Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի բազմաբնույթ գործունեությունը, հայապահպանությանն ուղղված ջանքերը և իր գոհունակությունն արտահայեց այն փոփոխությունների ու նորամուծությունների համար, որ Քուվեյթի ազգային վարժարանում ներդրել է Ներսես Սարգիսյանը: Սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց դպրոցի տնօրենի կողմից «Հայ դատ» առարկայի դասավանդումը կրթօջախում:
Ներսես Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին այն հետևողական աջակցության համար, որ ցուցաբերում են Քուվեյթի ազգային վարժարանին: Նա կարևորեց հատկապես դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումը դպրոցին, սաների մասնակցությունը «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին և նշեց, որ Սփյուռքում կրթական կյանքը ինքնանպատակ կդառնա, եթե չառնչվի Հայրենիքին: Ն. Սարգիսյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է հայկական եկեղեցու կառուցումը, և համայնքի ողջ ուշադրությունը սևեռվել է վարժարանի վրա: Կրթօջախի տնօրինությունը համախմբել է համայնքում գործող բարձրակարգ մասնագետներին և փորձում է հիմնավոր բարեփոխումներ իրականացնել՝ առավել գրավիչ, հաճելի ու ինտերակտիվ դարձնելով կրթական գործընթացը:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը վերաբերող հարցեր: