Քայլ դեպի տուն. Հայաստանը ո´չ միայն սիրելու երկիր է, այլև՝ ապրելու
Հայաստանյան ամառ, հայկական գույներ ու տրամադրություն: Աշխարհի տարբեր երկրներում ապրող շուրջ 400 պատանի ու երիտասարդ Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում, շատերն առաջին անգամ, իրենց քայլը կատարեցին դեպի Հայաստան: Քայլ, որը բեկումնային եղավ նրանցից յուրաքանչյուրի համար՝ յուրովի: Մեկը վերգտավ իր հայրենիքը, մեկ ուրիշը ձեռք բերեց նոր ընկերներ, մյուսը՝ առաջին անգամ գրեց իր անունը մաշտոցյան տառերով, մեկ ուրիշն էլ առաջին անգամ սիրահարվեց և ամենակարևորը՝ երկու շաբաթ վայելեց իր հայրենիքի օդը, արևը, մարդկանց ջերմությունը, սարերի ու լեռների հպարտ գեղեցկությունը, շփվեց իր նման, պարզապես տարբեր երկրներում ապրող հասակակիցների հետ:
Շահեց ո´չ միայն ծրագրի մասնակիցը, այլև՝ Հայաստան աշխարհը: Հայաստանում երկու շաբաթ շարունակ միախառնվեց արևելահայերեն ու արևմտահայերեն խոսքը, մեկտեղվեցին ռուսահայն ու ամերիկահայը, ֆրանսահայն ու վիրահայը, մեկտեղվեցին՝ միմյանց ճանաչելու, միմյանց գտնելու ու այլևս միմյանց հարազատ մնալու պայմանով. ոչինչ, որ ապրում են աշխարհի տարբեր քաղաքներում ու երկրներում: Հեռավորությունը կկարճի այն սերը, որը նրանք գտան Հայաստանում: Գտան, որ տանեն իրենց բնակության երկրներ:
Այդ սերը՝ Հայրենիքում գտնված սերը երբեք անհետևանք չի մնա, այլ ամեն օր, ամեն ժամ ու ամեն պահ կհիշեցնի, որ Հայաստան անունով հեռու ու մոտ մի երկրում իրենք թողել են հիշողություններ, ժպիտներ, ընկերներ ու արցունքախառը ձայներ: Ձայներ, որոնք անընդհատ կհնչեն նրանց ականջներում. «Խոստանում ես, չէ՞, որ ինձ հիշելու ես», «Անպայման կգրես. լա՞վ», «Չմոռանաս զանգել ինձ», «Ե՞րբ ենք նորից հանդիպելու», «Չեմ ուզում Հայաստանից հեռանալ», «Ես վերադառնալու եմ»…
Եվ իսկապես, մի օր նրանք անպայման կգան այդ հիշողությունների ու ժպիտների հետևից: Կգան ու կգնան, կգան… ու մի քիչ ավելի երկար կմնան, իսկ մի օր էլ՝ կգան ու կմնան ընդմիշտ, որովհետև՝ «Հայաստանը ո´չ միայն սիրելու երկիր է, այլև՝ ապրելու»,- ինչպես հրաժեշտի հանդիպմանը նրանց փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լ.Ա.