«SOS Մանկական գյուղեր» միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչները Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց «SOS Մանկական գյուղեր» միջազգային կազմակերպության ԱՊՀ երկրների, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի արտակարգ իրավիճակների ծրագրի պատասխանատու Էսթեր Կոսային, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կատերին Իլևսկային, Հայաստանի «SOS Մանկական գյուղեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանին, հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանին և ծրագրերի զարգացման պատասխանատու Սյուզան Բադեյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց «SOS Մանկական գյուղեր» միջազգային կազմակերպության առաքելությունը, Հայաստանի «SOS Մանկական գյուղեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է  ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքի կազմակերպմանն ու զարգացմանը: Նա առանձնակի կարևորեց մարդասիրական նման ծրագրերի հետևողական իրագործումը և զարգացումը, հատկապես Հայաստանում Երիտասարդական տների ստեղծումը: Սփյուռքի նախարարը  շնորհակալություն հայտնեց    հիմնադրամին սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, նրանց ինտեգրման գործընթացի կազմակերպումը: Նա անդրադարձավ սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին, սիրիահայերի  զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին: Նախարարը նշեց, որ չնայած Հայաստանում լուծվել են սիրիահայերի առողջապահական, կրթական, սոցիալական և այլ խնդիրները, սակայն դեռ լուծման կարիք ունեն նրանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու հարցերը և ընդգծեց, որ միջազգային կառույցների հետ համատեղ այս խնդիրների լուծումն առավել դյուրին կլինի:

Նախարարը կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ միջազգային հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:

«Տարածաշրջանը լարված է, սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան շարունակվում է: Նրանց համար պայմաններ ստեղծելով՝ թեթևացնում ենք նաև հոսքը դեպի եվրոպական և այլ երկրներ: Անհրաժեշտ է համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք կօգնեն սիրիահայերին հաստատվել Հայաստանում», – հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up