Սարկոզիի այցի շարունակվող արձագանքները
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ հարավկովկասյան երկրներ կատարած այցից հետո արդեն որոշակի ժամանակ է անցել, սակայն թե՛ արևմտյան, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել այցերը, տալ գնահատականներ, վերլուծել Ֆրանսիայի նախագահի արտահայտած որոշ մտքեր: Նման ուշադրությունը պատահական չէ, քանզի տարածաշրջանային այց էր կատարել Եվրոպայի խոշորագույն երկրի ղեկավարը, այն երկրի, որն այսօր ութնյակի անդամ լինելով` ինքն է թելադրում եվրոպական քաղաքականության հիմնադրույթները, ձևավորում է տրամադրություններ, պատնեշում մի շարք որոշումներ, որոնք կարող են էական վտանգ ներկայացնել Եվրոպայի համար:
Սարկոզիի այցի հանդեպ ադրբեջանցիների համակ ուշադրությունն ունի իր պատճառաբանությունները: Անտարակույս, այս խորապատկերին չպետք է անուշադրության մատնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան և այստեղ արտասանած նրա խոսքը, որը ուղղակի բաց տեքստով Թուրքիային և Ադրբեջանին հղված հորդոր էր, նաև` պահանջ: Համանախագահող երկրներից մեկի նախագահի այցը Հայաստան, նրա հստակ արտահայտված դիրքորոշումը, ապա կարճատև հանդիպումը Բաքվում վկայությունն են այն բանի, որ ի դեմս Ֆրանսիայի, որը վերջին շրջանում պասիվ դիրք էր գրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այսօր արդեն ԼՂՀ-ն ունի բարեկամ մի երկիր, որը երբեք չի գնա այնպիսի հանգուցալուծման, ինչը կլինի ի վնաս Արցախի: Որքան էլ որ Սարկոզիի ելույթներում կարծես բացակայում էր ղարաբաղյան խնդրի համակողմանի քննարկումը, այնուամենայնիվ, ադրբեջանցիներն իսկական ցայտնոտի մեջ են: Նրանք Սարկոզիի` իրենց երկիր այցը որակել են իբրև Ֆրանսիայի նախագահի կողմից ցուցադրաբար նվաստացում Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բաքվում մնացել է ընդամենը 2.5 ժամ, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջան կատարած պաշտոնական այցերից ամենակարճաժամկետն է: Սարկոզին այդ ժամանակահատվածում առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, նրա կնոջը` Մեհրիբան Ալիևային է հանձնել «Պատվո լեգեոն» շքանշան: Այնուհետև ճաշել է Ալիեւի հետ, մասնակցել ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը և հեռացել երկրից:
«Եվ դա այն դեպքում, երբ Սարկոզին գրեթե մեկ օր է անցկացրել Երևանում, այցելել է Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ հնչեղ հայտարարություն արել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Սարկոզին Հայաստանում սպառնացել է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ Բաքվում նույնիսկ ժամանակ չի գտել այցելելու Շեհիդների (նահատակ) ծառուղի և ճեպազրույց տալու: Այստեղ, իհարկե, ադրբեջանցիները միտումնաբար խեղաթյուրում են փաստերը, ընդունում վիրավորվածի կեցվածք` չկամենալով սեփական ժողովրդին առաջին հերթին ասել ճշմարտությունն այն մասին, որ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան սովորական այց չէր, այն պետական այց էր, մինչդեռ Բաքու և Թբիլիսի կատարած այցերը որակվում էին որպես աշխատանքային այցեր:
Ադրբեջանցիներին հատկապես վրդովվեցրել է փաստը, որ Երևանում Ֆրանսիայի նախագահը խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև այն մեծ սիրո մասին, որը ֆրանսիացիները տածում են Հայաստանի նկատմամբ։ «Մի խոսքով, նմանատիպ պահվածքով Սարկոզին ցուցադրաբար նվաստացրեց Ադրբեջանին»,- եզրահանգում է ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանական մամուլի հայտարարությունները և գնահատականները հանդիսանում են պաշտոնական Բաքվի գնահատականներ, քանի որ այս երկրում մամուլն ազատ չէ և չի կարող սեփական գնահատականներն ու դատողությունները ներկայացնել` չունենալով իշխանությունների պատվերն ու համաձայնությունը: Ադրբեջանական իշխանություններն, իհարկե, միամիտ չեն և գիտեն, որ աշխատանքային այցի շրջանակներում Սարկոզին չէր կարող ավելին անել կամ խախտել արարողակարգային սկզբունքները, սակայն միտումնաբար խեղաթյուրելով ճշմարտությունը` նրանք մի խնդիր են լուծում. անվստահություն սերմանել Ֆրանսիայի հանդեպ, կասկածի տակ դնել նրա սկզբունքայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների առթիվ: Բաքվում շատ լավ էլ գիտակցում են, որ Ֆրանսիայի կեցվածքն ու դիրքորոշումը դեռևս չեն կարող վճռորոշ լինել, որովհետև թե՛ պաշտոնական Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան հենց այն օղակներն են, որոնց համար գոյություն չունեն իրավական սկզբունքներ, կոնվենցիաներ. նրանք առաջնորդվում են սեփական շահերով, սեփական խնդիրների գերակայություններով:
Այսօր արդեն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մոտ օրերս ժամանում է Բաքու` իր հետ բերելով նոր առաջարկություներ: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկությունները վեցն են: Հայկական կողմը հավաստիացնում է, որ նոր առաջարկությունների փաստը խոսում է այն մասին, որ նախկին բոլոր առաջարկությունները, որոնք արել էր Ադրբեջանը, այլևս գոյություն չունեն, իսկ նոր առաջարկությունները չեն կարող շրջադարձային լինել, քանի որ ցանկացած առաջարկություն պետք է համաձայնեցվի Հայաստանի հետ: Բայց միայն համաձայնեցման խնդիրը չէ: Բազմաթիվ անգամներ հայկական կողմը հայտարարել է, որ իր համար գոյություն չունեն այնպիսի սկզբունքներ, որոնք վեր լինեն ազգերի ինքնորոշման սկզբունքից: Հետևաբար, ցանկացած առաջարկություն իր մեջ պետք է պարունակի այս դրույթը: Դրույթն, իհարկե, շատերը չեն մերժում, չեն հանում օրակարգից, սակայն դրույթի ընդունման հետ մեկտեղ չի բացառվում, որ հայկական կողմին առաջարկեն այնպիսի փոխզիջումներ, որոնք վտանգավոր լինեն մեր պետության անվտանգության և հենց Լեռնային Ղարաբաղի համար: Նկատենք, որ Կրեմլում հաճախ շրջանառվել են հենց փոխզիջումների այնպիսի տարբերակներ, որոնք ամրապնդեն Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում` ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի: Ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է լինի չափազանց զգույշ և շրջահայաց: Օրերս ոչ պատահաբար Բաքվից հայտարարություններ հնչեցին այն մասին, թե իբր Հայաստանի բանակը 34 տոկոսով գերազանցում է ադրբեջանական բանակին, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանը խախտել է բանակի և սպառազինությունների մասին միջազգային պարտավորությունները: Ոչ մի հայտարարություն պատահական չի արվում, Բաքուն էլ իր որոշ հայտարարություններ անպայմանորեն համաձայնեցնում է իր մի շարք ռազմավարական գործընկերների հետ, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է: Այս հայտարարությունը կարող է պարունակել մի այնպիսի ենթատեքստ, որի մասին վերջերս բացահայտ խոսակցություններ եղել են: Խնդիրը վերաբերում է տարածաշրջանում այսպես կոչված խաղաղարար ուժերի տեղակայմանը, ինչին հավակնում է Ռուսաստանը: Ռուսական ուժերի տեղակայման դեպքում չի բացառվում, որ Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ երկիր, նույնպես ցանկություն հայտնի մասնակցել խաղաղարար գործողություներին, ինչն էլ կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում, ոտքի կհանի Իրանին, որը երբեք թույլ չի տա, որ իր սահմանի մոտ հայտնվեն թուրքական զորքեր: Մինչդեռ Թուրքիայի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի համար հենց այս տարբերակն է ձեռնտու, որպեսզի վերահսկողություն սահմանի այստեղ:
Հայաստանում ևս քաղաքագիտական շրջանակները Ֆրանսիայի նախագահի այցից առանձնակի ոգևորություն չեն ապրում հատկապես ԼՂ կարգավորման առումով: Հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ չնայած ակնհայտ էր, որ «Ադրբեջանում Սարկոզիի վերաբերմունքը ֆորմալ էր, ասիմետրիկ, սակայն դրանից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Ֆրանսիացիները ԼՂ խնդրի լուծման առումով մեծ ջանքեր չեն գործադրի, եւ չարժե նորությունների սպասել։ ԼՂ բանակցային գործընթացի անցած փորձը ցույց է տալիս, որ արագ լուծում չի լինելու՝ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ Լուսնից էլ մարդիկ իջնեն։ Խնդիրը մոտ ժամանակներս չի լուծվի, որովհետև խնդրի լուծումը շատ բարդ է, իսկ կողմերի դիրքորոշումները՝ խիստ տարբեր»:
Երևանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հակամարտությանը լուծում տալու հետևյալ կոչով էր հանդես եկել. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած և վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը և գտնել հաշտեցման ուղին: Հայաստանն իրավունք ունի այլևս չապրել մեկուսացած պայմաններում, որովհետև այս պարտադրված կղզիացումն անասելիորեն արգելակում է նրա բարգավաճումը և երիտասարդության ապագան»:
Սարկոզին հատկապես ուշադրություն հրավիրեց ոչ վաղ շրջանի պատմությանը, եվրոպական իրողություններին և առաջ քաշեց այն միտքը, որ Ֆրանսիայի և Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել. «Սա հենց այն ուղին է, որ դուք` հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեզ համար նույնպես եկել է հանուն խաղաղության ռիսկի գնալու պահը: Գիտեմ, հայ ժողովուրդը բավական կամք, իսկ Հայաստանի նախագահն էլ` բավարար ուժ ունի, որ գնա նման քայլի: Այս ուղերձն է, որ հետս տանելու եմ Բաքու»:
ANS-ի տեղեկացմամբ, Բաքվում Սարկոզին մամուլի համար որեւէ հայտարարություն չի արել: «Հակառակ այն բանին, որ Նիկոլա Սարկոզիից առաջ խոսեց Իլհամ Ալիեւը, որի ելույթի մեծ մասը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որքան էլ տարօրինակ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի նախագահն իր ելույթներում բառ անգամ չասաց ԼՂ հիմնախնդրի մասին»,- նշում է ANS-ը։ Մինչդեռ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի` մամուլում հնչեցրած կարծիքով, Ֆրանսիան մեծ խաղացող է աշխարհաքաղաքական հարթությունում, և նման հայտարարություններն արդեն հայկական արտաքին քաղաքականության հաջողություն կարելի է համարել: «Դա ճեղք է դեպի Արևմուտք»,- նշել է դեսպանը: Արման Նավասարդյանը նաև այն հարցի պատասխանն է տվել, որը հետաքրքրում և անհանգստացնում է հատկապես ադրբեջանական հանրությանը. այդ հարցը վերաբերում է հակամարտող երկրներում արված հայտարարությունների տարբերությանը. «Սիմետրիկ չէր էլ կարող լինել, որովհետև ֆրանսիացիների մեջ նստած է հայկականության սինդրոմը: Ֆրանսիացին չի կարող ադրբեջանցու հետ վարվել այնպես, ինչպես հայի հետ, դա զուտ մարդկային ֆակտորն էր խոսում: Ուրիշ բան, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք չի կարող շրջանցել»:
Լևոն Մութաֆյան