Մեկնարկում է ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը

Հունիսի 19-ին, ժ.10:30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Առաջին փուլին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ  7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:

Մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը  «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: 2009-2016թթ. ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել շուրջ 6601 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 54 երկրից:

«Արի տուն» երկշաբաթյա ծրագիրն ամեն տարի իրականացվում է 8 փուլերով, այս տարի՝ հունիսի 18-ից մինչև օգոստոսի 26-ը: 2017թ. նախատեսվում է 13-18 տարեկան 1000  սփյուռքահայ պատանիների ու աղջիկների մասնակցություն ծրագրին:

Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալման 9 և ճամբարային 5 օրերի ընթացքում այցելում են Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, թանգարաններ, հանդիպում են պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվում մասնակիցների հայոց լեզվի 5-օրյա արագացված դասընթացներին:

Scroll Up