«Ես «Արի տանն» անցկացրած  բոլոր  օրերը համարում եմ ուխտագնացություն դեպի Հայրենիք». Կալի Ավագյան

Ավարտվեց «Արի տուն-2016»-ը. 8-րդ փուլի հրաժեշտի միջոցառման հանդիսավոր արարողությամբ էլ սփյուռքահայ պատանիներն ու աղջիկիները ,տպավորված Հայրենիքի գույներով, մեկնեցին՝ իրենց հետ տանելով   մեր արևի ու հոգու ջերմությունը, մեր եկեղեցիների  կոչնակների զանգերի ղողանջները, Հայրենիքի  սառնորակ ջրի  ու քաղցրահամ մրգերի համը, նոր սովորած հայրենասիրական երգերի ու պարերի ելևէջները, իրենց մտապատկերում ունեցած  հայ մարդու ամբողջական կերպարը, և ամենակարևորը՝ Հայրենիք հասկացության ամբողջությունից մի մեծ  կտոր, արևի մի պայծառ շող: Մեկնումից առաջ «Հայերն այսօր»-ի համար նրանց հետ ունեցած հարցազրույցն անխարդախ հայելին է սփյուռքահայ երեխաների  տպավորությունների, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Կալի Ավագյան, Իրաք, 17 տարեկան

-Մենք ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան, որի համար  շատ ուրախ եմ: Ես երեք տարի առաջ՝ 2013-ին  եմ մասնակցել այս  գեղեցիկ ծրագրին: Ավելի հետաքրքիր է դարձել ճամբարային առօրյան, անձնակազմում ընդգրկված են հրաշալի մարդիկ. ես այստեղ ինձ զգում եմ հարազատ միջավայրում: Ոչ մի վայրկյան չես կարող ձանձրանալ: Խորհուրդ կտամ Սփյուռքում ապրող իմ հասակակիցներին մասնակցել այս ծրագրին, համոզված եմ՝ չե՛ն զղջա: Երանի ճամբարային առօրյայի օրերն ավելի շատ լինեն ,չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է բաժանվենք իրարից. սա մի մեծ ընտանիք է, ուր թագավորում են սերն ու խաղաղությունը, փոխըմբռնումը: Այսօր ոտքով գնացինք Կեչառիսի վանք, աղոթեցինք, մոմեր վառեցինք. շատ մեծ խորհրդավորություն կար այդ յուրօրինակ ուխտագնացության մեջ: Ես «Արի տանն» անցկացրած բոլո՛ր օրերն եմ համարում ուխտագնացություն  դեպի Հայրենիք:

Կարին Ավագյան, Իրաք, 19 տարեկան

Կարին1

-Մի մեծ ցանկություն ունեմ՝  ավելացնեն  ծրագրի մասնակցության օրերի թիվը. կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասացի: Այս ծրագիրը մեզ տալիս է հայրենաճանաչողություն, ծանոթություն տարբեր երկրներից եկած մեր  հայրենակիցների հետ: Բոլոր առումներով ծրագիրը հրաշալի է մտածված: Այն  երիտասարդների, պատանիների համար շփումների մի յուրօրինակ հարթակ է, որի արդյունքում կարող են ծնվել հետաքրքիր գաղափարներ, ապագայի նորարարական ծրագրեր, այսինքն՝ «Արի տուն»-ը միայն հայրենաճանաչողական ծրագիր չէ, այն  նոր  ու հետաքրքիր մտահղացումների  դարբնոց է: ՀՀ սփյուռքի նախարարության այս ծրագիրը սրտամոտ ու հարազատ է դարձել մեզ համար: Դժվար է հրաժեշտ տալ հարազատ դարձած մարդկանց՝ ընկերներին, մանկավարժներին, սպասարկող անձնակազմին և գեղատեսիլ Ծաղկաձորին:

Այս անկեղծ ու սրտաբուխ կարծիքներն, անշուշտ, ամենաճիշտ, դիպուկ գնահատականն են «Արի տուն» կայացած  ու սիրված ծրագրի: Բարի՛  երթ «Արի տուն-2017»-ի նախապատրաստական աշխատանքներին: Շնորհավորում ենք  Հայաստանում  և աշխարհի բոլոր ծայրերում ապրող ու սովորող հայորդիներին  ուսումնական նոր տարվա առիթով, մաղթում նորանոր նվաճումներ՝ գիտելիքների ձեռք բերման ճանապարհին:

Կարինե Ավագյան

 

Scroll Up