Սփյուռքի նախարարը շախմատ խաղաց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ

Հուլիսի 11-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի մասնակիցների հետ:

Կրթական և ճանաչողական մասից բացի՝ ծրագրի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախարարի հետ:

Եվ ահա այսօր մասնակիցների համար իսկական տոն էր: Նրանք հնարավորություն ունեցան 2,5 ժամ շարունակ  նախարարի հետ շախմատ խաղալ ու նաև սովորել: Մխիթար Հայրապետյանը խաղաց միաժամանակ 19 պատանու հետ:

«Դեռ նման փորձառություն չեմ ունեցել, կարծում եմ հետաքրքիր փորձություն է սպասվում, «դուխո՛վ» »,- ասաց նախարարն ու անցավ խաղին:

Նախարարի հետ խաղում հաղթանակ տարավ 17 ամյա Անդրանիկ Սարգսյանը: Անդրանիկն Իրաքից է, շախմատ սկսել է խաղալ մանուկ հասակից, չէր սպասում, որ կհաղթի նախարարին: «Շատ դժվար խաղ էր, նախարարը շատ լավ է խաղում, համոզված չէի, որ կհաղթեմ»,- անկեղծացավ Անդրանիկը:

Անզիջում պայքար ունեցավ Կիպրոսից 12 ամյա Արա Մահտեսյանը, ով ոչ մի կերպ չէր հանձնվում, բայց վերջում տեղի տվեց:

Նախարարը բարձր գնահատեց պատանու անկոտրում կամքն ու նրան շնորհավորեց գեղեցիկ ու համառ խաղ ցուցադրելու համար:

Հանդիպման վերջում պատանիները լուսանկարվեցին նախարարի հետ՝ խոստանալով, որ կշարունակեն բարելավել իրենց գիտելիքներն այս սպորտաձևում:

Scroll Up