«Յուրաքանչյուր հայի համար Արցախը սրբավայր է».ամերիկահայ իրավաբան
«Հայերն այսօր»-ի զրուցակիցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախագահ Հարություն Հարությունյանն է:
Նա սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան, ապա սովորել է Հարավարևմտյան համալսարանի իրավաբանության դպրոցում, իրավագիտության դոկտոր է: Աշխատանքային գործունեությունը շարունակել է Գարո Ղազարյանի իրավաբանական գրասենյակում, ապա սեփական՝ «Հարություն Հարությունյան իրավաբանական գրասենյակ»-ում ՝ որպես իրավաբան: Գլենդելի իրավաբանական խմբի հիմնադիր անդամ է և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի գործադիր տնօրեն:
-Պարո՛ն Հարությունյան, ո՞րն է եղել «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության ստեղծման շարժառիթը:
-«Միացյալ հայ երիտասարդներ» անկախ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2001 թվականին՝ Լոս Անջելեսի «Little Armenia» թաղամասում նախաձեռնած քայլարշավ-ցույցով:
Ստեղծելով կազմակերպությունը՝ նախ նպատակ ունեինք բարձրաձայնել հայ երիտասարդին հուզող խնդիրները՝ դրանց դրական լուծումներ տալու համար: Այնտեղ, որտեղ հակահայկական տրամադրություններ ենք նկատում, շտապ արձագանքելով՝ հակազդում ենք և համապատասխան քայլեր ձեռնարկում:
Կազմակերպությունը պայքարում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ազգերի (Դարֆուր, Սուդան) դեմ տեղի ունեցած անարդարությունների դատապարտման և ճանաչման համար: Գործուն քայլեր ենք ձեռնակում նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի ուղղությամբ: Հասել ենք այն արդյունքին, որ մեր ջանքերով 2014թ. ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։
Շուրջ 10 տարվա իրականացրած աշխատանքերը բազմաթիվ են ու տարաբնույթ.ինչպես հայտնի է, Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները մերժեցին Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային պաստառի ցուցադրման համար տարածք տրամադրել, և այս խնդրի լուծման հետ կապված մեր կազմակերպությունը նույնպես մասնակցություն է ունեցել: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի դեմ ուղղված բողոքի ցույցերն ենք կազմակերպել, մասնակցել ենք Գլենդելի քաղաքապետի ընտրությունների աշխատանքներին և այլն:
Նշեմ նաև, որ 2007 թվականին անվճար հիմունքներով հայկական դպրոց ենք բացել, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, մշակույթ: Դպրոցի աշխատանքներն սկսեցինք հինգ աշակերտով, իսկ այժմ յոթանասուն աշակերտ ունենք:
–Արդարության դեմ պայքարում քանի՞ հոգի է ընդգրկված, և ովքե՞ր կարող են ներգրավվել կազմակերպության շարքերում:
-Տարիների ընթացքում կազմակերպության կազմում եղել են տարիքային տարբեր խմբերի, տարբեր երկրներից ԱՄՆ եկած ավելի քան 700 հայ մարդ: Մեր դռները բաց են բոլորի առջև: Պատրաստ ենք աշխատելու մեզ հետ համագործակցել ցանկացող շահագրգիռ բոլոր անհատների և կառույցների հետ:
Մեր սերտ համագործակցության շրջանակներում է նաև Գլենդելում ՀՀ հյուպատոսությունը:
– Ի՞նչն է Ձեզ առաջ մղում՝ այս աշխատանքները կատարելու:
-Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվեց երիտասարդական շարժումից: Մի կարևոր բացթողում կար, որը պետք էր լրացնել: Հարկավոր էր համայնքը համախմբել, հայ երիտասարդներին թույլ չտալ կտրվել իրենց արմատներից, կապվել Հայաստանին՝ այդպիսով նրանց ներգրավելով հայապահպան աշխատանքներում: Եթե մենք՝ երիտասարդներս, նմանօրինակ քայլեր չձեռնարկենք ու պահանջատեր չլինենք, ապա ո՞վ պետք է մեր փոխարեն դա անի:
Այս աշխատանքները կատարելուն շատ է օգնում իրավաբանական կրթությունս: Ի դեպ, կազմակերպության ղեկավարների մեծ մասը իրավաբաններ են:
-Ներկայում ո՞րն է կազմակերպության առաջնահերթ խնդիրը:
– Այժմ մեզ համար օրակարգային է Գլենդելի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու հարցը: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում՝ մեր թիկունքում ունենալով Գլենդելի չորս հայ քաղաքական գործիչների աջակցությունը:
Երկու տարի առաջ Գլենդելի ներկայիս քաղաքապետ Վարդան Կարապետյանի հետ կարողացանք հարցը ներկայացնել համապատասխան ատյաններին: Լիահույս եմ, որ մի քանի ամիս հետո կազդարարենք այս կարևոր հարցի իրականություն դառնալու լուրը:
-Պարոն Հարությունյան, ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ զգացողություն է Ձեզ պատում՝ Արցախ ասելիս:
-Համոզված եմ՝ յուրաքանչյուր հայի համար Արցախը սրբավայրն է, որն ամեն գնով պետք է մեր համախմբված աշխատանքի միջոցով պահպանենք:
ԱՄՆ-ից հետևում ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք չենք ուզում որևէ տարածք նահանջած տեսնել, այլ մեր սերունդների համար ցանկանում ենք խաղաղ կյանք ապահովել: Գործնական քայլերով պետք է հակառակորդներին ստիպել լռել և ընդունել, որ Արցախը եղել և մնում է հայկական տարածք.Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ շատ բան սովորեցրեց:
-«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպությունն իր գործունեության ընթացքում Հայաստանի հետ կապը որքանո՞վ է պահպանում:
–Մեր ուշադրության կենտրոնում միշտ Հայաստանն է ու հայ ժողովուրդը՝ անկախ այն հանգամանքից, գալիս ենք Հայաստան, թե՝ ոչ: Հուսով ենք՝ հետագայում Հայաստան այցելությունները պարբերական բնույթ կկրեն և համագործակցության դաշտը կսերտացնենք Հայրենիքի հետ:
Մինչ այս մտածել ենք Լոս Անջելեսի հայ համայնքը ավելի զորացնելու և համախմբելու մասին: Մենք մտահոգ ենք Հայաստանի զարգացման համար, ուզում ենք մեր Հայրենիքում դրական շատ փոփոխություններ տեսնել, իսկ այդ գործում կարող ենք հաջողության հասնել միայն համակարգված աշխատանքի շնորհիվ:
Հայաստան կատարած այցելության շրջանակներում հանդիպեցի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության ակտիվ, ազգանպաստ գործունեությունը և նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար է, որ մեր կազմակերպությունն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրին:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի