«Մեր մտահոգությունն այսօր Հայաստանի տնտեսական վիճակն է և Արցախի անվտանգության հարցը». Վարուժան Սիրաբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում մշտապես հյուրընկալվում են Սփյուռքում ապրող մեր շատ հայրենակիցներ՝ Սփյուռքի նախարարի հետ կիսվելու իրենց կատարած աշխատանքներով, խորհրդակցելու նոր գաղափարների, ծրագրերի շուրջ, համագործակցելու շատ հարցերում: Օրերս ՀՀ նախարարի հյուրն էր Ֆրանսիայից (Ալֆորվիլից) ժամանած մեր հայրենակից, «Արշակ Չոպանյան» կազմակերպությա-ինստիտուտի հիմնադիր-ատենապետ Վարուժան Սիրաբյանը (Սրապյան), ում հետ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Բարի՛ գալուստ, Հայրենիք, հարգարժա՛ն պարոն Սիրաբյան. ներկայացրեք, խնդրեմ, Ձեր կազմակերպության ծավալած գործունեությունը:

Սիրո՛վ. մեր կազմակերպությունը կատարում է հայանպաստ ուղղվածություն ունեցող աշխատանքներ: Ունենք նույն հասցեում գտնվող հրատարակչություն, ամսաթերթ: Մեր շուրջ հավաքված են ֆրանսիացի 30 գրողներ: «Արշակ Չոպանյան» կազամակերպությունն ունի երկու ուղղվածություն՝ մշակութային (ինչպես Արշակ Չոպանյանն էր անում՝ հայ գրականությունը հասցնելով ֆրանսախոս երկրներին և հակառակը՝ ֆրանսիական գրականությունը, մշակույթը հասցնելով Հայաստանին) և մյուսը՝ Հայոց ցեղասպանության պատմության, հայկական հարցի հետ է կապված. ամեն մի մանրամասնություն ուսումնասիրելով՝ օգնում ենք «Հայ դատ»-ին: Մենք ուսումնասիրություններ, վերլուծություններ ենք անում՝ կապված Եվրոպայի, Թուրքիայի և Միջին Արևելքի, Կովկասի հետ: Մեր կազմակերպության հիմնական ուղղվածությունը լոբբինգն է: Ավելի շատ աշխատում ենք համացանցի միջոցով: Ունենք «Եվրոպա և Արևելք» վերնագրով ամսաթերթ, որտեղ զետեղվում են այդ նյութերը: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների հետ, որոնք «Չոպանյան» կազմակերպությանը չեն պատկանում, օրինակ՝ Փարիզի Բարեգործականը, Համազգայինը: Մենք ֆինանսական կախում չունենք որևէ կուսակցությունից, ո՛չ Ֆրանսիական, ո՛չ հայկական պետությունից, մենք մեր «յուղով ենք տապակվում»:

-«Արշակ Չոպանյան» կազմակերպության առաջին կապերը ե՞րբ և ո՞ր նախարարության հետ ձևավորվեցին Հայաստանում :

-Առաջին կապերը ձևավորվել են Մշակույթի նախարարության հետ, երբ 2008-ին պատկերապատումի առաջին փառատոնը բացեցինք Հայաստանում՝ Ֆրանսիայի դեսպանատան հետ: 2007-ին էլ Ֆրանսիայում Հայաստանի տարին էր: Հայկական գաղութի հետ համագործակցող, աշխատանքները համակարգող աշխատակիցը հարցրեց, թե ով ինչ ձեռնարկներ, հետաքրքիր գործեր պետք է անի այդ տարում: Ես ասացի, որ Թենթենի արկածախնդրությունները կուզեմ հայերեն թարգմանել և թարգմանեցի ու այդ գրքով եկա Հայաստան. դա աշխարհում առաջին անգամ Թենթենի՝ հայերենով թարգմանված գիրքն էր: Այստեղից հղացավ Հայաստանում պատկերապատումի փառատոն անցկացնելու միտքը:

-Քանի՞ գիրք է հրատարակել «Արշակ Չոպանյան» կազմակերպությունը:

-120–ից ավելի գիրք ենք հրատարակել: Ես ավելի շատ հրատարակիչ եմ. հրատարակել ենք կոմերցիոն գրքեր, ինչպես նաև՝ մշակութային, օրինակ՝ Թումանյանի բանաստեղծությունները, պոեմները, բալլադները, հեքիաթները թարգմանեցինք ֆրանսերենով (շնորհանդեսը կազմակեպեցինք Թումանյանի տուն-թանգարանում, 2012-ին), Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը թարգմանվեց ֆրանսերեն: Իմ հեղինակած գրքերը երկուսն են, հիմա՝ շուրջ 5 տարի, գրում եմ հուշերս՝ սկսած իմ հայրիկից, հասնում եմ իմ և տղաներիս սերնդին. երեք սերնդի պատմություն է իմ գրքում:

Ձեր կազմակերպության աշխատանքներով ովքե՞ր են ամենից շատ հետաքրքրված՝ հայե՞րը, Ֆրանսիացինե՞րը…

– Երկու՛սն էլ. մեզ ավելի շատ հետաքրքողները ֆրանսիացիներն են. ինչու՞…Երբ մեր կազմակերպությունը բացեցինք, ցանկացանք անել այն, ինչը 100 տարի առաջ արել էր Չոպանյանը. օրինակ՝ նա շատ բարձր մակարդակ ունեցող հայտնի ֆրանսիացիների բերեց «Հայ դատ»: Երբ մտերմացավ Անատոլ Ֆրանսի, Կլեմանսեի և նշանավոր այլ մարդկանց հետ, դեռևս Հայոց ցեղասպանությունից առաջ, այդ մեծերի շնորհիվ, կարողացավ ճանաչել տալ Հայկական հարցը, որովհետև ինքը Պոլսի պատվիրակության կողմից Փարիզ էր ուղարկվել՝ համիդյան ջարդերի հարցի հետ կապված: Մեր կազմակերպությունը հայկական ծագումով միակն է, որտեղ միայն հայեր չեն ընդգրկված: Ֆրանսիան կաթոլիկ-քրիստոնեական երկիր է, սակայն այսօր պատկերը շատ է փոխվել և կամաց-կամաց մահմեդականները շատանում են ու պահանջներ ներկայացնում: Ժան Պոլ 2-րդի արձանի վրա խաչ կար, և մահմեդականները պահանջեցին, որ այդ խաչը հանվի՝ ասելով, որ այդտեղով անցնող մահմեդականներին այն անհանգստություն է պատճառում…Շատ ծիծաղելի է. մենք կարող էինք դա հանել և բերել Հայաստան, սակայն դիմեցինք դատարան, դատարանը վճռեց, որ խաչը պետք է մնա, մյուս դատարանը դարձյալ նույն վճիռը կայացրեց, սակայն նրանք դիմեցին ավելի բարձր ատյանի, և այդ ատյանը որոշեց, որ խաչը պետք է հանվի…Մեզ համար, բնականաբար, շատ կարևոր է մեր կազմակերպությունում ընդգրկել ազգությամբ ֆրանսիացի նշանավորների, սա կարևոր քաղաքականություն է:

Պարո՛ն Սիրաբյան, ինձ շատ հետաքրքրեց Ձեր հրատարակած ամսաթերթի հիմնական ուղղվածությունը, տպագրության լեզուն, էջերի քանակը, ովքե՞ր են Հայաստանից նյութեր տրամադրում:

– 132 էջանոց ամսագիրը գործում է 2005 թվականից, տպագրվում է 6 ամիսը մեկ անգամ ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուներով. մոտավորապես 95-ից 100 էջը հայերենով և ֆրանսերենով է, մնացած էջերը անգլերենով են: Ամսաթերթի հիմնական ուղղվածությունը վերլուծությունն է: Մեր մտահոգությունն այսօր Հայաստանի տնտեսական վիճակն է և Արցախի անվտանգության հարցը: Մեր նյութերում մենք վեր ենք հանում Հայաստանի, Արցախի հետ կապված քաղաքական ստերը, հերյուրանքները: Նյութեր ենք ստանում նաև Հայրենիքից: Հայաստանից մի անգամ հոդված է գրել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, 2-3 անգամ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, մեկ անգամ Արմեն Այվազյանն է գրել՝ Հայաստանի անվտանգության, Արցախի հետ կապված, գեներալ Հայկ Քոթանջյանն է 2-3 անգամ գրել: Ես հիմնականում կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղվում, խմբագրականներն եմ գրում: Ամսագիրը համացանցում ունի իր բլոգը: Twitter-ով մոտ 800 հետևորդներ ունենք:

-Ինչպե՞ս եք իրականացնում ամսաթերթի տարածումը:

-Տարածում ենք երկու եղանակով՝ մի մասն՝ անվճար (60-70 տոկոսը գիտեին այդ ամսագրի մասին) այն ստանում են ֆրանսիացի պատգամավորները, մի քանի նախարարություններ և եվրոպացի մի քանի պատգամավորներ, Հայաստանում ստանում է Արտգործնախարարությունը, ստանում են ամսաթերթում զետեղված հոդվածների հեղինակները, հիմա ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանն էլ է ցանկություն հայտնել, որպեսզի նախարարությունը ևս ստանա ամսաթերթը: Հայաստանից պայմանագիր ունենք Երևանի Ավ. Իսահակյանի գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ, վերջերս հանդիպեցի Ազգային գրադարանի տնօրենին. նա ցանկություն հայտնեց ստանալու ամբողջ նյութերը: Իսահակյանի գրադարանին նվիրել ենք ֆրանսերեն լեզվով մոտավորապես 40 գիրք, որպեսզի ֆրանսերենի անկյունը ճոխանա: Մեր ամսաթերթի համարներից Երևանում կարող եք գտնել «Նոյյան տապան» և մի քանի այլ գրախանութներում:

-Ներեցե՛ք, հայրենակի՛ց, ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:

-Տարին 2-3 անգամ հրատարակչական գործերով եմ գալիս Հայաստան՝ ամեն անգամ 1.5 ամիս մնալով. այստեղ շատ հագիստ եմ աշխատում, խանգարողներ չկան: Օրինակ՝ Սողոմոն Թեհլերյանի մասին պատկերապատումը հրատարակել էինք ֆրանսերեն. երբ ցանկացանք տպագրել հայերենով և ռուսերենով, Երևանի «Արեգ» հրատարակչությունից Սամվել Գասպարյանի հետ աշխատեցինք ու տպագրեցինք «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, բայց հազվագադեպ ենք այստեղ տպագրում: Աշխատում եմ Հայաստանում, հրատարակում եմ Ֆրանսիայում: Հայաստանում աշխատելն ինձ համար շատ հաճելի է. Փարիզն առաջվա խաղաղ քաղաքը չէ, աղմկոտ է, անհանգիստ, ուստի, հանգստանալու համար, ես դուրս եմ գալիս Փարիզից, Լիոնից կամ Մարսելից և շրջում եմ փոքրիկ գյուղերում, ծովափնյա վայրերով: Առաջ ես առաջ մտածում էի, որ իմ երեխաները պետք է ծնվեն Պոլսում, սակայն ես չէի մոռանում 55 թվականը, երբ ջարդ եղավ հույների, հայերի ու հրեաների դեմ, ես այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան էի, ու մենք թողեցինք իմ հայրական շենքը (դա ընդամենը տուն չէր), հետո հասկացա, որ այդ երկրում հանգիստ ապրել չի լինի: 47 տարի է, ինչ ես ոտք չեմ դրել Պոլիս: Իմ երկվորյակները՝ Մասիսն ու Սևանը, ծնվեցին Փարիզում: Ձեզ տեղեկություն տալու համար ասեմ, որ ես 16 տարի է, ինչ շարունակ գալիս եմ Հայաստան. այն ինձ համար հրաշալի երկիր է:

-Լսել եմ նաև Ձեր բարեգործական գործունեության մասին. որտե՞ղ եք իրականացրել հայրենասիրական այդ աշխատանքները:

 -Ամեն անգամ Հայաստան գալով՝ նոր ծանոթություններ եմ ձեռք բերում, նոր մարդկանց հետ շփվում: Երևանում գտնվող «Թեքեյան» մշակութային միության հետ մենք քույր կազմակերպություններ ենք և համագործակցում ենք: Օրինակ՝ Սողոմոն Թեհլերյանի մասին գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում արեցինք: Կենտրոնում ինձ ասացին, որ իրենք Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցում մի դասարան են վերանորոգել, որի բացումը պետք է լիներ և ինձ առաջարկեցին մասնակցել բացման արարողությանը ու մի երկու խոսք ասել Արշակ Չոպանյանի մասին, որովհետև երեխաները գիտեին այդ մեծ հայի մասին, սովորել էին նրա գործերը: Ես սիրով համաձայնեցի. այդ ժամանակ միտք հղացավ, որ մեր կազմակերպությունն էլ մի դասարան վերանորոգի, որովհետև բոլոր դասարաններն էլ վերանորոգման կարիք ունեն: Երբ վերադարձա Ֆրանսիա, հեռուստամարաթոն արեցինք, մեկ շաբաթվա ընթացքում հավաքեցինք այդ գումարը և գեղեցիկ վերանորոգված, կահավորված ռազմագիտական դասարան պատրաստեցինք նույն այդ դպրոցում: Վերջերս տեղի ունեցավ այդ դասարանի բացման արարողությունը: Մեր այս բարեսիրական աշխատանքը շարունակություն կունենա: Շատ վատ վիճակում է դպրոցի տանիքը. մենք զրուցեցինք Նարինե Աղաբալյանի հետ և ասացինք, եթե իրենք տանիքը վերանորոգեն, մենք էլ մեկ ուրիշ դասասենյակ կվերանորոգենք:

-Ձեր զավակները հետևու՞մ են Ձեր օրինակին:

-Այո՛, Մասիսը մտավ շահութաբեր հիմնադրամի կազմակերպության մեջ, հիմա զբաղվում է Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում տների տանիքների վրա արևային մարտկոցներ տեղադրելու գործով:

Պարո՛ն Սիրաբյան, շնորհակալությու՛ն Ձեր ծավալած հրատարակչական, ստեղծագործական, մշակութային և բարեսիրական գործունեության համար, որն, ի շահ Հայրենիքի, իրագործում եք հեռավոր Ֆրանսիայում՝ երբևէ չմոռանալով Ձեր արմատները:

Կարինե Ավագյան

Scroll Up