Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի հոբելյանական համերգին
Հուլիսի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Հայաստանի պարարվեստի գործիչների միության աջակցությամբ կազմակերպված Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Խմբի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրն է Հայաստանի «Բերդ» պարային համույթի նախկին կատարող Արման Վարդանյանը, պարուսույցն է Նաիրա Վարդանյանը:
Հայկական ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկան «Հայաստան» պարախմբի 70 սաներ:
Պարախմբի հիմքի վրա ստեղծվել է «Հայաստան» մշակութային կենտրոնը, որի գլխավոր մասնաճյուղը գտնվում է Նորթ Հոլիվուդում, մասնաճյուղեր են գործում նաև Գլենդելում, Փալմդելում, Սանտա Կլարիտում: Կենտրոնն ունի երգի, պարի, ասմունքի, թատերական և այլ դասարաններ: Պատրաստվում է առաջիկայում ընդլայնել ուղղություններն ու մեծացնել սովորողների թիվը:
Համերգի վերջում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց պարախմբի ղեկավարներին և կատարողներին, նրանց հետ Հայրենիք ժամանած 30 ծնողներին, ինչպես նաև «Հայաստան» մշակութային կենտրոնի ողջ ստեղծագործական խմբին և սաներին պարային համույթի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ, բարձր գնահատեց տեր և տիկին Վարդանյանների՝ սփյուռքում հայ մշակույթի ջահը վառ պահելուն ուղղված ջանքերը, մաղթեց նոր ստեղծագործական նվաճումներ, նոր բեմեր: Նա իր գոհունակությունը հայտնեց պարախմբի հիմքի վրա մշակութային կենտրոնի ստեղծման վերաբերյալ և նշեց, որ Վարդանյան ամուսինները 500 հայ երեխաների ամուր կապում են ազգային ոգուն ու մշակույթին:
Երկարատև և անխոնջ աշխատանքի, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայ մշակույթը Սփյուռքում տարածելու համար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով և պատվոգրով պարգևատրեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբին: