Ցեղասպանություն-100. « Սրճարան «Հիշողություն» »

Դրամա երկու մասից
(ավարտական տեսարան)
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Սրճարանն է: Դեռ հնչում է կոմիտասյան «Լորիկը»… Մատուցողը, ձեռքը դրած ծնոտին, քնած է: Օկտայը կանգնած է տաղավարի կենտրոնում: Արամը նստած է սեղանի մոտ ու ծխում է:
ՕԿՏԱՅ – Եվ ի՞նչ եղավ այդ ընտանիքների ճակատագիրը:
ԱՐԱՄ – Պոլսո ոստիկանապետը խոստացավ օգնել նրանց, բայց հենց նույն օրը նրանց ձերբակալեցին և աքսորեցին… Նրանք անգամ չհասցրեցին հողին հանձնել իրենց մոր մարմինը: Դա արեց խորհրդարանի պատգամավոր Հաքան բեյը՝ գիշերով Եվփիմեին հուղարկավորելով իր պարտեզում, մի մեծ ծառի տակ: Աստղիկը խելագարվեց աքսորի ճանապարհին ու մահացավ: Մադլենը հասավ Դեր Զոր՝ կորցրած ամուսնուն, Թագվոր էֆենդուն, որոնց ճանապարհին գնդակահարեցին: Մադլենը մի շաբաթ ապրեց Դեր Զորում, ապա մահացավ սովից…
ՕԿՏԱՅ – Գոնե Երանուհին ու Համբարձումը փրկվեցի՞ն:
ԱՐԱՄ – Այո´, փրկվեցին: Նրանք բարեհաջող Լոնդոն հասան, որտեղից մեկնեցին Փարիզ: Երանուհին ավարտեց համալսարանն ու աշխատեց Մարսելի հիվանդանոցներից մեկում: Համբարձումը փաստաբան էր, մասնակցեց Երկրորդ աշխարհամարտին, զոհվեց Փարիզի մատույցներում: Երանուհու և Համբարձումի երկու զավակն էլ հիմա Փարիզում են ապրում և պայքարում են Հայ դատի համար:
ՕԿՏԱՅ – Իսկ տնային ծառայո՞ղը:
ԱՐԱՄ – Նա մնաց Հաքան բեյի կալվածքում: Խուլ ու համր ձևացավ, որպեսզի ոչ ոք չիմանար նրա հայ լինելու մասին… Այս թղթերն ինձ Սրբուհու թոռներն են փոխանցել, խնդրել են գրել այդ մեծ ողբերգության մասին… Ես կարդում եմ, ու լեզուս պապանձվում է, ձեռքերս դողում են… Հազարավոր են այս պատմությունները, հազարավոր ողբերգություններ են պարփակված այս հողում, այս քաղաքում, ձեր պետության պատմության մեջ, Օկտա´յ… Դուք, այո՛, նոր սերնդի ներկայացուցիչներ եք, դուք պատասխանատու չեք այն ամենի համար, ինչ կատարվել է այստեղ: Բայց պարտավոր եք խղճի ու բարոյականության դատի կոչել…
ՕԿՏԱՅ – Այն ամենը, ինչ ես լսեցի, իսկապես սահմռկեցուցիչ է, դաժան է… Երանուհին և Համբարձումը գրեթե իմ հասակակիցներն են եղել… Ես ապրում եմ ազատ կյանքով, սովորում եմ, երեկոները աշխատում, ունեմ ընկերներ, ընկերուհիներ, ունեմ իմ հետաքրքրությունները, ու թվում է, որ այլևս ոչինչ ինձ պետք չէ… Եվ իսկապես ոչինչ պետք չէ, որովհետև Ձեր պատմածն ինձ հուզեց, մտահոգեց, բայց ոչ ավելի… Պատերազմների ժամանակ բազմաթիվ սոսկալի դեպքեր են պատահել, պատերազմների ժամանակ ամբողջական գյուղեր են այրել, մարդկանց են քառատել… Ես ցավում եմ ձեր հայրենակիցների համար, բայց ուզում եմ ապրել այդ ամենից հեռու, չեմ ուզում իմ սերնդի վրա վերցնել պատասխանատվությունը… Նորից եմ ասում. հայկական կոտորածների հրահրողներն ինչ-որ ձևով դատապարտվել են, նրանցից ոմանց էլ ձեր հայրենակիցներն են սպանել՝ այսպես վրեժխնդիր լինելով: Պատմության այդ էջը փակված է:
ԱՐԱՄ – Պատմության էջը փակված չէ, Օկտա´յ… Քանի դեռ ապրում են հիշողությունները, պատմությունը կա ու շնչում է: Երբ կմեռնեն հիշողություններն, այնժամ պատմության էջերը կփակվեն: Այո´, Թալեաթը, Էնվերը, Ջեմալը գնդակահարված են, պատիժներ են կրել ուրիշներն էլ, բայց մի ողջ ժողովրդի դեռ ոչ ոք պատասխան չի տվել, դեռ ոչ ոք ներողություն չի խնդրել կատարվածի համար:
ՕԿՏԱՅ – Պատմելով կատարվածի մասին, ամեն տեղ բարձրաձայնելով, ներողություն պահանջելով՝ արդյո՞ք դուք կնպաստեք հարաբերությունների ձևավորմանը, արդյո՞ք կկարողանաք գնալ հաշտեցումների: Իսկ ժամանակակից աշխարհը չի կարող ապրել առանց հաշտեցման… Մենք երկու պետություն ենք՝ կողք կողքի, հարևաններ: Բայց այս հարևաններն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Սա՞ եք ուզում, որպեսզի մշտապես ապրենք թշնամանքի ու ատելության մեջ:
ԱՐԱՄ – Մենք թշնամանք չենք սերմանել երբեք, մենք ատելության մեջ չենք ուզում ապրել… Մենք բարեկամության ձեռք ենք պարզում՝ միաժամանակ տանելով բարոյական մի ըմբռնումի. ամեն մի հանցագործություն պիտի դատապարտվի, հատուցումը չպետք է ուշանա: Մենք ժամանակակից Թուրքիայից պահանջում ենք շատ սովորական մի բան՝ դառնալ քաղաքակիրթ երկիր, ընդունել Օսմանյան կայսրության թույլ տված ահավոր սխալներն ու առաջ գնալ: Նայել պատմությանը, նայել երեկին, ապաշխարել ու առաջ գնալ: Դեռևս 1919 թվականին թուրք կառավարող շրջանները որոշում կայացրեցին պատժել երկրում այդքան մեծ չափերի հասնող հանցագործություններ կատարած և կազմակերպած անձանց: Ռազմական դատարանը 1919 թվականի հուլիսի հինգի որոշմամբ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթին, Էնվերին և Ջեմալին, դոկտոր Նազըմին հեռակա կարգով մահվան դատապարտեց, մի շարք վիլայեթների դատական ատյաններ երկրին տնտեսական քայքայում պատճառելու, կայսրության տարածքներում զանգվածային ջարդեր կազմակերպելու և հակամարդկային այլ գործողությունների համար դատապարտեցին բազմաթիվ պաշտոնյաների, իշխող վերնախավի ներկայացուցիչների: Ինչպես տեսնում եք, թուրքերն իրենք են առաջինը ընդունել և դատապարտել զանգվածային կոտորածները՝ Ցեղասպանությունը: Սակայն այս ամենը շուտ մոռացության տրվեց, հանցագործներն ազգային հերոսներ հռչակվեցին: Թուրքիայում արձաններ են կանգնեցվել նրանց հիշատակի հավերժացման համար, աշխատություններ են գրվել, որոնցում խեղաթյուրվել են պատմական ճշմարտությունները… Մենք շատ բան չենք պահանջում, ընդամենն այն, որ այսօրվա կառավարող շրջանները քաջություն ունենան և դատապարտեն իրենց նախնիների եղեռնագործությունները… Դուք ասացիք, որ հայ ընկերներ ունեք, որ հիմա Ստամբուլում հայերն ապրում են խաղաղ ու հանգիստ… Հարաբերականորե´ն խաղաղ ու հանգիստ… Բայց ցավի հիշողությունը կա… Դատապարտումն ու ճանաչումը ցավի հիշողությունը կմեղմի…
ՕԿՏԱՅ – Ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ Ձեզ… Ես չգիտեի, որ առաջինը մենք ենք դատապարտել երիտթուրքերի առաջնորդներին: Մեր պատմագրությունն այդ փաստին չի անդրադառնում, չի հրապարակում… Ես մեկն էի նրանցից, ովքեր հրապարակ դուրս եկան և պաշտպանեցին Հրանտ Դինքի արդար դատը: Բայց, անկեղծ ասած, Հրանտ Դինքին էլ շատ չէի հասկանում: Նա միշտ ինձ համար ռոմանտիկ էր, միշտ բացառիկ մի մարդ էր, բայց ես այնքան էլ չէի հասկանում նրա պայքարի իմաստը: Մի կողմից երազում էր ժողովրդավարական Թուրքիայի մասին՝ այսպես դառնալով Թուրքիայի հարազատ զավակը, մյուս կողմից առաջ էր քաշում Ցեղասպանության խնդիրը…
ԱՐԱՄ – Հրանտ Դինքն իր երկրի լավագույն քաղաքացին էր: Եվ ժամանակն է, որ շատերը հասկանան նրան… Հասկանան բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիային հնարավորություն են տալիս ազատվելու պատմական մեղքերից, վատ հիշողություններից… Գերմանիան քաջություն ունեցավ ներողություն խնդրելու հրեաներից…
ՕԿՏԱՅ – Հրեաները հողային պահանջներ չունեին Գերմանիայից…
ԱՐԱՄ – Ահա այն, ինչից վախենում են Թուրքիայի կառավարող շրջանները… Կան միջազգային պայմանագրեր, կա Սևրի դաշնագիրը… Կան, իհարկե, նաև խայտառակ համաձայնագրեր… Եկել է պատմությունը սթափորեն գնահատելու ժամանակը, եկել է պատմական անարդարություններին վերջ տալու ժամանակը:
ՕԿՏԱՅ – (մոտենում է Արամին, ամուր հպվում նրան): Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ տեղի ունեցավ այս զրույցը… Շնորհակալ եմ, որ պատմեցիք այդ դժբախտ ընտանիքի մասին… Ինձ համար ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան արժևորվեց…
Կտրուկ քայլերով ներս է մտնում Ծերունին՝ ձեռքին հնամաշ մի գիրք: Նա չի տեսել Արամին, մոտենում է Մատուցողին, հրում նրա թևից: Մատուցողը արթնանում է:
ԾԵՐՈՒՆԻ – Ու՞ր է այն հայ մարդը: Ու՞ր գնաց նա:
ՄԱՏՈՒՑՈՂ – (ցույց է տալիս Արամին): Ոչ մի տեղ էլ չի գնացել: Ահա´:
ԾԵՐՈՒՆԻ – (մոտենում է Արամին): Լավ է, որ չեք գնացել: Ես գիշերները չեմ քնում… Պառկում եմ ու հիշում եմ խեղճ ծերունի Լիրին, որն ինձ նման մեկն էր… Դուք Լիրին ճանաչո՞ւմ եք: Կարծում եմ՝ կճանաչեք, որովհետև ձեր երկրում էլ է երկրաշարժ եղել, ինձ նմանները ձեր երկրում էլ են եղել… Ես Լիրի հետ հասա աշխարհի ծայրը, փնտրեցի բոլոր անօրեններին, բոլոր ուրացողներին, բայց նրանք ամուր փակեցին դռներն իմ առջև… Ես Ձեզ հրաժեշտ տվեցի և գնացի իմ կացարանը, որն այգու մեջ է՝ մի մեծ ծառի տակ… Մի հին վերմակ, ներքնակ է, որն արդեն մաշվել ու քրքրվել է… Ես այդ ներքնակի տակ ինչ-որ բաներ եմ պահում, որոնք ինձ հետ իմ քաղաքից եմ բերել… Ես Ձեզ ասացի, որ մեր թատրոնի տանիքից գրքեր թափվեցին… Քարերի նման, ծանր գրքեր, որոնցից շատերի թերթիկները խաղում էին քամու թևերին… Դուք տեսե՞լ եք, թե քամին ինչպես է օրորում պատշգամբներից կախված լվացքը… Այդ գրքերի թերթիկները նման էին լվացքի… Պարզվեց, որ ես այդ գրքերից մեկը խցկել եմ իմ ներքնակի մեջ… Ուզում եմ ձեզ ցույց տալ այդ գիրքը… (Գիրքը հանձնում է Արամին, Արամն ուշադիր զննում է, սկսում զգուշությամբ թերթել էջերը:) Դե ինչ, լա՞վ գիրք է… Մատուցո´ղ, կարելի՞ է՝ մի լավ երաժշտություն միացնես:
ՄԱՏՈՒՑՈՂ – Մեկ լիրա պետք է նետես արկղի մեջ, դու ինձանից լավ գիտես:
ԾԵՐՈՒՆԻ – Գիտեմ, գիտեմ… Բայց չէ, էլ չեմ ուզում երաժշտություն լսել, ուզում եմ գնալ ու քնել:
ՄԱՏՈՒՑՈՂ – Գնա´ ու քնիր:
ԾԵՐՈՒՆԻ – Սպասի´ր: (Մոտենում է Արամին): Ոչինչ չասացիք, հա´յ մարդ:
ԱՐԱՄ – Սա ուղղակի հայտնություն է: Աշխարհի չափ շնորհակալ եմ ձեզ:
ԾԵՐՈՒՆԻ – Իսկ ի՞նչ գիրք է:
ԱՐԱՄ – Աստվածաշունչ է, շատ հին…
ԾԵՐՈՒՆԻ – Հասկացա… Լավ գիրք եմ փրկել ու բերել… Ես քրիստոնյա չեմ, բայց հարգում եմ բոլոր կրոնները… Ուրեմն, այս գիրքը ձեզ նվեր, Հայաստա´ն տարեք, ցո´ւյց տվեք մարդկանց, որ մի մակեդոնացի, որը թուրք է, պահել ու պահպանել է այս գիրքը… Պահպանել է, որպեսզի չկորցնի…
ԱՐԱՄ – (գրկում է Ծերունուն): Դուք անգին գանձ ինձ տվեցիք, ինչպե՞ս երախտահատույց լինեմ ձեզ:
ԾԵՐՈՒՆԻ – Դուք արդեն ինձ երախտահատույց եղաք, պարտադրեցիք հիշել, որ ես մակեդոնացի եմ, որ ես պատմություն ունեմ… Դա արդեն շատ մեծ բան է…
ԱՐԱՄ – (Մատուցողին): Երեք գավաթ գարեջուր կբերե՞ք:
ԾԵՐՈՒՆԻ – Ի՞նձ էլ եք հյուրասիրում:
ԱՐԱՄ – Իհարկե, ձեզ և Օկտային:
ՄԱՏՈՒՑՈՂ – Հիմա կբերեմ: (Գնում է):
ՕԿՏԱՅ – Ես էլ ուզում եմ Ձեզ իմ տուն հրավիրել, կնստենք, կզրուցենք: Ես ուզում եմ շատ բան իմանալ, ուզում եմ սրբագրել իմ գիտելիքները:
ԱՐԱՄ – Ես անպայման կգամ, բայց ոչ այսօր: Խմենք գարեջուրն, ու ես գնամ: Բարեկամս կանհանգստանա… Երբ տանից դուրս էի գալիս, խոստացա, որ շատ շուտ կվերադառնամ… Բայց եկա ու մնացի…
ՕԿՏԱՅ – Լավ է, որ մնացիք:
Մատուցողը գարեջուր է բերում: Երեքով նստում են սեղանի շուրջ: Ծերունին վերցնում է գարեջրի գավաթը, մոտեցնում շուրթերին:
ԾԵՐՈՒՆԻ – Ինչ լավ է բուրում…
ԱՐԱՄ – Ես Ստամբուլում սովորեցի գարեջուր խմել:
ՕԿՏԱՅ – Ես էլ սովորեցի պատմությանը նայել շիտակ հայացքով:
ԾԵՐՈՒՆԻ – Երբ հաջորդ անգամ Ստամբուլ այցելեք, դարձյալ եկե´ք այս սրճարանը, գուցե դեռ ողջ մնացած լինեմ:
ԱՐԱՄ – Իհարկե, կգամ, անպայման կգամ: Չեմ մոռանա այս սրճարանը: Իսկ ինչպե՞ս է այն կոչվում:
ՕԿՏԱՅ – Կոչեք սրճարան «Հիշողություն»… Չնայած ուրիշ անուն ունի… Բայց մենք հենց այդպես էլ կոչենք՝ սրճարան «Հիշողություն»: Ու թող այդպես մնա մեր պատկերացումներում…
Օկտայը մոտենում է նվագարկիչին, սեղմում կոճակը: Տաղավարով մեկ տարածվում է «Լորիկը»…
Լևոն Մութաֆյան