Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ արվեստագետների

Հուլիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երևանի պատմության թանգարանում բացված «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդսում իրենց աշխատանքները ներկայացրած արվեստագետներ Արփինե և Սարին Ոսկյաններին, Տանիա և Լենա Այդընյաններին և Սելին Չաղլասյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց լիբանանահայ գեղանկարիչ Լենա Այդընյանի՝ Հայրենիքում սփյուռքհայ արվեստագետների 3 գերդաստանների 4 տարբեր սերունդների ստեղծագործությունները ցուցադրելու նախաձեռնությունը, որը կազմակերպվեց «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Երևանի պատմության թանգարանում: Նա նշեց, որ արվեստի հանդեպ սերնդեսերունդ փոխանցվող սերն ու նվիրումը տարածված երևույթ է Սփյուռքում, որը ևս մեկ անգամ վկայում է տարբեր երկրներում հայ մշակույթի պահպանման և զարգացման մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնակի կարևորեց ցուցահանդեսը Սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում իրականացնելը և գոյացած հասույթի մի մասը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին տրամադրելու սփյուռքահայ արվեստագետների ցանկությունը:

Սփյուռքում հայկական ինքնությունը, հայի տեսակն ու ոգին պահպանելու, երիտասարդ սերնդի մեջ արվեստի միջոցով հայապահպանության ազդակներ հաղորդելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Արփինե և Սարին Ոսկյաններին, Տանիա և Լենա Այդընյաններին և Սելին Չաղլասյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Ֆրասիայում բնակվող Տանիա Այդընյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար, նշեց, որ ինքը երեք տարի առաջ է առաջին անգամ Հայաստան եկել և սիրահարվել է, նրան ձգում է այն բացառիկ էներգիան, որը իրեն ուժ է տալիս, և իր նպատակն է արվեստի միջոցով ֆրանսիացիների մեջ հետաքրքրություն առաջացնել Հայատանի նկատմամբ, նրանց ուղղորդել դեպի առաջին քրիստոնեական երկիր:

Scroll Up