Մովսես Արիստակեսյանն իր տանը կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի 3 մասնակցի

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրում առանցքային դերակատարություն ունեն հյուրընկալ ընտանիքները: Վերջիններիս օգնությամբ սփյուռքահայ երիտասարդները ճանաչում են Հայաստանը՝ ներսից: Ծանոթանում են հայկական ավանդական ընտանիքի նիստ ու կացին, սովորույթներին՝ ապրելով ու ընտանիքի անդամների հետ իրենց ամենօրյա հացը կիսելով:

Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ Մովսես Արիստակեսյանն իր տանն է հյուրընկալելու «Քայլ դեպի տուն» ծրագրի միանգամից երեք մասնակցի: Ֆրանսիայում բնակվող 17-ամյա Անժելո Բալյանը, 15-ամյա Թենգիզ Տարտարաշվիլին (Սևյան) և ՌԴ Կրասնոդարի երկրամասում ապրող 17-ամյա Ռոբերտ Յազյանը մոտ երկու շաբաթ Մովսես Արիստակեսյանի հյուրերն են լինելու:

Երիտասարդներից մեկը՝ Թենգիզ Տարտարաշվիլին (Սևյան) Հայաստան է ժամանել երեկ՝ օգոստոսի 7-ին: Նրան օդանավակայանում դիմավորել են Մովսես Արիստակեսյանն ու կինը՝ Անահիտ Սիմոնյանը, և միանգամից իրենց տուն տարել: Ընդամենը մի քանի ժամ հանգստանալուց հետո նրանք Թենգիզի հետ այցելել են Ամբերդ, Բյուրական:

«Տեղեկանալով ծրագրի մասին՝ մենք էլ որոշեցինք մեր քայլն անել ու մեր տանը հյուրընկալել ծրագրի մասնակիցների: Այս կերպ մեր կարելիությունների սահմանում փորձում ենք աջակցել մեր պետությանը, հեղափոխությանը: Միաժամանակ այն լավ հնարավորություն է, որպեսզի դրսում բնակվող մեր երեխաները ծանոթանան ոչ միայն իրենց հայրենիքին, այլև հայկական ընտանիքներին: Նախապես ծանոթանալով «Քայլ դեպի տուն» ծրագրի օրակարգին՝ ինքս էլ ինձ համար եմ յուրատեսակ ծրագիր կազմել: Որոշել եմ մեր տանը հյուրընկալվող երիտասարդներին տանել այն վայրերը, որոնք ներառված չեն ծրագրում: Ցանկանում եմ, որ այս օրերի ընթացքում նրանք ավելի շատ տեսարժան վայրեր այցելեն ու հնարավորինս շատ բան կարողանան տեսնել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մովսես Արիստակեսյանը:

Թենգիզն առաջին անգամ է Հայաստանում, թեև հազիվ մեկ օր է անցել, բայց շատ է տպավորված երկրի գեղեցկությամբ: Նրան դուր են եկել Հայաստանի լեռները, բնությունը, զարմացած է այն ամենով, ինչ տեսնում է: «Օրվա ընթացքում արդեն մի քանի անգամ ասել է, որ Հայաստանն իր հայրենիքն է, որ թեև եղել է աշխարհի 24 երկրում, բայց Հայաստանն իրեն տպավորել է ամենից շատ: Միշտ կապի մեջ ենք Թենգիզի մայրիկի հետ: Նա մի փոքր անհանգստանում է, քանի որ առաջին անգամ է իր որդին միայնակ բնակվում: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ Թենգիզն իրեն ոչ մի րոպե մենակ չզգա»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:

Ամբերդում շրջելուց հետո՝ որոշել են ճաշել «Նոր Ամբերդ» ռեստորանում: «Երբ այնտեղ իմացան, որ Թենգիզը Հայաստան է ժամանել մասնակցելու «Քայլ դեպի տուն» ծրագրին, որ այդ օրերի ընթացքում մեր տանն է բնակվելու, ռեստորանի աշխատակիցներն էլ որոշեցին իրենց փոքրիկ լուման ունենալ ծրագրում և մեզ հյուրասիրեցին իրենց ֆիրմային «Նոր Ամբերդ» ուտեստով»,-պատմեց Մովսես Արիստակեսյանը:

Բյուրականում արդեն աստղադիտարանի աշխատակից Անահիտի և էքսկուրսավար Նարեի օգնությամբ Թենգիզը ծանոթացել է աստղադիտարանին:

Պարոն Արիստակեսյանը պատմեց, որ այսօր երեկոյան Թենգիզին հետաքրքիր անակնկալ է սպասվում. «Կինս՝ Անահիտ Սիմոնյանը, Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի ուսուցչուհի է: Նրա նախկին աշակերտները դպրոցն ավարտելու 25-ամյակի կապակցությամբ հավաքույթ են կազմակերպել և կնոջս հրավիրել: Սակայն նա մերժել էր՝ ասելով, որ իր տանը հյուր ունի և չի կարող նրան մենակ թողնել: Երբ իր նախկին աշակերտներն իմացել են այդ մասին, հրավիրել են Թենգիզին ու ինձ ևս: Այսօր երեկոյան Թենգիզը կտեսնի, թե նախկին դասընկերները տարիներ անց ինչպես են պահպանել իրենց ընկերությունն ու այսօր միասին ոչ միայն հավաքվում են, այլև ուրախանում»:

Ընտանիքը վաղը ծրագրում է Սևանա լիճ այցելել: Մովսես Արիստակեսյանը ցանկանում է, որպեսզի Թենգիզը Սևանում լողանա: Իսկ երեկոյան նրանց կմիանան Անժելոն և Ռոբերտը, ու արդեն միասին կփորձեն հետաքրքիր ու հագեցած ժամանակ անցկացնել: «Մեր նպատակն է, որ երիտասարդները տպավորված վերադառնան, որ մեկ օր քայլ անեն տուն՝ արդեն վերջնականապես: Ճիշտ է, նրանք դեռ երիտասարդ են, շատ նպատակներ ու ծրագրեր ունեն, բայց այս այցելության շնորհիվ նրանք կկապվեն հայրենիքին»,- ասաց Մովսես Արիստակեսյանը, իսկ տիկին Անահիտը հավելեց. «Եթե անգամ մի օր չվերադառնան Հայաստան, ապա իրենց հայրենիքին, արմատներին ծանոթանալը նրանց կօգնի հայի անունը բարձր պահել այն երկրներում, որտեղ բնակվում են»:

Scroll Up