«Գյուրջիև» համույթն ապրիլյան շրջագայություններին կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին

2008 թվականին Երևանում հիմնադրված «Գյուրջիև» համույթի համար կարևոր իրադարձություն էր աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի՝ Գերմանական «ECMrecords»-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերին հրատարակված «Կոմիտաս»  ձայնասկավառակը՝ 30  էջանոց  բազմաբովանդակ տեղեկատվությամբ  և  լուսանկարներով: Տեղեկատվությունը գրել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և համույթի հիմնադիր Լևոն Էսկենյանը: Ձայնասկավառակին անդրադարձել են աշխարհի լավագույն, առաջատար լրատվամիջոցները, «Songlines Magazine» հանդեսն այն ընդգրկել է 2015 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են «British Airways» ավիաընկերության ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի թողարկումից հետո համույթն աշխարհի տարբեր երկրների կողմից հեղինակավոր փառատոների մասնակցելու հրավերներ է ստացել: Ապրիլ ամսին «Գյուրջիև»-ը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական երեք երկիր: Մեկնարկը տրվելու է ապրիլի 14-ին՝ Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ հնչեցնելու են հայ հոգևոր երաժշտություն, կատարելու են Կոմիտասի և Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները: Այնուհետև համույթը մեկնելու է Հունաստան՝ Սմուրնիի քաղաքապետարանի հրավերով ելույթ ունենալու «Պառնասոս» համերգասրահում:

«Ապրիլի 19-ին Աթենքում կայանալիք համերգը, որի ընթացքում հնչելու է միայն Կոմիտաս, նվիրված է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Մինչ այդ՝ համերգի նախօրյակին, հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերով շուրջ մեկ ժամ հարցազրույց ենք տալու հայկական երաժշտության, նվագարանների, Կոմիտասի և Գյուրջիևի մասին: Աթենքում համերգն ավարտելուց հետո նորից գնալու ենք Ավստրիա՝ Մոցարտի հայրենիք Զալցբուրգ քաղաք, որտեղ ապրիլի 22-ին դարձյալ Կոմիտաս ենք հնչեցնելու»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լևոն Էսկենյանը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան և «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցությամբ՝ Կոպենհագենում դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի և Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգ է տեղի ունենալու:

2

«Սա հիանալի առիթ է՝ հայկական երաժշտության միջոցով մեր ժողովրդի կողմից երախտագիտության խոսք հղելու բարեսիրտ կնոջ հիշատակին: Մարիա Յակոբսոնն այն եզակի անհատականություններից էր, ով հայ ժողովրդի կողքին է եղել Ցեղասպանության ահասարսուռ օրերին և իր ամբողջ կյանքը նվիրել է հայ որբերին: Այս պատմությանը քաջատեղյակ եմ, քանի որ ծնվել եմ Լիբանանում, որտեղ միսիոներուհին «Թռչնոց բույն» մանկատունն է  հիմնադրել»,-նշեց Լևոն Էսկենյանը:

Զրույցի վերջում երաժիշտը կարևորեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող համերգային շրջագայությունը հենց ապրիլ ամսին է լինելու, քանի որ մեկ անգամ ևս հնարավորություն են ունենալու երաժշտության միջոցով հնչեցնելու Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման պահանջը:

Հավելենք, որ «Գուրջիև» համույթի գործունեության նպատակը, որի կազմում Հայաստանի առաջատար երաժիշտներ են ընդգրկված, հայկական ավանդական երաժշտությունը, հայ աշխարհահռչակ երաժիշտներ Կոմիտասի և  Գ. Ի. Գյուրջիևի ստեղծագործություններն ու գործիքավորումները ներկայացնելն է՝ այդպիսով մոռացության չմատնելով մեր ազգային հին նվագարանները, ինչպես նաև՝ աշխարհին ցույց տալու հայ ժողովրդի մշակութային հարստությունները:

«Գուրջիև» համույթը  համերգներով շրջագայել և ելույթներ է ունեցել մի շարք համերգասրահներում, միջազգային հայտնի փառատոների է մասնակցել Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, ինչպես նաև` Հայաստանում:

Գործում է «Գուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up