Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 18-ին ընդունեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Եվրոպայի երկու հայկական կառույցների գործունեությունը, որն ուղղված է Արցախի անկախության ճանաչմանը, հայկական խնդիրների լուծմանը, ակտիվ հայ երիտասարդների ներուժի համախմբմանը: Նա կարևորեց տարածաշրջանային կառույցների ձևավորումն ու դրանց համահայկական ցանցի ստեղծումը:
Շահնուր Մինասյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ այժմ երկու կառույցների գործունեությունն էլ ուղղված է «Մենք ուզում ենք Եվրոպա Արցախում» ծրագրի իրակնացմանը: Նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարին, պատրաստվել են նամակներ՝ ուղղված եվրոպական բոլոր կառույցներին: Նա նշեց, որ ի պաշտպանություն Արցախի, հունիսի 7-ից սկսվել է ստորագրահավաք, կազմակերպվել է մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում:
Շ. Մինասյանը նշեց. «Արցախը միակ չճանաչված պետությունն է, որտեղ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ու Հյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից»:
ԵՄ-ի ներգրավվածությունը կօգնի Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության կարիքների բավարարմանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
Փոխել Եվրամիության դիրքորոշումը Արցախի վերաբերյալ հնարավոր է: Հունիսի 7-ին ՀԲԸՄ Եվրոպային մեկնարկած ստորագրահավաք-արշավին միացել է ավելի քան 1400 եվրոպացի, այդ թվում՝ 60-ից ավելի հասարակական գործիչներ գիտության և արվեստի, քաղաքականության և հանրային բնագավառներից:
ՀԲԸՄ Եվրոպան հրապարակել է տեսանյութ և տեղեկատվական փաթեթ, որի նպատակն է բացատրել ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը Արցախում»:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի կազմակերպչական և բովանդակային խնդիրներ, եվրոպական երկրների երիտասարդության մասնակցության հետ կապված հարցեր: