ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Եվրահայկական 23-րդ խաղերի մասնակիցների հետ

Մարտի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վիեննայում  հանդիպել է Եվրահայկական 23-րդ խաղերի մարզիկների հետ: Նախարարը նախ շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի առթիվ և կարևորել աշխարհի 15 երկրներից (Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Չեխիա, Ռուսաստան, Նորվեգիա, Վրաստան, Անգլիա, Իտալիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ավստրիա)  շուրջ 750 մասնակիցների ներկայությունը համահայկական սպորտային այս միջոցառմանը՝ նշելով, որ այն մեկ անգամ ևս խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը:

Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ Համաեվրոպական խաղերի կազմակերպումը սոսկ մարզական միջոցառում չէ, այլ ազգային համախմբմանն ուղղված բացառիկ գործողություն:

«Ցանկանում եմ՝ բոլորդ նույն խանդավառությամբ ձեր Հայրենիք գաք՝ միասին տոնախմբելու Հայաստանի Հանրապետության կազմավորման, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները»,-նշել է Սփյուռքի նախարարը:

  Նախարարը սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է կառչած մնալ իրենց արմատներին, ազգային ինքնությանը, օտար ափերում սրբորեն պահպանել Մայրենին և սերտացնել կապը Հայրենիքի հետ: Հրանուշ Հակոբյանը նաև նրանց հրավիրել է՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի   նախարարության կողմից հուլիսի 6-8-ը կազմակերպվող Երիտասարդական համահայկական համաժողովին:

Այնուհետև Սփյուռքի նախարարը Եվրահայկական 23-րդ խաղերին մասնակցող թիմերին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր, իսկ Վիեննայի «Արարատ» հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Հավելենք, որ Համաեվրոպական խաղերն ամենամյա են և տեղի են ունենում եվրոպական որևէ երկրում՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության և դրան նախորդող օրերին:

Scroll Up