«Հայաստանն իմ հոգու երկիրն է, իմ հիմքը». Արմեն Օրուջյան

Աշխարհով մեկ սփռված հայերը, թեև ծնվելով կամ էլ՝ շատ հաճախ նաև ապրելով օտարության մեջ, միշտ ապրում են Հայրենիք ունեցողի՝ երջանկության չմեկնաբանվող զգացումով, Հայրենիք, որի դռները միշտ բաց են իր զավակների առջև: Այդ զավակներից մեկի՝ ԱՄՆ-ից ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալկված՝ Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար, ATHGO միջազգային ընկերության հիմնադիր-նախագահ Արմեն Օրուջյանի հետ էլ ծավալվեց իմ հարցազրույցը «Հայերն այսօր»-ի համար:

-Պարո՛ն Օրուջյան, բարո՛վ եք եկել Հայրենիք. ասացեք, խնդրեմ՝ո՞րն է Ձեր առաքելության նպատակը Հայաստան և մասնավորապես՝ ՀՀ Սփյուռքի նախարարություն:

-Հայաստան եմ եկել իմ գործընկերներից մեկի հրավերով ՝բնապահպանությանն ոլորտին առնչվող հարցերով: Ես 10 տարի չեմ եղել Հայաստանում, իսկ այդ ընթացքում ծնունդ է առել Սփյուռքի նախարարությունը, որի ծավալած գործունեությունն ինձ հետաքրքրում է: Առաջին անգամ նախարարին հանդիպել եմ 2005-ին, Խորհրդարանում: Եկել եմ Սփյուռքի նախարարություն՝ հանդիպելու և զրուցելու նախարարի հետ, ներկայացնելու իմ ծրագրերը: Մասնավորապես ես եկել եմ ուսումնասիրություններ անելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում;

-Այսքան տարի անց կրկին Հայրենիքում եք. ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանը, Երևանը ՝ Ձեր աչքերով:

-Այսօր շատ մարդիկ խոսում ու հասկանում են անգլերեն, իսկ 2005-ին, երբ այստեղ էի, քչերն էին կարողանում հաղորդակցվել անգլերենով, ես խնդիրներ էի ունենում: Այսօր տեսնում եմ, որ նորարական տեխնոլոգիաները կայացել են Հայաստանում. ես եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում, «Այբ» կրթական համալիրում և հիացած ու զարմացած եմ: Այսօրվա Երևանում կան դրական շատ փոփոխություններ, սակայն կանա՛չն է պակասում:

-Արմե՛ն, ի՞նչն էր Ձեր՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառը:

-Մեր ընտանիքը տեղափոխվել է, երբ ես 15 տարեկան էի. դա իմ որոշումը չէր, սակայն ես անկեղծ եմ և պետք է ասեմ, որ ուրախ եմ այնտեղ ապրելուս համար, քանի որ դա օգնեց ինձ դառնալու այն, ինչ կամ այսօր:

-Մտադրություն ունե՞ք երբևէ վերադառնալ ու հաստատվել Հայաստանում:

-Ես անկեղծ կլինեմ. սիրում եմ Կալիֆորնիան, Լոս Անջելեսը, որտեղ ապրում եմ և որը ես անվանում եմ ՝տուն: Հայաստանն այն վայրն է, որտեղ իմ հոգին է, որին ես հոգեպես շատ ամուր եմ կապված:

-Համոզված եմ, որ գիտեք Արցախ աշխարհի և նրա խնդիրների մասին. մտադի՞ր եք արդյոք ներդրումներ անել այնտեղ, մասնակից լինել Արցախի և արցախցիների լավագույն ներկայի ու ապագայի կերտմանը:

-Ես Արցախը համարում եմ Հայաստանի անբաժանելի մաս և ինչ էլ անեմ, դա լինելու է ողջ Հայաստանի համար:

-Արմե՛ն,  ընտանիքում հայերե՞ն եք խոսում. Ձեր երեխաները, Ձեր երկրորդ կեսը…

-Ես ծնվել եմ ու մինչև 15 տարեկան դառնալս ապրել եմ Հայաստանում, շատ լավ հասկանում եմ հայերեն, նաև խոսում եմ հայերեն, իհարկե, հիմնականում՝ ընկերներիս հետ, սակայն գործնականում խոսում եմ անգլերեն: Ասեմ, որ կրթությունս էլ ռուսական է, դժվարանում եմ գրել հայոց լեզվով, հայերենի բառապաշարս քիչ է: Իմ երկրորդ կեսը, ում հետ արդեն 15 տարի ապրում եմ, հայուհի է, երեխաներ դեռ չունենք:

-Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, առաջին վայրը, ուր ձգտում եք լինել, ո՞րն է:

-Բնականաբար, առաջին հերթին ձգտում եմ հանգիստ առնել, այնուհետև գնալ Հանրապետության հրապարակ. շատ եմ սիրում թամանյանական ճարտարապետության գլուխգործոցները:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, ի՞նչ եք զգում՝ Հայաստան ասելիս:

-Հայրենիքն իմ հիմքն է, իմ հոգու երկիրը:

-Ո՞րն է լավագույն հայի տեսակը Ձեզ համար, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել հային:

-Ինձ համար կարևոր է, որ մեր ազգն աճի, առաջընթաց ունենա: Մենք հին ազգ ենք, բայց շարունակ ներկայացնել աշխարհին, որ մենք անցյալում այս կամ այն արժեքներն եք ունեցել, քիչ է. մենք պետք է կարողանանք այսօր էլ դրսևորել մեզ, պետք էլ չի ցուցադրել, կարևորը հաջողություն ունենալն է, իսկ դա ինքն իրեն կերևա: Հային կցանկանայի միշտ տեսնել ստեղծող ու հաջողակ:

-Պարո՛ն Օրուջյան, շնորհակալությո՛ւն: Հուսանք, որ Ձեր հոգու երկիրը մի օր անպայման կդառնա Ձեր միակ ու անփոխարինելի հանգրվանը:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

img_7494

Scroll Up