Ցեղասպանության զոհերից մեկը՝ Ենովք Շահեն

Այսօր՝ փետրվարի 3-ին, Ենովք Շահենի ծննդյան օրն է: Շատերը գուցե տարակուսեն՝ ո՞վ է Ենորվք Շահենը, ինչու՞ ենք հիշել նրան: Ցավոք, ժամանակի հոլովույթում շատերն են մոռացության տրվում, շատերի անունների վրա է նստում օրերի փոշին՝ այդպես մեզ հեռացնելով նրանցից, այն անուններից, որոնք պատմական որոշակի ժամանակաշրջանում կապակցված են եղել մեր Ոգու իրականությանը…

 Ենովք Շահենի անունը տեղ է գտել մեր թատերական գրականության մեջ, մասնավորապես Գառնիկ Ստեփանյանի «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» կոթողային աշխատության մեջ, ուր ժլատ տողեր կան՝ նվիրված նրան: Ժլատության պատճառը գիտնականի «անբարեխիղճ» վերաբերմունքը չէ, այլ այն կարճ կենսագրությունը, որը բաժին հասավ այս հիրավի տաղանդավոր մարդուն, որին տրված չէր ապրել երկար, երկար ստեղծագործել…

 Ենովք Շահենին իր հուշերում անդրադարձել է մեծն Վահրամ Փափազյանը, որը սրտի անհուն ցավով է գրել իր մտերիմ բարեկամի ու ընկերոջ մասին, այն անհատականության, որը կարող էր իր պատկառելի «խորշն» ունենալ մեր թատրոնի պատմության մեջ: Բայց չունեցավ: Փափազյանը ցավով է գրել իր մտերիմ բարեկամի մասին, որին բոլորը շրջապատում գիտեին որպես առաջավոր հայացքների տեր մարդու, որն ատելությամբ էր լցված թուրքերի, թուրքական հայատյաց քաղաքականության հանդեպ:

 Ինչպես շատերի, այնպես էլ Ենովք Շահենի կյանքն ընդհատվեց եղերական 1915-ին, որը ողբերգական սահման է, մեծ ընդհատում: Մինչդեռ Ենովք Շահենը կարող էր ավելի հարուստ կենսագրություն ունենալ, եթե…

Ենովք Շահենը՝ դերասանը, արվեստագետը, ծնվել էր 1881 թվականի փետրվարի 3-ին, Արևմտյան Հայաստանի Պարտիզակ գյուղում: Պարտիզակը մի ամբողջ աշխարհ է մեր հոգևոր մշակույթի պատմության մեջ, քանզի այստեղից են իրենց սկիզբը առել շատ նշանավորներ: Նախնական կրթությունը ստանալով հայրենի Պարտիզակում՝ հետագայում մոր ու եղբոր հետ Ենովք Շահենը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որը կանչում-հրապուրում էր շատերին, քանզի մշակույթի ու գրականության, արհեստների կենտրոնն էր այն: Հենց այս քաղաքում էլ Ենովք Շահենը հրապուրվում է թատրոնով, դառնում հայկական թատերախմբերի ներկայացումների մշտական հանդիսատեսը, ապա արդեն ինքն է անդամագրվում թատերախմբերին՝ իր ստեղծագործական մղումները հիմնականում ի հայտ բերելով նշանավոր Մարտիրոս Մնակյանի թատերախմբում, ուր հանդես է գալիս և՛ իբրև դերասան, և՛ իբրև բեմադրիչ: Հանդիսատեսը Շահենի առաջին իսկ մուտքից բեմ՝ սիրեց նրան, հմայվեց նրա կրքոտ խաղով, իսկ հայ մտավորականությունը ձեռք բերեց մի մեծ հայասերի, որը բոցաշունչ ելույթներ էր ունենում հավաքների ժամանակ, խոսում ինքնության պաշտպանության, հայերի փրկության մասին:

Մարտիրոս Մնակյանի գլխավորությամբ իր բեմական մկրտությունը ստանալուց և առաջին հաջողություններին հասնելուց հետո Ենովք Շահենը դառնում է նորաստեղծ հայ դրամատիկական ընկերության թատրոնի դերասան, որտեղ էլ մտերմանում է Վահրամ Փափազյանի հետ: Գրեթե ամենուրեք նրանք միասին էին, անբաժան ընկերներ, որոնց միայն 1915-ը բաժանեց, երբ չանսալով Փափազյանի խորհրդին ու հորդորներին՝ Ենովք Շահենը մնաց Կոստանդնուպոլսում, մինչդեռ կարող էր Փափազյանի հետ Ռուսահայաստան մեկնել, այստեղ ծավալել իր թատերական գործունեությունը:

1915-ին Ենովք Շահենը դարձավ այն խմբի անդամ, որի մեջ էին Կոմիտասռ, Գրիգոր Զոհրապը, ուրիշներ: Հայ մտավորականների խումբը ոչ թե հավաքվել էր ազգային հարցեր քննարկելու, այլ նրանց խաբեությամբ ու բռնությամբ տարհանել էին Կ. Պոլսից և ցույց տվել Բուրսա տանող ճանապարհը: Ենովք Շահենին և շատերին ձեռնաշղթաներով, մտրակի հարվածների ներքո տարան անջրդի ճանապարհներով: Հեռանկարը Միջագետքն էր… Օրեր շարունակ Ենովք Շահենը քայլում էր շատերի հետ՝ կիզիչ արևի տակ մի կերպ քարշ տալով հոգնած ոտքերը, որոնք ամբողջապես վերքերով էին պատվել… Հայ մտավորականը չէր կարող տանել ստրկացումներն ու հալածանքները, ուստի հերթական պոռթկումի պահին հարձակվել է նավակայքի առջև խմբված ամբոխի վրա, սկսել բռունցքներով հարվածել, պատառոտել նրանց զգեստները… Ամբոխը նրան առել է իր օղակի մեջ, ու մեկ-երկու րոպեի ընթացքում Ենովք Շահենի գլուխն ու հոշոտված մարմինը նետվել են քաղաքի քաղցած շների առջև…

Լևոն Մութաֆյան

Scroll Up