ՀՀ հիմնադրման 100-ամյակը մեզ համար ամենանվիրական հոբելյանն է. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Հայաստանի համար 2018 թ. հոբելյանական տարի է. ազգովի նշելու ենք Հայաստանի Հանրապետության ստեղծման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Սփյուռքյան համայնքները նույնպես միաբանված տոնելու են այս կարևոր իրադարձությունները, որոնցից անմասն չեն մնալու նաև թեհրանահայերը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանն ասաց, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կատարել են մարտի վերջին տեղի ունեցած ծառատունկով: Իսկ մյուս միջոցառումները համայնքում համակարգելու նպատակով հատուկ հանձնախումբ են ստեղծել. կենտրոնական հանձնախումբը նիստերը գումարում է Սրբազան Հոր գլխավորությամբ:

«Համապարփակ և բազմաբնույթ ծրագրեր ենք մշակել. գլխավոր տոնակատարությունները նախատեսված են անցկացնել հունիսի 15-ին և 16-ին, հատուկ դասախոսությամբ հանդես է գալու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առիթով առաջնորդանիստ Սբ.Սարգիս եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի, կայանալու են նաև ազգային-ազատագրական երգերի համերգներ՝ նաև Հայաստանից հրավիրված արվեստագետների մասնակցությամբ, կլինեն ցուցահանդեսներ, գրքերի հրատարակություններ, հուշանվերների թողարկում»,-ասաց Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը՝ հավելելով, որ աշնանը հայ և իրանցի գիտնականեների մասնակցությամբ տեղի է ունենալու երկօրյա գիտաժողով, քննարկման առանցքում լինելու այն, թե Հայաստանի անկախ պետականության վերականգնումն ինչ կարևորություն է ունեցել Իրանի կյանքում:

«Հոբելյանական տարին ողջ հայության համար է, և բոլորս ներգրավված ենք այս տոնակատարություններում, քանի որ այն մեր ժողովրդի լինելիության խնդրի հետ է կապված: Հայաստանի Հանարապետության կազմավորման 100-ամյակը մեզ համար ամենանվիրական հոբելյանն է, որովեհետև դրանով տեղի ունեցավ 21-րդ դարի մեծագույն հրաշքը՝ ազատ, անկախ Հայաստանի ծնունդը և մեր պետականության վերականգնումը: Միջոցառումների առանցքում միայն տոնակատարությունները չեն. դրանց մեջ նաև մեր ամբողջական Հայաստանի և պահանջատիրական պայքարի խորհուրդը կա»,-նշեց Սրբազան Հայրը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սրբազանն ասաց, որ նախատեսվում է ավանդական երթի կազմակերպում դեպի թուրքական դեսպանատուն, հոգեհանգստի պատարագի մատուցում, աշակերտների՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհում, հատուկ ձեռնարկ է լինելու նաև իրանցի մտավորականների համար՝ նրանց  ծանոթացնելու Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի հանդեպ իրականացրած  եղեռնագործության իրական փաստերին:

Սրբազան Հայրն անդրադարձավ նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը հետ համագործակցությանը՝ ընդգծելով, որ չնայած նախարարությունը ստեղծման առաջին տարիներին երկչոտ քայլերով սկսեց իր քայլերը, բայց այսօր հաստատակամ և ինքնավստահ աշխատանքով իրագործում է իր առաքելությունը:

 «Կարծում եմ՝ Սփյուռքի նախարարությունը սփյուռքյան իրականության մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ, և դեռ պետք է ունենա: Հրանուշ Հակոբյանը, ով աշխույժ, եռանդուն և իր գործին հավատացող մարդ է, նախանձախնդրորեն իր կնիքը դրեց այս նախարարության կայացման գործում: Սփյուռքն էլ, անշուշտ, գործուն մասնակցությամբ, մեծ դերակատարում ունի այս հարցում:

Շնորհավորում եմ Սփյուռքի նախարարության ստեղծման 10-ամյակի առիթով: Վստահ եմ, որ նույն  հանձնառությամբ և խանդավառությամբ շարունակվելու են կյանքի կոչվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղված ազգանպաստ աշխատանքները»,-զրույցն ամփոփեց Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը:

 Գևորգ  Չիչյան

Scroll Up