«Սփյուռքի մեջ հայերին միավորողը եկեղեցին է». Անդրանիկ ավագ քահանա Մալջյան

  ՀՀ սփյուռքի նախարարությունը, հիրավի, տուն  է՝տան մեջ, որի  դռները  միշտ բաց են  աշխարհի բոլոր ծագերում ապրող մեր հայրենակիցների համար: Նրանցից շատերն  օտար եզերքում  իրենց  շուրջ ստեղծում են մի կանաչ օազիս-Հայաստան՝ պահպանելու  մեր հավատքն ու լեզուն, մեր դարավոր մշակույթը, մեր սովորույթներն ու հայեցի դաստիարակության, կրթության ավանդույթները: Նրանցից մեկի՝ Ֆրանսիայի Վալանս  քաղաքի  հայկական համայնքի հոգևոր հովիվ  Անդրանիկ  քահանա  Մալջյանի  հետ  «Հայերն այսօր»-ի համար ծավալված հետաքրքիր զրույցի  առանցքը,  որին մասնակից էին  երեցկին  Ռուզան Մալջյանը և Վալանսի  հայկական  ռադիո «Ա»-ի ներկայացուցիչ, հայկական մեկօրյա դպրոցի արևելահայերենի ուսուցչուհի  Սուսան Փահլևանյանը, վերաբերում էր հե՛նց այդ հարցերին: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ զրույցը:

-Տե՛ր հայր, բարով եք եկել Հայրենիք. առաջին հարցս, որն ուղղում եմ Ձեզ, վերաբերում է Ձեր շուրջ, հայկական եկեղեցու շուրջ համախմբված մեր հայրենակիցների հավատքի ամրությանը, հաստատակամությանը. որքանո՞վ է նրանցում  զորեղ  հավատքը:

-Ամեն  հայ հավատացյալ է, սակայն այդ հավատքը գործի դնելու դժվարությունները միշտ կան: Մարդիկ հավատք ունեն, բայց հավատքի գիտությունը չունեն: Վալանսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցին լի է հավատացյալներով, բայց դա  հավատավոր ժողովրդի ընդհանուր պատկերը չի ներկայացնում, որովհետև Վալանսում 15 հազարից ավել  հայություն է ապրում: Սփյուռքի մեջ հայերին միավորողը եկեղեցին է, համայնքը:

-Գուցե  մի քիչ  զարմանալի թվա,  բայց  ինձ  հետաքրքրում է նաև աղանդների հետ կապված հարցը. արդյոք  Վալանսում  է՞լ կան աղանդներին  հետևող հայեր:

Այո՛, կան, և դրանք հիմնականում Եհովայի վկաների հետևորդներ են. քիչ է նրանց թիվը, սակայն դա, այնուամենայնիվ, մտահոգվելու  տեղիք է տալիս: Այդ աղանդի համար մարդորսությունը նպատակակետ է:

-Տե՛ր հայր, անշուշտ, կատարում եք մկրտության, պսակադրության արարողություններ, հոգեհանգստյան  կարգ. ասացեք, խնդրեմ՝ արդյոք մկրտվողների թի՞վն է շատ, թե՞ պսակվողներինը:

-Երկուսն  էլ շատ են եղել, սակայն վերջերս ավելի  շատ է մկրտվողների թիվը:

-Դուք Ձեր հոտին առաջնորդու՞մ եք բոլոր միջոցառումների, կարևոր իրադարձությունների  ժամանակ, ասենք՝ Հայոց  ցեղասպանության հիշատակության օրվա, Արցախի հետ կապված իրադարձությունների և այլ առիթների դեպքում:

-Այո՛, հոգևոր հովվի ներկայությունը բոլոր առումներով կարևոր է:

-Տե՛ր հայր, Դուք նաև  վանքապատկան մեկօրյա հայկական դպրոցի տնօրենն եք, ստանձնել եք երկու շատ կարևոր՝ հոգևոր հովվի և դպրոցի տնօրենի  պարտականությունները. դժվար չէ՞…

-Դյուրին չէ, անշուշտ, բայց, հիրավի, շատ կարևոր ու ազգապահպան առաքելություններ են, և ես սիրով եմ դրանք հանձն առել: Մեր դասերը սկսում ենք վաղ առավոտյան եկեղեցում փոքրիկ ժամերգությունից հետո՝ երգելով «Առավոտ լուսո»-ն և Տերունական աղոթքով, որից հետո միայն սկսում ենք  պարապմունքները: Եթե եկեղեցական, կամ հայկական ավանդական, Հայաստանի պետական որևէ տոն է լինում, նաև մի փոքրիկ զրույց եմ ունենում այդ թեմաներով, համառոտ բացատրություններ եմ տալիս այդ մասին: Դպրոցում  երեխաները սովորում են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, կրոն. այս ամենը համակցված՝ մատուցում ենք մեր աշակերտներին:

-Ընտանիքների  հետ կապ ունե՞ք,  ծնողներն ինչ-որ ձևով աջակցու՞մ  են  Ձեզ:

-Այո՛, կապը ընտանիքների հետ կա, ծնողական հանձնախումբ ունենք, որը մեզ օգնում է միջոցառումներ կազմակերպելու հարցերում: Ծնողներն էլ, իրենց հերթին,   թարմ, հետաքրքիր  գաղափարներ, նոր մտահղացումներ են առաջարկում:

-Երեխաները փոքր-ինչ տեղեկացվա՞ծ են հայաստանյան հետաքրիքիր իրադարձություններից, արցախյան պատերազմից:

-Այո՛, այնքանով,  որքանով անհրաժեշտ է մանուկ հոգիների համար: Մեր դպրոցի աշակերտները նամակներ են գրել հայ զինվորներին, և այսօր մենք նախարարությունից ստացել ենք դրանց պատասխաններն ու տանում ենք Վալանս. պատկերացնում եմ երեխաների ուրախության ու հուզմունքի չափը: Մեր նպատակն է, որ երեխաները միշտ կապ ունենան Հայրենիքի հետ:

-Ինչի՞ կարիք ունի  Ձեր դպրոցը՝ դասագրքերի՞,  գեղարվեստական  գրականությա՞ն, ուսումնական ծրագրերի՞…

-Ունեինք  գրքերի կարիք. այս տարի Սփյուռքի նախարարությունից ստացանք և՛ գեղարվեստական գրականություն, և՛ դասագրքեր, որի համար անչափ շնորհակալ ենք  ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Մինչ այդ՝ Նյու Յորքի առաջնորդարանից ստանում էինք Սիլվա Ստեփանյանի արևմտահայերենով կազմած դասագրքերը: 10-15 տարի առաջ զգացի, որ անհրաժեշտություն կա՝ դասավանդելու նաև արևելահայերենով, որովհետև  ունենք աշակերտներ, ովքեր Հայաստանից են և, առհասարակ, լավ է գիտենալ և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն: Արևելահայերենի 3 դասարան ունենք  այսօր: Դպրոցում սովորում է 175 աշակերտ:

-Տե՛ր  հայր,  երկու ծանր, պատասխանատու  պարտականություն եք ստանձնել. ո՞րն է Ձեզ համար առավել կարևոր:

-Բնականաբար, երկուսն էլ շատ կարևոր են և ունեն հայապահպան առաքելություն, սակայն ինձ համար շատ կարևոր է երեխաների դաստիարակությունը, նրանց կրթելը, նրանց հոգում հայրենասիրության կրակն անմար պահելը: Դաստիարակությամբ կարելի է հասնել և՛ ճշմարիտ հավատքի, և՛ գրագիտության, իսկ հավատքի սերմերը մանկուց պետք է սերմանել երեխաների հոգում: Դպրոցը, հոգևոր  կենտրոնից այն կողմ, առաջին կարևորագույն օղակներից է:

«Սուրբ Սահակ» հայկական առաքելական եկեղեցուն կից «Դավիթ Դավիթյան» հայկական մեկօրյա դպրոցը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է  մայրենի լեզվին նվիրված շարադրություններին ունեցած ակտիվ մասնակցության համար: Շա՛տ շնորհակալություն տիկին Հակոբյանին՝ մեր աշակերտների մասնակցությունն այդ մրցույթում արժևորելու և գնահատելու  համար:

Մի  փոքր  անդրադարձ կատարենք  նաև Ձեր արմատներին  ու կենսագրությանը. ինչպե՞ս  կայացրիք  հոգևորական դառնալու Ձեր որոշումը:

-1974 –ին Սիրիայից ենք եկել ու հաստատավել Վալանսում: Ֆրանսերենով եմ ստացել կրթությունս, աշխատել եմ առևտրային մի կազմակերպությունում: 30  տարեկանում եմ ընդունել հոգևորական դառնալու որոշումը. քեռիս՝ Նարեկ ավագ  քահանա  Վարդանյանն,  առաջարկեց, որ  հաջորդեմ իրեն:  Ես մոտ 6 ամիս մտածեցի և հասկացա, որ դա Աստծո կանչն է. եկա Հայաստան՝ Էջմիածին, երկու տարի սովորեցի Քահանայից լսարանում, սարկավագ դարձա, գտա իմ  երկրորդ կեսին՝ Ռուզանին, ամուսնացանք և  վերադարձա  Վալանս՝ ստանձնելով տեղի հայկական համայնքի հոգևոր հովվի, հետագայում՝ նաև դպրոցի տնօրենի  պարտականությունները: Երեցկինը՝ Ռուզանը, երկար տարիներ հայերեն է դասավանդել, ի՛նքն է դպրոցում դրել արևելահայերենի հիմքը, եղել արևելահայերենի առաջին դասավանդողը. որպես երեցկին՝ միշտ իմ կողքին է եղել: Այժմ նա  աշխատում է քաղաքապետարանում:

-Դպրոցի  հետ  կապված՝ ինչպիսի՞ ցանկություն, ծրագրեր ունեք:

-Ցանկությունս է, որ ավագ սերունդը ազգային բոլոր արժեքները փոխանցի նոր սերնդին:  Դպրոցի շենքի վերանորոգման լուրջ ծրագիր ունենք: Շենքը շատ հին է, այն դեռևս 1876-ին կառուցված կաթոլիկ հին եկեղեցու շինություն է: Մենք կարողացել ենք վերանորոգել, բարեկարգել առաջին հարկը, 2-րդն ու 3-րդը դեռևս վերանորոգված չեն: Այս տարի Ֆրանսիայի պետական աջակցությամբ մեծ հնարավորություն ունենք շենքը վերանորոգելու և ձեռք բերելու 4 բնակարան՝ վարձակալությամբ տալու և այդ գումարով հոգալու դպրոցի ծախսերը:

-Տե՛ր հայր, Դուք ծնվել եք Սիրիայում. այն, բնականաբար, Ձեր անմոռանալի ծննդավայրն է, հոգևոր կրթություն եք ստացել Հայաստանում, ապրում ու աշխատում եք Ֆրանսիայում՝ Վալանսում. որտե՞ղ է Ձեր հոգին:

-Այո՛, ծննդավայրս Սիրիան է, որի հետ են կապված մանկության հուշերս, որտեղ հարազատներ, ծանոթներ ունեմ: Սիրում եմ Վալանսը, որովհետև գիտակցական կյանքիս մեծ մասն այնտեղ եմ ապրում, այնտեղ եմ աշխատում, Վալանսի հայկական եկեղեցում է իմ փոքրիկ Հայաստանը,  իսկ հոգիս Հայաստանո՛ւմ է՝ իմ Հայրենիքում: Բախտավոր ենք, որ Հայրենիք ունենք. որքա՜ն ազգեր մնացին անհայրենիք…Պետք է փայփայենք ու ամուր պահենք այս մի բուռ Հայաստանը, հայոց լեզուն, մեր հավատքը:  Հայապահպանության գործում մեծ դեր ունի  եկեղեցին:

-Դուք հոգևորական եք,  Աստծու՛ց  եք ընտրված,  ի՞նչ է հուշում  հավատքով զորացած Ձեր  ներքին  ձայնը՝  ինչպիսի՞ն  եք տեսնում Հայաստանի ապագան:

-Լավատես եմ. ես երկու տարի սովորել  եմ  Էջմիածնում, ապրել Հայաստանում: Ամեն անգամ Հայաստան այցելելիս՝ ես  առաջընթաց եմ տեսնում, որն ավելի լավ ապագայի  շոշափելի  նշան է: Այսօր բոլորիս  միակ խնդիրը Արցախը պահելն է, անկարելի բան չկա՛ Աստծո համար: Ես հույսով եմ լցված Հայաստանի առավել լավ ու հզոր ապագայի հանդեպ:

Ահա  այսպիսի  լավատեսական  խոսքերով էլ  ավարտում  եմ  իմ  հարցազրույցը Անդրանիկ ավագ քահանա Մալջյանի հետ ՝ կրկին համոզվելով,  որ աշխարհի տարբեր  երկրներում  ապրող ու արարող  մեր հայրենակիցներին Հայրենիքի շուրջ համախմբելու ուղիղ  ճանապարհը  հավատքն է ՝ առ Աստված,  ինչպես նաև ՝ Արարչագործ  հնամենի մեր ժողովրդին միավորելու առաջին նախապայմաններից մեկն էլ Սե՛րն է՝ Հայրենիքի ու միմյանց հանդեպ:

Կարինե  Ավագյան

Հ.Գ. Հավելենք, որ օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում Տեր Անդրանիկ քհն. Մալջյանին փոխանցվեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր՝ «Իմ քաղցր լեզու» շարադրությունների մրցույթին ակտիվ մասնակցության համար,  իսկ Վալանս քաղաքում գործող «Ռադիո Ա»-ի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցանակաբաշխության «Լավագույն լրատվամիջոց» անվանակարգի դիպլոմը հանձնվեց հաղորդավար Սուսաննա Փահլևանյանին:

 

 

Scroll Up