Համահայկական ձմեռային խաղեր. մշակութային միջոցառում Ծաղկաձորում
Երկու օրից կմարի Համահայկական ձմեռային առաջին խաղերի ջահը: Մասնակիցները Հայաստանից կհեռանան ոչ միայն մարզական հաջողություններով, նոր ծանոթություններով ու հետաքրքիր հիշողություններով, այլ նաև իրենց հետ կտանեն այն ջերմ երեկոյի հուշերը, որը նրանց էր պարգևել ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Փետրվարի 27-ին Ծաղկաձորի սպորտային համալիրում կազմակերպված մշակութային գեղեցիկ միջոցառումը մեկտեղել էր ոչ միայն խաղերի մասնակիցներին, այլև համալիրում իջևանած օտարերկրա հյուրերին ու աշխատակիցներին:
Ներկաներին իրենց գեղեցիկ կատարումները նվիրեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, ժողովրդական երգի հրաշալի կատարողներ Հայկ Եսայանը, Հայկուհի Բաբախանյանը, երաժիշտներ Հարություն Չքոլյանը (զուռնա), Ալբերտ Օրդինյանը (դհոլ), Դավիթ Հայրիկյանը (դուդուկ): Ասմունքով հանդես եկավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սան Մարիաննա Սահրադյանը:
Հայկական ժողովրդական, հայրենասիրական երգերն ու դհոլի, զուռնայի ու դուդուկի կախարդական մեղեդիները այնքան էին ոգևորել ներկաներին, որ նրանք ելույթներին մասնակցում էին ոչ միայն չդադարող ծափերով, այլև միասնական պարի ռիթմերով: Հատկապես ակտիվ էին Իրանից, Լիբանանից ու Վրաստանից ժամանած մեր հայրենակիցները:
Երեկոյի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը և նախարարի հանձնարարությամբ Սփյուռքից ժամանած պատվիրակությունների ղեկավարներին հանձնեց Հայկական խորհրդանիշների փաթեթ:
Լուսինե Աբրահամյան, Ծաղկաձոր