12 սիրիահայ կանանց պատմությունները՝ 12 կտավի վրա

«Դալան» ցուցասրահում դեկտեմբերի 12-ին բացվել է «12 պատմություն» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Հայաստանում ապրող 12 սիրիահայ կանանց կյանքի պատմությունը՝ ուղեկցված բռնություններով ու սարսափներով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ պատմությունները թեեւ մոռացված չեն, բայց սիրիահայ կանայք աշխատում են չհիշել ու չխոսել դրանից մասին: Ու այդ պատճառով բազմաթիվ կանանցից միայն 12-ն են համաձայնվել երիտասարդ նկարիչների հետ կիսվել իրենց պատմություններով:
Լիաննա ՍարգսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Սիրիահայ կանայք շատ խնդիրներ ունեն՝ տնտեսական, ինտեգրման, եւ դրանց շարքում բռնության խնդիրն անտեսվում է: Դրանք հիմնականում ֆիզիկական բռնության դեպքեր են, որոնք պատահել են պատերազմական իրավիճակներում՝ Սիրիայում, Սիրիայից Հայաստան կամ մեկ այլ երկիր մեկնելու ճանապարհին»,-ասում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիաննա Սարգսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Վորլդ Վիժն եւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունները հույս ունեն, որ համատեղ ջանքերով կազմակերպված ցուցահանդեսը կօգնի բարձրաձայնել սիրիահայ կանանց խնդիրների մասին եւ աջակցել նրանց:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անժելա Աճեմյանը 3 երեխաների հետ Հալեպից Հայաստան է տեղափոխվել 2014-ին՝ ամուսնու առեւանգումից ու սպանությունից հետո: Անժելան ցուցահանդեսին առաջին անգամ էր տեսնում իր կյանքի սարսափելի դրվագները՝ վերարտադրված կտավի վրա:
«Նկարում ես ինձ եմ տեսնում՝ քաջ ու հպարտ կանգնած: Պատկերացնում եմ, որ կապույտն իմ ընտանիքն է, անցյալս, կարմիրը, վստահ եմ, արյունն է, կանաչն էլ՝ ապագաս»:
Սյուզաննա Գրիգորյանը եւ Անժելա ԱճեմյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Երիտասարդ նկարիչ Սյուզաննա Գրիգորյանը զարմացած հետեւում է Անժելայի մեկնաբանությանը: Ասում է՝ մինչ այս Անժելայի հետ նկարի մասին չի խոսել, բայց նա ամեն ինչ տեսնում է այնպես, ինչպես ինքն է պատկերել:
«Շատ ծանր եմ տարել Անժելայի պատմությունը, օրեր շարունակ ականջներիս մեջ հնչում էր: Նույնիսկ ցավ էի ապրում, որ ինքը եւս մեկ անգամ ստիպված էր վերապատմել: Շատ դժվար է այդքան ուժող բնավորություն ունենալ, որ հոգսն ու ցավն իր մեջ՝ այսպես հանգիստ ներկայացնի, ցույց տա, որ ամեն ինչ կարգին է»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ դեկտեմբերի 16-ը: Հետո այն ներկայացվելու է հասարակական վայրերում: Նկարները վաճառվում են՝ հասույթը տրամադրելու են նկարչին ու նրա հերոսուհուն:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի