Ապրիլի 24-ը մեր օրերում լացի կամ նզովքի օր չէ, վերածաղկման օր է. սփյուռքահայ գրողի նամակը թուրք ժողովրդին
Սիրիահայ գրող, բանաստեղծ Թորոս Թորանյանը, ով այժմ բնակվում է Բեյրութում, նամակ է հղել թուրք ժողովրդին, որը հրապարակել է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը։
Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սփյուռքի 16 գործիչներ նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին, որոնք առանձին-առանձին կներկայացնի շաբաթվա ընթացքում։
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Դարձյալ Ապրիլի 24-ը եկավ։ Այդ օրը մի ազգի գերեզման դնելու սկիզբը դրվեց։ Սակայն դա վերջը չէր, այլ շարունակության սկիզբը։ Ապրիլը մեր մայրենի լեզվով «ապրել» է նշանակում։
Մեր ժողովուրդը ծնվել է ապրելու համար։ Ապրել է դարերով, մինչդեռ թվով մեզնից շատ ավելի մեծ ժողովուրդները պատմության գիրկն են անցել։ Մենք շարունակեցինք և դեռ շարունակելու ենք ապրել։
Անցյալ տարի ապրիլի 24-ին թոռնիկս մոտենալով ինձ ասաց. «Պապի՛կ, ես թուրքերին չեմ սիրում»։ Նրան պատասխանեցի. «Ինչո՞ւ, անուշիկս, դու թուրք տեսե՞լ ես»։
Թոռնուհիս պատասխանեց. «Չեմ տեսել, բայց լսել եմ, որ նրանք կոտորել են հայերին, եկեղեցիներ կործանել, մեզ վտարել մեր դարավոր հողերից»։
Ես չէի ուզի, որ թոռնուհուս, անմեղ թոռնուհուս հոգին պղտորվեր։
Ամեն ինչ բացատրեցի նրան և ավելացրի.
«Բայց մենք, ինչպես տեսնում ես, ապրել ենք, վերածաղկել, և մեզ կոտորողների ապրած ողջ տարածքը շքեղացրել ենք՝ նրանց տալով թատրոն, մշակույթ։
Այո՛, քիչ չէ եղել նաև իսլամացած հայերի թիվը, որոնք որպես հայ մահանալով, անգամ թրքանալով՝ ավելացրել են այդ երկրի թիվը։
Հիմա, ձագուկ մի՛ տրտմիր, երբ մենք այժմ պետականություն ունեցող ժողովուրդ ենք դարձել, ու մեր անկախությունը ճանաչվել է մեր հարևան երկրի՝ Թուրքիայի կողմից։ Ճանաչված անկախություն՝ փակ սահմաններով։
Ապրել սիրողները մի օր անպայման կբացեն նաև փակ սահմանները, սահմաններն անգամ կվերանան բոլոր երկրներից, եթե տվյալ երկրի բնակիչների պես մարդիկ ևս սիրեն ապրել։
Եվ ապրողը կտեսնի այդ օրը, սահմաններ չունեցող աշխարհը կդառնա երջանկության օրրան։
Անուշի՛կ թոռնիկս, խոսքս միայն մեր մասին, քո մասին չէ։ Բոլորի մասին է»։
Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետողը խենթացավ։ Թող զենք ու ռումբ պայթեցնողներն այս մասին էլ մտածեն։
Այս օրերին ուր հայ կա, մտածում է Ապրիլի 24-ի մասին։ Ահա Բեյրութում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրված են հայ մշակույթի և գիտության համաշխարհային համբավի հասած հայերի կյանքն ու գործը։
Սա մի փոքր պատասխանն է այն խոսքին, որ աշխարհում լոկ մեկ հայ պետք է մնա՝ այն էլ՝ թանգարանում։
Ահա այդ շարքից մի քանի անուն. Մարշալ Բաղրամյան, ծովալալ Իսակով, գիտնականներ Ալիխանյան եղբայրներ, ծովանկարիչ Այվազովսկի, Խրիմյան Հայրիկ, Զորավար Անդրանիկ, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Կոմիտաս, Ռուբեն Մամուլյան, Շառլ Ազնավուր, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան…
Այսպես Եղեռնից շատ առաջ և հետո աշխարհին տվել ենք բազմահարյուր գիտնականներ, ճարտարապետներ, գեղանկարիչներ, թատրոնի հռչակավոր մարդիկ։
Ապրիլի 24-ը մեր օրերում լացի կամ նզովքի օր չէ, վերածաղկելու օր է, երբ ապրելով և ստեղծագործելով մեր ապրած բոլոր երկրներում, մանավանդ մեր հայրենիքի անկախացած մասում տիրացել ենք մեր գոյատևման իրավունքին, մեր ապրելու կռվի հաղթանակողի իրավունքին։
Թող ճանապարհները բաց լինեն, դռները բաց՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար ու թող Բեռլինյան բոլոր պատերը փլվեն՝ ուրախություն պատճառելով աշխարհին»։