Սիրիահայ երիտասարդներն այցելել են Տաթևի վանական համալիր
2018 թ. հունիսի 9-ից 10-ը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մի խումբ սիրիահայ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Սյունիքի մարզ և այցելեցին Տաթևի վանական համալիր, Քարահունջ («Զորաց քարեր») և Նորավանք: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ուխտագնացության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Տաթևի վանքին, որը դարեր շարունակ եղել է հզոր հոգևոր և կրթամշակութային կենտրոն, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
«Այսպիսի ուխտագնացությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ կարճ ժամանակի ընթացքում շատ բան սովորեցինք Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին: Ընկերական միջավայրում ավելի հեշտ է այս ամենն ընկալել, քան գրքերում կարդալով,» – ասաց մասնակիցներից մեկը:
Սիրիահայ երիտասարդներն օգտվեցին հանրահայտ «ՏաԹևեր» ճոպանուղուց: Թեև շատերն անհանգստանում էին, որ իրենց կյանքը բառի բուն իմաստով «թելից է կախված», սակայն շուտով համոզվեցին, որ ճոպանուղին անվտանգ է և ողջ երթի ընթացքում հիացան Սյունիքի զառիթափ ժայռերով և մոգական բնությամբ:
«Մենք իսկապես Աստծո կողմից օրհնված ազգ ենք: Այս պատերին նայելով դա եմ զգում,» – ընդգծեց մասնակիցներից մեկը: Նա շատ ուրախ էի հանդիպելու Տաթևի վանահայր Հայր Միքայել աբեղա Գևորգյանին: Ուղևորության մասնակից Կառլոսը կիսեց իր տպավորությունները. «Շատ ուրախ եմ, որ նման ծրագրի եմ մասնակցում: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ և շատ եմ սիրում հայկական ճարտարապետությունը: Ինձ կարևոր է Հայաստանում շրջագայելն ու եկեղեցիների ճարտարապետությանը ծանոթանալը,» – նշեց նա:
Մասնակիցները շատ տպավորված էին ուխտագնացությամբ և հիանալի տրամադրությամբ վերադարձան Երևան: Նրանք ոչ միայն հայաստանյան կարևոր հոգևոր կենտրոնների մասին նոր գիտելիքներ ստացան, այլև նոր ընկերներ ձեռք բերեցին և կիսեցին իրենց տպավորություններն ու փորձը: