Շտուտգարտում հայկական մշակույթի օրերը՝ գրաքննության զո՞հ

Օգոստոսի 5-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքը և Շտուտգարտ քաղաքի հայկական մշակութային միությունը՝ ի դեմս Գերմանիայի հայ միությունների կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի,Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ դոկտոր Տիրատուր քահանա Սարդարյանի եւ Շտուտգարտի  հայկական մշակութային միության ատենապետ Ավետիս Փիլավջյանի, հրապարակել են իրենց դիրքորոշումը՝ հակադարձելով դրանից 2 օր առաջ  Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սուլեյմանովի՝ Իզի Թիքեթ սերվիս (Easy TicketService in.Stuttgart Veranstaltungsgesellschaft mbH Neckarwiesenstr. 5 70188 Stuttgart) ընկերությանն ուղղված պահանջ – հայտարարությանը:

Սուլեյմանովը իր հայտարարությամբ փորձել էր պարտադրել, որ ընկերությունը կատարի իրենց պահանջները և անվանափոխի սեպտեմբերին նախատեսված «Հայ մշակույթի օրերը Շտուտգարտում» (www.armenische-kulturtage-stuttgart.de )  ծրագրում ընդգրկված՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառման անվանումը, ինչպես նաև չհիշատակի Գերմանիայում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  մշտական ներկայացուցչի տիտղոսը:

Հրապարակման մեջ մասնավորապես նշված է.

«Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքը և Շտուտգարտ քաղաքի հայկական մշակութային միությունը մերժում են այդ անմտությունը՝ հիմնվելով Սահմանդրության հիմնական դրույթների վրա:
Սակայն  Իզի Թիքեթ սերվիս (Easy TicketService)  ընկերությունը, տեղի տալով Բաքվի և Բեռլինի ճնշումներին, «խնդրում  է»  այլ ձևակերպում՝ պատճառ բերելով իրենց անտեղյակությունը հարավկովկասյան այդ քաղաքական  կոնֆլիկտից:

Այնուհետև, առանց միջոցառման կազմակերպիչների համաձայնության, Իզի Թիքեթ սերվիս (Easy TicketService)  ընկերությունը  անվանափոխում է միջոցառման  անունը՝ անճանաչելի դարձնելով ամբողջ բովանդակությունը:
Գերմանիայի հայ միությունների կենտրոնական խորհուրդը, Շտուտգարտ քաղաքի  հայերը ադրբեջանական դեսպանության այս փորձը գնահատում են որպես ճնշման քարոզ  գերմանական տարածքում ազատ ձեռներեց ընկերության վրա, ինչպես նաև հարձակում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեմոկրատական կառուցվածքի վրա:

Նկատվում է նաև, թե ինչքան խոցելի է Գերմանիան դեմոկրատիայից հեռու պետությունների համար:
Ոչ մոտ անցյալում Շտուտգարտի Հոհենհայմի համալսարանը հրաժարվեց լսարան տրամադրել «Օսմանյան կայսրությունում  իրականացված Հայոց ցեղասպանության մասին բանախոսություն»  թեմայով միջոցառման կազմակերպիչներին՝ ցանկանալով այդ հարցում մնալ «չեզոք»:

Սույն հայտարարությունը արտահայտում է Գերմանիայի հայ միությունների կենտրոնական խորհրդի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի և Շտուտգարտ քաղաքի հայ մշակութային միության աննկուն դիրքորոշումը»:

Օրեր անց Իզի Թիքեթ սերվիս (Easy TicketService)  ընկերությունը , որն զբաղվում է  «Հայ մշակույթի օրերը Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում տոմսերի վաճառքով, տեղի տալով Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, Շտուտգարտ քաղաքի հայ մշակութային միության և Գերմանիայի հայ միությունների կենտրոնական խորհրդի բողոքներին, վերկանգնեց  19.09.11 -ին Շտուտգարտում նախատեսված  «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 20 -ամյա հոբելյանին» նվիրված միջոցառման անվանումը:
Այս դեպքերի հետ կապված իրենց դիրքորոշումն են արտահայտել նաեւ ազգությամբ գերմանացիներ: Ստորեւ ներկայացնում ենք նրանցից մեկի՝ բրեմենցի Յոխեն Մանգելսենի մտորումները.

«Բադեն- Վյուրթեմբերգի մայրաքաղաք Շտուտգարտում տեղի են ունենում տարօրինակ երևույթներ: Սկզբում Շտուտգարտի Հոհենհայմ համալսարանը փակում է իր դռները Հոլոքոստի զոհերին նվիրված միջոցառման առջև, այնուհետև տոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունը ինքնագլուխ անվանափոխում է բովանդակային և անվանական ինֆորմացիան «Հայ մշակույթի օրեր» ծրագրում. երկուսն էլ՝ դեմոկրատիայից հեռու երկրների սադրանքով. սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ Ադրբեջանի…

Համալսարանն ուզում է չեզոք մնալ Ցեղասպանության հարցերում, իսկ տոմսերն իրացնող ընկերությունը մտածում է իր ապագա բիզնեսի մասին: Ինչքա՜ն «հաստատուն»  է ահավասիկ մեր դեմոկրատիան, երբ շատ թույլ ճնշմումն էլ բավական է՝  ճկվելով նահանջելու և ոչ բարոյական առաջարկներ ընդունելու համար:

Ես հրավիրված եմ մասնակցելու  «Հայ մշակույթի օրերը Շտուտգարտում» ծրագրին, որտեղ պետք է իմ գիրքը ներկայացնեմ: Այդ օրագիր-գիրքը ԼՂՀ կատարած իմ ճամփորդության պատմությունն է:  Եվ հիմա ես կանգնած եմ ադրբեջանական գրաքննչական պաշտոնյաների հայեցողության ներքո: Ի՞նչ է, ապագայում պետք է ես իմ լեզուն և իմ համակարգի՞չն էլ կողպեմ:

Եթե Բաքուն ի վիճակի է ռմբակոծել Շտուտգարտում նախատեսված միջոցառումը, և երբ տոմսեր իրացնող ընկերությունը կարող է Բաքվի պարտադրմամբ ջնջել ԼՂՀ բանախոսի տիտղոսն ու պաշտոնը, ապա մենք բոլորս երևի պետք է փողոց դուրս գանք՝ պաշտպանելու մեր սեփական երկրում դեմոկրատիան և բարոյականությունը եւ քվեարկենք հայ մշակույթի վերածնունդը տոնելու օգտին»:

Scroll Up