Սերգեյ Փարաջանովը 90 տարեկան կդառնար

Հունվարի 9-ին 20-րդ դարի համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկը՝ Սերգեյ Փարաջանովը, կդառնար 90 տարեկան… Բայց արդեն երկար ժամանակ մեր կինոյի իսկական մաեստրոն ապրում է մեր հիշողություններում՝ օրավուր պարտադրելով մեզ խորանալ իր ստեղծագործության մեջ, նորովի գնահատել ու նորովի մեկնաբանել այն ամենը, ինչն ինքը ստեղծել է: Գուցե, քանակական առումով, Փարաջանովի ստեղծածը համահունչ չէ հենց իր ժամանակակիցներից շատերի ստեղծածին, մանավանդ որ շատ հաճախ է նա ստիպված եղել իր լավագույն տարիներն ապրել ճաղերի հետևում, զրկվել ստեղծագործելու հնարավորությունից, սակայն մեծ այլախոհը կարողացել է իր սակավաթիվ ֆիլմերով հասնել գեղարվեստականի ու գեղագիտականի իր ընկալումների հաստատմանը և կինեմատոգրաֆ բերել միանգամայն նոր մտածողություն, ժխտել դիպաշարային կինոյի ավանդույթներն ու հաստատել այլաբանության և բանաստեղծական խորհրդանիշի կինոյի տարատեսակը՝ միավորելով-մեկտեղելով արևելյանն ու արևմտյանը, գեղանկարչական կառուցվածքն ու բանաստեղծական ենթատեքստը…
Աշխարհը թատրոն է՝ գունագեղ-հետաքրքիր, իր խաղային պայմանականություններով, իր ուշագրավ «դեկորացիաներով» , որոնք անընդհատ շարժվում են, փոփոխվում, որոնք իրենց փոփոխումներով ծնում են մտքի ու հույզի շարժումը… Ահա Փարաջանովի գեղարվեստական ընկալման հենակետը, ինչին նա հավատարիմ մնաց իր ողջ ստեղծագործական կյանքում՝ Էլ Գրեկոյի նման գնալով իրավիճակի տրոհմանն ու ամեն ինչում բանաստեղծական այլաբանության հաստատմանը: Կյանքը, որը դառնում էր Փարաջանովի համար ստեղծագործության ինքնատիպ նյութ ու ներշնչանք, գունային-առարկայական մի կառուցվածք էր, յուրատեսակ կոլաժ, որում ամեն ինչ շարժվում-իմաստավորվում էր գույնի ու հույզի «տրամաբանությամբ»:
Ուրեմն, Փարաջանով արտերևույթը բացատրվում է առաջին հերթին այս առանձնատիպությամբ, որը կինոյում եղավ չգերազանցված ու եզակի: Կինոն շարժումն է արձանագրում, շարժման ընթացքն է ցույց տալիս: Փարաջանովը կատարյալ հեղափոխություն բերեց կինո՝ առաջնային դարձնելով մտքի, հույզի գունային դրսևորումների շարժումը, ասել է թե՝ կինոն դիտարկելով ոչ սովորական գործողությունների, պատմվող դիպաշարի արտացոլման վայր: Թատրոնն ու կինոն կոչված են ներկայացնելու մարդկային կյանքն իր տարբեր դրսևորումներով, իսկ ահա Փարաջանովը մղվեց դեպի Ոգու կյանքի պատկերումը՝ կինոն դարձնելով բնազանցականի ու իրականի մեկտեղումը, աբստրահարվածի ու կոնկրետի ներհյուսումը: Խաղարկային արվեստում (իսկ կինոն այդ արվեստի լավագույն օրինակն է), դժվար է պատկերել Ոգու կյանքը, դժվար է ներկայացնել «անգործողություն» շարժումը: Փարաջանովը հենց այս խնդրին սևեռվեց ու հասավ մեծագույն ձեռքբերումների՝ ստեղծելով փիլիսոփայական կինոն, որն իր ակունքները կապակցում է միջնադարյան միստերիաներին, ժողովրդածիսական խաղերին, մտքի ու պատկերի «վարիացիաներին»…
Մեծ կինոբեմադրիչի աշխատանքները դժվարությամբ էին հասկացվում և դժվարությամբ ընդունվում: «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որն ամբողջապես հենվում էր բանահյուսական հենքի վրա, սիրո ողբերգությունն էր՝ դիտված այլասացության ու բանաստեղծական ընկալման դիրքերից: Ֆիլմում որևէ տեքստ չի հնչում, սակայն տպավորությունն այնպիսին է, թե հնչում է չափածո պոեմ՝ զարմանալի-հետաքրքիր պատկերների հարահոսով, զգացմունքների անզուսպ պոռթկմամբ: Ժամանակի հանդիսատեսը խանդավառ չեղավ նաև «Նռան գույնի» դեպքում, մի ֆիլմի, որը յուրովի բացահայտեց Սայաթ-Նովային, նրա միջոցով՝ ողջ միջնադարյան բանաստեղծությունը՝ անթաքույց դարձնելով «պատկերի պոեզիայի» ներթափանցումները կինեմատոգրաֆիական կտավ…
Սերգեյ Փարաջանովի մահից հետո միայն սկիզբ առավ նրա ստեղծագործության ճշմարիտ գնահատման ու ընկալման ժամանակաշրջանը: Միայն հիմա հնարավոր դարձավ հետազոտել այն ամենը, ինչը բերեց ու հաստատեց կինոյում Փարաջանովը…
Լևոն Մութաֆյան