Բուլղարահայոց թեմի առաջնորդական տեղապահը իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը պաշտոնական նամակով՝ ուղղված Բուլղարիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան տ-ն Ռեգինա Էշերին, բուլղարահայ համայնքի անունից իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել Շվեյցարիայի կառավարության որոշման կապակցությամբ, որով ՄԻԵԴ Գերագույն պալատում պիտի բողոքարկվի Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի տխրահռչակ որոշումը,- տեղեկացնում են Բուլղարահայոց թեմի մամլո դիվանից:

«Սույն գրությամբ, ի դեմս Ձեզ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի անունից մեր երախագիտությունն  ու գոհունակությունն ենք հայտնում Շվեյցարիայի կառավարությանը վերոհիշյալ որոշման կապակցությամբ»,- ասված է նամակում:

Հոգեշնորհ հայր սուրբը ողջունում է Շվեյցարիայի կառավարության կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ: «Շվեյցարիայի կառավարության նման որոշումը ցույց է տալիս նրա կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ՝ հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման»,- իր նամակում նշում է առաջնորդական տեղապահը:

 Գրության վերջում հոգեշնորհ հայր Աբգար վարդապետը իր օրհնություններն է փոխանցել եղբայրական Շվեյցարիայի ժողովրդին, կառավարությանը և անձամբ Նորին գերազանցություն դեսպան տ-ն Ռեգինա Էշերին:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Scroll Up