Վնասվել է Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու մուտքը և զանգակատունը. սիրիայում ՀՀ դեսպան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/photo3.jpg)
«Հայերն այսօրը» տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին ռմբակոծվել էր Հալեպի Ջդեյդե թաղամասը և Ֆարհաթ հրապարակը, որին կից գտնվում է Հալեպի Ազգային առաջնորդարանը և 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը կապ է հաստատել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ ռմբակոծության հետևանքով վնասվել է Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու մուտքն ու զանգակատանունը: Բարեբախտաբար զոհեր չեն եղել:
Հավելենք, որ Սբ. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին 15-րդ դարից առ այսօր Բերիո Թեմի առաջնորդանիստ եկեղեցին է և պատմականորեն առաջին անգամ հիշատակվել է 1476-ին: Անցյալում եղել է նաև կաթողիկոսանիստ եկեղեցի, որտեղ կատարվել են եպիսկոպոսական ու կաթողիկոսական ձեռնադրություններ և սրբալույս մյուռոնի օրհնություններ: Այն սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից: Ավանդույթի համաձայն` Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու և նախկին Սբ. Աստուածածին Եկեղեցու վայրը քրիստոնեական գերեզմանատուն է եղել`իր փոքրիկ մատուռով: