ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ Արշիլ Գորկուն նվիրված ցուցահանդեսի բացումը
Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում կայացավ «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացումը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը Ռուսական արվեստի թանգարանում (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Ներկայացված են Արշիլ Գորկու ստեղծագործությունների ազդեցությունը կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով Ռուսական արվեստի թանգարանի տնօրինությանը, «Արտ-Կովկաս» Արմենիա ասոցիացիային և Հայ կանանց միջազգային միավորմանը միջոցառման կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերելու համար՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Արշիլ Գորկին, ծնվելով և նախնական կրթությունը ստանալով Վանի հայկական դպրոցում, կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի՝ վերացական արվեստի հիմնադիրը: Նրա կտավներում աշխարհը տեսավ Ցեղասպանությունը վերապրած հայի անսահման տխրությունը: Կարմիրի, ճերմակի և դեղինի համադրությամբ ստեղծված նկարներում մահվան տրամադրություններն են, իսկ «Ցեղասպանություն Եփրատի հատակին» վերտառությամբ նկարը պարզապես հաստատում է Եղեռնի փաստը»:
Նախարարը ցավով նշեց, որ այսօր Արշիլ Գորկու մեծ ժառանգությունից միայն մեկ կտավ կա Հայաստանում, որը ցուցադրվում է Ազգային պատկերասրահում:
ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում կա Արշիլ Գորկու անունը կրող դպրոց: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին՝ մեծ վարպետի գործերը հայ հասարակությանը խորքային և համոզիչ մեկնաբանություններով ներկայացնելու համար:
Արշիլ Գորկու 110-ամյա հոբելյանի կապակցությամբ 70-ամյակը բոլորած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
«Ի դեպ, Շահեն Խաչատրյանը նույնպես ծնվել է Հալեպում և 1946թ. մեծ հայրենադարձության ժամանակ տեղափոխվել Հայաստան, – նշեց տիկին Հակոբյանը՝ հավելելով, – Շահեն Խաչատրյանին մեկնաբանությամբ մենք միշտ հաղորդակցվել ենք մեր մեծ նկարիչների աշխատանքներին»:
Այնուհետև Շահեն Խաչատրյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի՝ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործությունը: Ցեղասպանության սարսափներին ականատես նկարչի ստեղծագործ ոգու դրոշմն առկա է նրա յուրաքանչյուր կտավում:
Շահեն Խաչատրյանը ներկայացրեց նաև Արշիլ Գորկու կրտսեր քրոջ՝ Վարդուշի հուշերը նկարչի մասին: Նա նշեց, որ շուտով հայաստանցի արվեստասեր հասարակությունը նույնպես հնարավորություն կունենա հիանալու հայազգի աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու մի քանի գործերով, որոնք Հայաստանում ցուցադրվելու համար կտեղափոխվեն Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանից: