Ինձ փոխանցվել է Սիմոն Վրացյանի հայրենասիրությունը, խրոխտ ոգին. Խուան Սարաֆյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Բուենոս Այրեսի «Հայ կենտրոն»-ի կառույցների հետ կապերի տնօրեն, Արգենտինայում գործող համայնքների միության կառույցների ատենապետ Խուան Սարաֆյանի հետ հարցազրույցը: 

-Պարո´ն Սարաֆյան, մեր զրույցի առաջին պահից ակնհայտ էր Ձեր ոգևորությունը Հայաստան կատարած այցելությունից: Կպատմե՞ք տպավորությունների մասին:

-Վաղեմի երազանքս վերջապես կատարվեց. այս տարի ամռանն առաջին անգամ Հայաստան եկա: Միշտ մտածում էի գալու մասին, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով չէր ստացվում: Դեռ Արգենտինայում հարազատներս ու ընկերներս ասում էին, որ մեծ տպավորություններով եմ վերադառնալու, այդպես էլ եղավ:

Հիացա Հայաստանի բնությամբ, տեսարժան վայրերով, ժպտադեմ ու բարեհամբույր մարդկանցով: Առաջադեմ ու զարգացած պետություն տեսնելով՝ անչափ ուրախացա: Սակայն պետք է ավելիին ձգտել և համախմբված ուժերով աշխատելով՝ Հայաստանն ավելի լավը դարձնել:

-Ինչպես՞ որոշեցիք համայնքային գործունեությամբ զբաղվել:

-Արդեն տասներեք տարի է՝ համայնքային աշխատանքներ եմ կատարում: Ավարտել եմ այն ժամանակ 700 աշակերտ ունեցող ՀՅԴ «Խրիմյան» կրթական հաստատությունը, որը  մեզ համար հայապահպանության լավագույն դարբնոցը դարձավ: Եվ դա միակ շարժառիթը չէր. ինձ դասավանդել է ՀՀ Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը: Նրա հայրենասիրությունը, խրոխտ ոգին ինձ փոխանցվեց և որոշեցի ազգանպաստ գործունեություն ծավալել՝ նվիրվելով Հայրենիքին օգտակար լինելու գաղափարին: Ահա այդպիսի մթնոլորտում եմ մեծացել: Մանկության տարիներից սկսած՝ հայրենասիրական շունչն եմ զգացել նաև մեր տանը:

Հինգ տարի է, որ  Արգենտինայում գործող համայնքների միության կառույցների ատենապետն եմ՝ երեք անգամ անընդմեջ ընտրվելով այս պաշտոնում: Ընտանիքիս անդամներն էլ «Հայ կենտրոն»-ի անդամներն են եղել.  հայրիկս, պապիկներս ևս զբաղվել են ազգանպաստ աշխատանքերով:

– Այժմ խոսենք «Հայ կենտրոն»-ի մասին:

-Նախ ասեմ, որ «Հայ կենտրոն»-ի հովանու ներքո գործում են կրթական, երիտասարդական, բարեգործական, կանանց կազմակերպություններ, իրականացվում են համայնքային միջոցառումներ: Սերտորեն աշխատում ենք Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահում հատկապես արգենտինահայ երիտասարդների ինքնության պահպանման  ու սեփական արմատներից չհեռանալու հարցը: Բազմաբնույթ ծրագրեր ենք կազմակերպում, որոնց շրջանակներում Հայաստան են այցելում, բացահայտում տեսարժան, պատմամշակութային վայրերը, կապվում իրենց Հայրենիքին:

 Ի դեպ, երիտասարդները լի են հայրենասիրությամբ, պարզապես նրանց ուղղորդել ու աջակցել է անհրաժեշտ: Նրանք մտածում են բարձրագույն, որակյալ կրթություն ստանալու մասին, որպեսզի լավ մարդ դառնան և օգտակար լինեն Հայաստանին: Համագործակցում ենք նաև Արգենտինայում ՀՀ դեսպանատան հետ:

Մի խոսքով, «Հայ կենտրոն»-ը փորձում է արգենտինահայերին Հայաստանի շուրջ համախմբել:

-Արգենտինահայ համայնքը հասարակական, մշակութային ինչպի՞սի կյանքով է ապրում:

-Միանշանակ կարող եմ ասել, որ արգենտինահայ համայնքն աչքի է ընկնում համախմբվածությամբ, նվիրյալ ու աշխատասեր մարդկանցով: Բոլորը մտահոգ ենք Հայաստանի ապագայով և փորձում ենք նպաստել մեր երկրի առաջընթացին:

 Գործում են համահայկական կառույցներ, ավանդական կուսակցությունների գրասենյակներ, հայկական պարախմբեր, ինչպես նաև նշվում են ազգային, եկեղեցական և պետական տոները: Մշակութային բազմապիսի ծրագրեր են իրականցվում՝ նպաստելով հայկական մշակույթի պահպանմանը և այլազգիների շրջանակներում հանրահռչակմանը:

 Համայնքի կենսունակությանն ու կանգուն մնալուն մեծապես նպաստում է Հայաստանի հետ մշտական կապը: Հայապահպանության, արգենտինահայերին եկեղեցու շուրջ համախմբելու գործում համայնքում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու և բարեխիղճ հոգևորականների դերը:

-Պարո՛ն Սարաֆյան, ՀՀ սփյուռքի նախարարություն-Արգենտինայի հայկական համայնք համագործակցության կամուրջն ի՞նչ հիմքերի վրա է գտնվում:

-Կարծում եմ՝ ամուր հիմքերի վրա, քանի որ ակտիվորեն մասնակցում ենք նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Հուսով եմ՝ հետագայում փոխգործակցությունն ավելի կամրապնդվի:

Ամիսներ առաջ նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով Արգենտինա և Բրազիլիա էր եկել: Այցի շրջանակներում նա արգենտինահայ համայնքում տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ ունեցավ, մոտիկից ծանոթացավ առկա մարտահրավերներին՝ առաջարկելով բոլոր խնդիրների լուծման համար երկուստեք աշխատանքի միջոցով ուղիներ գտնել: Նշեմ նաև, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խանադավառեց մեզ, նմանօրինակ այցելությունները շատ կարևոր են:

Գևորգ Չիչյան

Scroll Up