Ապրիլքսանչորսյան միջոցառումներ Հորդանանում
Ապրիլի 24-ի առավոտյան Հորդանանի գրողների միությունը լուռ ցույց էր կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով զորակցելով հայությանը:
Ցույցին մասնակցում էին հայկական համայնքի անդամները, արաբ և հորդանանցի գրողներ, մտավորականներ: Նման ակցիա արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Ամմանում: Անցյալ տարվա նույնատիպ միջոցառումը մեծ արձագանք գտավ ողջ Հորդանանում: Հորդանանյան ԶԼՄ-ները լուսաբանեցին ցույցը, որի ժամանակ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը և 100-րդ տարելիցին նախատեսվելիք միջոցառումներին:
Պետք է նշել, որ հորդանանցիներից շատերը, ովքեր ծանոթ են հայերին, մեծ աջակցություն են ցուցաբերում այս խնդրին և պատրաստակամորեն սպասում են հաջորդ միջոցառումներին: Սա, անշուշտ, առաջին հերթին Հորդանանի հայ համայնքի կատարած աշխատանքի արդյունքն է:
Նույն օրը երեկոյան հայկական համայնքը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն` հովանավորությամբ Պատրիարքական փոխանորդ և Հորդանանահայոց առաջնորդ գերաշնորհ Տ. Վահան արքեպիսկոպոս Թօփալեանի, նախաձեռնությամբ Ամմանի Ազգային տեղական խորհրդի, կազմակերպությամբ ԱՄՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի և Ազգային վարժարանի տնօրինության:
Ս. Թադեոս եկեղեցու մեջ կատարված հոգեհանգստյան կարգին հաջորդեց մոմավառությունը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի առջև: Ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն ՀՄԸՄ-ի ակումբի սրահի մեջ:
Հորդանանի գրողների միությունը, լինելով հայերի լավ բարեկամը, Հայ դատի աջակցողների հետ միասին ապրիլի 26-ին միջոցառում էր կազմակերպել Հորդանանի գրողների միությունում: Երեկոն նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Հնչեցին երաժշտական համարներ, երգ, ասմունք, ելույթներ: Երեկոն եզրափակվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի դիտումով:
Աննա Շուքրիան
Ամման-Երևան