«Արի տուն-2014». Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը

Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակիցները հյուրերի համար հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ելույթների ընթացքում ակներև էր հայրենասիրական շունչը: Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության Օրհներգով և «Հայր Մեր»  Տերունական աղոթքով: Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում էին նաև Դիարբեքիրից ժամանած 48 իսլամացած  հայեր: Դիարբեքիրցիները հուզմունքով և մեծ ոգևորվածությամբ էին ելույթ ունենում: Նրանք միախմբված կատարեցին «Կերմեր Ֆըսթան» ժողովրդական-ավանդական երգ-պարը, որով աշխուժություն առաջացրին բոլորի մոտ: Ապա իրենց կատարումներով ծրագրի մասնակիցներին ողջունեց «Հայկազունք» համույթը՝ Գուսան Հայկազունի գլխավորությամբ:

Հյուրերի կազմում էին  ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ  սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը, նախարարության այլ աշխատակիցներ: Ֆիրդուս Զաքարյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց. «Բարո ՛վ  եք եկել Հայաստան, հուսով եմ՝ ծրագրի շրջանակներում անմոռաց օրեր եք ունեցել և այս օրերի ընթացքում ավելի եք կապվել Հայաստանի հետ, ուրախ ենք ձեզ տեսնելու այստեղ»: Պարոն Զաքարյանը Դիարբեքիրից ժամանած խմբի ղեկավար Գաֆուր Թյուրքային խորհրդանշական նվեր հանձնեց՝ հայերեն տառերով գլոբուս, իսկ մյուս մասնակիցները՝ որպես նվեր, «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմի խտասկավառակ ստացան:

Այնուհետև Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Սպասում» ֆիլմի պրեմիերան: Հեղինակը ազգությամբ քուրդ Ումուտ Բոզգիլն է, ով նույնպես մասնակցում էր «Արի տուն» ծրագրին:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմը Հայաստանում ցուցադրվում էր առաջին անգամ:

Վերջում արդեն ավանդական դարձած «Հրաժեշտի խարույկը» ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի ավարտը:

Գևորգ  Չիչյան, Ծաղկաձոր 

unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)                                                                                                                                                             

Scroll Up