«Յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ հայկական հետք եմ փնտրում». Հրայր Ճեպեճյան

Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքինախարարությունում տեղի ունեցավ Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության հովանավորությամբ հրատարակված «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակներից է Արաբական Ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանը:

«Հայերն այսօր»-ի հետ հարցազրույցի ընթացքում Հրայր Ճեպեճյանն ասաց, որ  իր համար միշտ սկզբունքային է եղել ազգին օգտակար լինելու հարցը, ուստի ձեռնամուխ է եղել հայ մանուկներին և նրանց ընտանիքներին գիրքը հասանելի դարձնելու հսկայական աշխատանքի իրականացմանը:

-Պարո՛ն Ճեպեճյան, Աստվածաշնչից ի՞նչ հատվածներ են գրքում ընդգրկված:

Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» հատուկ գիրք է: Արաբական Ծոցի Աստվածաշնչյան ընկերությունն այն նվիրում է բոլոր հայ մանուկներին:

Գիրքը բաժանված է քսան գլուխների, և յուրաքանչյուր գլուխ Աստվածաշնչից յոթ պատմություններ է պարունակում, ընդհանուր առմամբ`140 պատմություն, որոնք վերաբերում են Հիսուսին առնչվող դեպքերին: Յուրաքանչյուր պատմության վերջում զետեղված է Աստվածաշնչի համապատասխան հատվածը, որտեղ կարելի է տվյալ պատմության մասին հավելյալ մանրամասներ կարդալ:

Գիրքը կազմված է շատ հետաքրքիր հաջորդականությամբ՝ Ծննդոցից մինչ Տիրոջ պատգամները: Սակայն այդ ընթացքում, երբ խոսվում է Եղիայի կամ Մովսեսի մասին, նորից վերադարձ է արվում դեպի Հին Կտակարան՝ բացատրելու, թե ովքեր են նրանք: Այսինքն` յուրատեսակ ժամանակային ճամփորդություն ենք կատարում, Հին ու Նոր Կտակարաններն իբրև մեկ ամբողջություն կամրջում ենք միմյանց՝ այդպիսով պատասխանելով երեխաներին հուզող հարցերին: Գրքի բուն նպատակն է Հիսուս Քրիստոսին ներկայացնել Աստվածաշնչի միջոցով՝ գունազարդ, ակնահաճո պատկերներով հայ մանչուկներին հետաքրքիր դարձնելով ընթերցումը:

 Մեր առաքելությունն է Աստվածաշունչը թարգմանել, հրատարակել և բաժանել, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները Աստվածաշունչը կարդան իրենց սեփական լեզվով:

Աստվածաշնչյան այս դաստիարակությունն ազգային դաստիարակության անբաժան մասն է լինելու, որն էլ նպաստելու է մեր սերունդներին քրիստոնեական դաստիարակություն տալուն:

-Ո՞ր տարիքի երեխաների համար է նախատեսված գիրքը:

-Հինգ հազար օրինակով տպագրված գիրքը նախատեսված է 5-ից 11 տարեկան երեխաների համար: Գրքի դաստիարակչական մասերից մեկն էլ ծնող-զավակ փոխհարաբերությունների սերտացումն է: Գաղտնիք չէ, որ ծնողները միշտ ուզում են լավագույնը տալ իրենց զավակներին: Զբաղվածությամբ լեցուն այս օրերին ծնողները ձգտում են արդյունավետ և իմաստալից ժամեր անցկացնել իրենց երեխաների հետ: Եվ այդ առիթները կարող են լինել գիշերները երեխաներին քնեցնելուց առաջ աստվածաշնչյան պատմություններ պատմելը: Եվ հիմա ծնողները հնարավորություն ունեն քսան շաբաթում ամեն օր մի պատմություն կարդալ երեխաների համար:

Աստվածաշունչը կարևոր նշանակություն ունի հայ ընտանիքի հոգևոր կյանքը կերտելու գործում՝ դիմագրավելով կյանքի մարտահրավերներին և զորանալու Աստծո խոսքով: Պարզ լեզվով գրված այս պատմությունները կարդալով՝ ծնողներն իրենց զավակներին փոքր տարիքից կծանոթացնեն քրիստոնեական արժեքներին՝ կերտելով ինքնավստահ, ամուր հիմքեր ունեցող նկարագիր և անհատականություն:

– Սփյուռքյան համայնքներում գիրքը բաժանվե՞լ է:

-Իհարկե: Գրքերը սկսեցինք բաժանել Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա և Աբու Դաբի քաղաքների հայկական համայնքերին, ապա շարունակեցինք Լիբանանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի համայնքներում: Նախաձեռնել ենք Հալեպում, Կ.Պոլսում, Կիպրոսում ապրող մեր հայրենակիցներին նույնպես ուղարկել:

Բոլոր համայնքներում հավուր պատշաճի շնորհանդեսներ ենք կազմակերպել Հայոց թեմի առաջնորդարաններում կամ հայկական շաբաթօրյա դպրոցներում:

Ուշադրության դիտակետում պահեցինք նաև Սիրիական պատերազմի հետևանքով  Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին գրքերի տրամադրումը: Շատ կարևոր էր Հայաստանում պետական աջակցությամբ կատարել գրքի շնորհանդեսը, որի համար անչափ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը:

– Երեխաներն ի՞նչ ոգևորությամբ ընդունեցին գիրքը:

-Բոլոր համայնքներում շատ մեծ էր երեխաների ոգևորությունը: Երբ աշակերտներին հանդիպելիս Աստվածաշնչի իմացությունը ստուգելու համար հարցեր էի հղում, նրանք մեկը մյուսին հերթ չէին տալիս պատասխանելու համար: Վստահաբար կարող եմ ասել՝ բոլորը հոգևոր գիտելիքների առավելագույն պաշար ունեն: Այս հանգամանքն էլ ամենամեծ խանդավառության ու քաջալերանքի աղբյուրն է ինձ համար:

Երեխաները մեր վաղվա օրվա հույսն են, մեր ապագան, նրանց պետք է ուժ տանք և սատարենք: Հետագայում էլ, ուժերի և կարողությունների ներածին չափով ,փորձելու եմ սեղանին նմանօրինակ հրատարակություններ դնել:

-Պարո՛ն Ճեպեճյան, աշխատանքին զուգահեռ՝ նաև հոդվածներ եք գրում: Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչն է հիմք հանդիսանում ժամանակ առ ժամանակ հոդվածագրությամբ հանդես գալուն:

-Ճիշտ եք նկատել: Շուտով լույս է տեսնելու իմ հոդվածների ժողովածուն, առաջին ստվարածավալ հատորը հրատարակել եմ 2015 թվականին: Իմ գրած հոդվածներն ամբողջությամբ սփյուռքյան իրականության մասին են: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ հայկական հետք եմ փնտրում, որը հոգեկան հանգստություն է  տալիս:

Հետաքրքրված եմ` հանդիպելուհայ մարդկանց, հասկանալու նրանց հոգեվիճակը և թե որքան են պահպանել իրենց հայկականությունը, հատկապես, որ նրանց մեջ կան նաև կիսով չափ հայեր: Ուշագրավ պատմությունների ևս ականատես եմ լինում. հանդիպել եմ մարդկանց, ովքեր ինձ ասել են՝ հայերեն խոսել չենք իմացել և Հայաստան կատարած այցելությունից հետո որոշել ենք  հայերեն սովորել:

Այսպիսի իրավիճակներին առնչվելիս են ծնվում հոդվածներս: Առկա խնդիրները բարձրաձայնելու ճանապարհին չպետք է մոռանալ այն ճշմարտությունը, որ սփյուռքյան հիմնախնդիրների լուծման առանցքում լինելու է Հայաստանի «ներկայությունը»:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Scroll Up