մահացել է: Նրանք` քույր ու եղբայր, մի ծառի տակ են թողել իրենց երեքամյա քրոջը և ասել, որ հետ կգան, բայց… այդպես էլ չեն վերադարձել…
Այդ ցավն էր, որ ամբողջ կյանքում մխում էր հորս մեջ. ո՞ւր է հիմա իր քույրը, հնարավոր է՝ ինչ-որ հրաշքով փրկվել է, գուցե սովից մահացե՞լ է, ոչ-ոք ասել չի կարող … Եվ ինչպե՞ս ապրել այդ ամենից հետո… Միգուցե հայրս չի ցանկացել, որ այդ ցավը մեզ դիպչի ու այդ պատճառով էր այդքան լռակյաց, սառը մեր հանդեպ…Միայն հարցեր ու հարցեր…
Հիմա նաև հասկանում եմ, որ իմ հայրը միակը չէր. յուրաքանչյուր հայ իր մեջ ցավ ունի ամբարած…
Իսկ Հայաստանում նորից ծնվեցի` առանց ցավի և ավելի լուսավոր հիշողություններով…
Լուսինե Աբրահամյան