«Հպարտ եմ հայկական արմատներ ունենալու համար». կիպրոսահայ պատանի
Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի բացման արարողության ժամանակ սփյուռքահայ պատանիների և աղջիկների շարքում աչքի ընկավ թուխ մաշկով, վառվռուն աչքերով և աշխույժ պահվածքով մի տղա: Սկզբում մտածեցի՝ ինչ ազգության է նա պատկանում և թե ինչպես է հաջողել հայտնվել «Արի տուն» ծրագրում. չէ՞ որ ծրագիրը նախատեսված է միայն սփյուռքահայ երեխաների համար: Հետաքրքրությունից դրդված՝ շտապեցի հարցուփորձ անել: Լսելով նրա արևմտահայերեն վարժ խոսքը` հասկացա, որ հայկական արմատներ ունի:
Կիպրոսահայ տասներեքամյա պատանու անունը Նորայր Բարսեղյան է: Նրա երակներում հայի և եթովպացու արյուն է հոսում: Նորայրի հայրը հայ է, իսկ մայրը՝ եթովպացի, երկուսն էլ Եթովպիայում են ծնվել, իսկ Նորայրը ծնվել և հասակ է առել Կիպրոսում, սովորում է տեղի «Նարեկ» հայկական վարժարանում:
Նորայրն անթերի հայերենով խոսելը բացատրում է այն փաստով, որ տանը հայրիկի հորդորով ինքն ու երկուամյա եղբայրը միայն մայրենիով են խոսում, պահպանում են հայկական ավանդույթները: Մայրիկը նույնպես կիսով չափ հասկանում է հայերեն, քանի որ ժամանակին դասընթացների է հաճախել: Նորայրը ժպտալով ասաց, որ մայրիկին հայերեն սովորեցնելն ինքն է ստանձնել, պարբերաբար «տնային հանձնարարություններ է» տալիս և ստուգում: Ճիշտ է, Նորայրը նաև եթովպերեն է խոսում, սակայն իրեն առավել հոգեհարազատ է հայերենը, որն, իր կարծիքով, աշխարհի ամենագեղեցիկ և ճոխ լեզուներից է:
«Հպարտ եմ հայկական արմատներ ունենալու համար, քանի որ հայերը տաղանդավոր, աշխատասեր, բարի, հումորի մեծ զգացում ունեցող մարդիկ են և շատ դժվարությունների են դիմացել, նաև տեղյակ եմ, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդն ենք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Նորայրը:
Մեր զրուցակիցն առաջին անգամ է լինում Հայաստանում, միշտ երազել է գալ, մոտիկից ծանոթանալ մարդկանց, և հիմա ուրախ է, որ իր երազանքն իրականություն է դարձել «Արի տուն» ծրագրի շնորհիվ: Մինչև Հայաստան գալը համացանցի և գրքերի միջոցով ուսումնասիրել է բոլոր տեսարժան վայրերը, որոնք այցելելու է ծրագրով նախատեսված օրակարգով: Մինչ այժմ այցելած վայրերից շատ է հավանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և Սարդարապատի հուշահամալիրը:
Նորայրը զրույցի վերջում խոսելով իր երազանքների մասին՝ ասաց, որ ցանկանում է բժիշկ դառնալ՝ մարդկանց օգտակար լինելու և հիվանդներին ապաքինելու համար:
Գևորգ Չիչյան