ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Էդվին Գևորգյանին
Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայազգի գործարար Էդվին Գևորգյանին: Նա «Benjamin Moore» ներկերի արտադրության ամերիկյան ընկերության ներկայացուցիչն է Ռուսաստանում: Հանդիպման ընթացքում հայազգի գործարարը, ով նաև Հայաստանի կույրերի միավորման ներկայացուցիչն է Ռուսաստանում, նախարարին ներկայացրեց մանրամասներ իր գործունեության վերաբերյալ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով Էդվին Գևորգյանի գործունեությունը, կարևորեց սփյուռքահայ գործարարների ներդրումը հայրենիքում: «Ինչպես սիրիահայերի օրինակը ցույց տվեց, յուրաքանչյուր սփյուռքահայի համար կարևոր է հայրենիքում տուն և ներդրում ունենալը»,- նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում սփյուռքահայ ներուժի համախմբման, համայնքային կյանքի կազմակերպման խնդիրներ, ուղենշվեցին հետագա համագործակցության քայլերը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը համահայկական առաջնահերթության խնդիրների լուծման հարցում պետք է համախմբված լինեն: Քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռուսաստանի հայերի կողմից կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումների իրականացման ընթացքը:
Նշենք նաև, որ Էդվին Գևորգյանը բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է, և այդ շարքում մեծարժեք է հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմը: