«Պնակ մը տաք ճաշ»-ն ու լուսանկարչի մեծ աշխարհը

Ծովից  ծով Հայաստան, Պատմական  շքեղ Հայրենիք  ունեցած հային  տարբեր դարաշրջաններում բաժին է հասել բռնի ուժով իր նախնիների հողից զրկվելու  ու զարկվելու դառը ճակատագիրը: Սփյուռք և հայրենադարձություն, ներգաղթ ու արտագաղթ բառերն ասես  ծնվել են հայի հետ, սակայն  Աստծո կամոք,  աշխարհի տարբեր ծագերում ապրող  բոլոր հայերը մի օր հավաքվելու են հայրենի հողում և ստեղծելու են հզոր Հայաստան:  Վերջին տարիներին Հայաստան վերադարձող , հայրենադարձվող հայության թիվն  էականորեն ավելացել է: Մեր հայրենակիցների մի մասը Հայաստան է եկել  շատ տարիներ առաջ, գտել իր տեղն ու դերը մեր հասարակության  մեջ, կայացել իբրև մասնագետ: Նրանցից մեկն էլ 12 տարի առաջ Հայրենիքում հաստատված  Գաբրիել Փանոսյանն է,  ում հետ հետաքրքիր զրույց ծավալվեց «Հայերն այսօր»-ի խմբագրությունում:

-Պարո՛ն Փանոսյան, պատմեք , խնդրեմ Ձեր՝ հայ մարդու ոդիսականի մասին:

– Ես մուսալեռցիների  զավակ եմ, ծնվել եմ Լիբանանում, ապրել եմ Միացյալ Նահանգներում, իսկ 12 տարի առաջ հաստատվել եմ Հայաստանում: Ահա իմ ոդիսականը:

-Ի՞նչը պատճառ դարձավ  Ձեր հայրենադարձվելուն:

-Լիբանանում երկար տարիներ ես սկաուտների խմբապետ եմ եղել. իմ խմբի երեխաներին շարունակ հայրենասիրություն եմ քարոզել, նրանց  սովորեցրել եմ հողով, քարով Արարատ լեռ սարքել և միշտ մտածել եմ, որ ես ժամանակավոր եմ ապրում Լիբանանում, որ ես տեղացի չեմ ու մի օր պիտի գնամ իմ Հայրենիք: Այդ ժամանակ, երբ դեռևս Հայաստանում խորհրդային կարգերն էին իշխում, Հայաստան գալն  աներևակայելի էր: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 1974 թվականի հոկտեմբերի 9-ին, որից հետո, վերադառնալով Լիբանան, իմ տպավորությունները փոխանցել եմ շրջապատիս: Երկրորդ անգամ Հայաստանում եղել եմ 1991-ին՝ ՀՀ նախագահի ընտրության օրերին. հենց այդ ժամանակ մի շարք թղթակցություններ արեցի:  Հետագայում ընտանիքով փոխադրվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ…բայց հասկացա, որ դա էլ իմ տեղը չէ: Երբ Հայաստանում անկախություն հռչակվեց, ես որոշում կայացրեցի, որ պետք է Հայաստան գամ: Այդ տարիներին Սան ֆրանցիսկոյում  ղեկավարում էի «Համազգայինի ձայն»  ռադիոժամը: Ես  էլեկտրականության  մասնագետ եմ, սակայն մշտապես կապված եմ եղել արվեստի աշխարհին: Դեռ մանկուց հետաքրքրված եմ եղել նկարչությամբ. մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ՝  ափսոսում եմ, որ Հայաստանում չեմ ծնվել, թե չէ՝ բոլորովին ուրիշ ճակատագիր կունենայի, նպաստավոր միջավայր կլիներ իմ մասնագիտական կողմնորոշման համար, ներքին ապրումներս արտահայտելու հնարավորություն կունենայի իմ ստանալիք կրթությամբ:

-Գաբրիե՛լ, Դուք հիմնականում զբաղվում եք լուսանկարչությամբ և, կարծես թե, հե՛նց այդ  ոլորտում էլ կայացել եք…ինչպե՞ս  հայտնվեցիք այդ դաշտում:

-Ես արդեն ասացի, որ միշտ ձգտում ու սեր եմ ունեցել արվեստի, մշակույթի հանդեպ, առիթ եմ ունեցել թղթակցություններ անելու, ռադիոժամ ղեկավարելու, իսկ  լուսանկարչության բնագավառում ներկայացա մի հետաքրքիր դիպվածով. ցույցերից մեկի ժամանակ մի լուսանկար արեցի, որում Կիրո Մանոյանը փաթաթվել էր մի ձողի, և օրենքի պահապանները նրան չէին կարողանում պոկել, ետ քաշել այդ ձողից: Այդ լուսանկարն ուղարկեցի «Ազդակ» օրաթերթին, նրանք շատ հավանեցին նկարը, և այն  իմ անուն-ազգանունով տպագրվեց: Լուսանկարը շատերի ուշադրությունը գրավեց, ու  ես օրաթերթի   ֆոտոլրագրողը դարձա: ՀՀ Սփյուռքի նախարարության հետ  ստեղծման առաջին իսկ օրվանից սկսել եմ համագործակցել նախարարության հետ, նախարարն  ինձ շատ է քաջալերել, որի համար երախտապարտ եմ: Մինչ օրս էլ շարունակվում է մեր համագործակցությունը. մեծ սիրով եմ մասնակցում նախարարությւան բոլոր միջոցառումներին: Հարգարժան նախարարը կարծում էր, թե ես «Ազդակ»-ի պաշտոնյա եմ և զարմացավ՝ իմանալով, որ ես իմ նախաձեռնությամբ եմ լուսանկարներ պատրաստում:1993-ին բարեգործական նպատակներով եղել եմ Արցախում և ականատես եմ եղել մի դեպքի. մեկուկես տարեկան առևանգված Լոլային ետ էին վերադարձել, ես հանդիպեցի նրա ընտանիքին, եկա Երևան և թերթերում գրեցի այդ մասին. դա իմ լրագրողական առաջին աշխատանքն էր, հիմնականում լուսանկարչությամբ եմ զբաղվում:

-Երբևէ մտածե՞լ եք Ձեր լուսանկարների անհատական ցուցահանդեսը բացել:

-Ես 9-ը ցուցահանդես եմ ունեցել, որոնցում, սակայն,  ցուցադրվել են աբստրակտ լուսանկարներ. ասեմ, որ այդ ցուցահանդեսների քաջալերողը տիկին Հրանուշ Հակոբյանն է եղել:

Իմ լուսանկարները ցուցադրվել են նաև  խմբային տարբեր ցուցահանդեսների ժամանակ: Ես միշտ ուզում եմ  տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ես չեմ ուզում նույնը տեսնել: Շատ լուսանկարներ եմ արել Արցախում. լուսանկարել եմ Շուշի քաղաքի դռները, նաև՝ եկեղեցիները: Ես նկարել եմ հայկական տների և ադրբեջանական, թուրքական տների ձևերը ՝ ցույց տալու դրանց տարբերությունը: Իմ լուսանկարչական բոլոր ցուցահանդեսներին միշտ երկու աղջիկ էին գալիս, նրանց հետաքրքրությունը գրավեց իմ ուշադրությունը, մի օր մոտեցա և հարցրեցի, թե ինչն է նրանց այդքան գրավել, աղջիկներն ասացին՝ վաղն առավոտյան կգանք, կասենք…Հաջորդ օրն առավոտյան աղջիկները եկան՝ իրենց հետ մի տետր բերելով, որտեղ իմ նկարների հիման վրա գրված բանաստեղծություններ էին: Հիացած էի…Երբ մեկ տարի անց գնացի Մացյալ Նահանգներ, բարեկամս՝ Եզնիկ Բալայանը, իմանալով այդ մասին, հորդորեց հրատարակել այդ բանաստեղծությունները: Վերադարձա Հայաստան, գտա  այդ երկու աղջիկներին, ասացի իմ մտահղացման մասին, շատ ուրախացան. պարզվեց, որ նրանք  էլ էին նույնը մտածել, և իմ նկարների տպավորությամբ ստեղծված այդ բանաստեղծությունների գիրք-ալբոմն արդեն հրատարակվել է. նկարն է և նրա  կողքին՝ նկարի տպավորությամբ գրված բանաստեղծությունը: Մոտ ժամանակներում շնորհանդեսը կկազմակերպենք:

-Ես  տեղյակ եմ, որ Դուք հիմնադիրն  եք «Պնակ մը տաք ճաշ» նախաձեռնության. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, մանրամասնե՛ք, խնդրում եմ:

-Ինչպես տեսաք, այս տարի Հայաստանում դաժան ձմեռ էր. ես Արարատյան դաշտավայրում՝ Նորամարգ գյուղում, մի ֆերմա ունեմ, ասացի՝ գնամ տեսնեմ ինչ վիճակում է: Տեսա, որ կես մետր ձյուն է նստել, չկարողացա դուռը բացել ու ներս մտնել…Այդ օրն էլ առատ ձյուն էր մաղում, դրսում մի քանի մարդիկ էին հավաքվել՝ ծանոթ ու անծանոթ. հարցրեցի, թե այդ եղանակին ինչ են անում բաց երկնքի տակ, նրանք էլ պատասխանեցին, որ տանը տաքություն չունեն, ուտելիք չունեն, աշխատանք էլ չկա, գնան տուն՝ ի՞նչ անեն…Այդ գիշեր աչքերիս քուն չեկավ, մտածում էի, թե ինչ կարելի է անել, ինքս ինձ խոսք տվեցի, որ մի միջոց պետք է գտնեմ:  Որոշումս  իրականացնելու համար դիմեցի իմ մի քանի ծանոթների, ովքեր հավանության արժանացրին  այդ ՝ «Պնակ մը տաք ճաշ» ծրագիրս, որից հետո գնացի գյուղապետի մոտ և ներկայացրի ծրագիրս. գյուղապետը շատ ուրախացավ՝ ասելով՝ Աստված քեզ ուղարկեց:  Որոշեցինք 100 անապահով մարդկանց օրը մեկ անգամ կերակրել: Գնացի ապրանքը բերեցի, մարդիկ գտա, ովքեր պետք է աշխատեին: Գյուղապետը կարիքավորների ցանկը բերեց, պարզվեց, որ 150 է այդ մարդկանց թիվը:  Ասացի, որ այդքան տեղ չունեմ (ինձ մոտ էի տեղ առանձնացրել, որ սեղան-աթոռներ դնենք, մարդիկ գան ու ճաշեն): Մտածեցի, որ այդ մարդկանց մի մասը գալու է գյուղի մի ծայրից, ճանապարհները՝ ցեխոտ, անհարմար, ինչպե՞ս պետք է տեղ հասնեն…Ի՞նչ անել, ի՞նչ ձևով իրականացնել այդ ծրագիրը, որ հարմար լինի: Օգնականիս՝ Արևիկի հետ խորհրդակցեցինք և որոշեցինք չոր սնունդ մատուցել մարդկանց, որ գան և այդ մթերքը տանեն, իրենց տներում պատրաստեն: Առաջին օրը  60՝ ամենից ավելի կարիքավորներին բաժանեցինք, հաջորդ օրը մարդկանց թիվը մեծացավ, դարձավ մոտ 400 հոգի: Յուրաքանչյուրին մոտավորապես 15-20 կգ սնունդ բաժանեցինք՝ բուսական յուղ, վերմիշել, մակարոն, բրինձ,շաքարավազ…Եղան նաև տհաճ, ինչպես նաև՝ հաճելի դեպքեր. մարդիկ եղան, ովքեր հրաժարվեցին օգնությունից՝ ասելով, որ իրենցից ավելի վատ ապրողներ կան, ավելի լավ կլինի, որ նրանց տան այդ օգնությունը: Ինձ կամավորության սկզբունքով օգնում էին հրաշալի երիտասարդներ՝ առանց դույզն-ինչ ակնկալիքի:  Հետո մտածեցի, որ կարիքավորներին կարտոֆիլ բաժանելու փոխարեն՝ ավելի լավ կլինի, որ նրանց կարտոֆիլի սերմացու տանք, իրենք ցանեն. այդպես էլ արեցինք և մոտ 4 տոննա սերմացու բաժանեցինք: Ինձ նյութապես օժանդակում էին արտերկրի հայերը: Ծրագիրը նախատեսված էր երկու ամսվա համար, սակայն մենք երեք ամիս աշխատեցինք: Հիմա նպատակ ունենք այս ծրագիրը պաշտոնական ձևով իրականացնել, ստեղծել  շահույթ չհետապնդող  կազմակերպության: Նախընտրում ենք առաջինը ձեռք մեկնել Արարտյան դաշտավայրի սահմանային գյուղերի բնակիչներին. նրա՛նք էլ յուրօրինակ զինվորներ են, որովհետև չեն լքում իրենց բնակավայրերը և միշտ զգոն են:

pnakg-1

Ես  իմ խորին  երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր միացան մեր նախաձեռնությանը, մասնավորապես՝ մեր 3 բարերարներ, նվիրատուներ Գաբրիել Չեմբերջյանին, ժիրայր Սարգսյանին, նրա տիկնոջը՝Սրբուհուն, Վահան Զանոյանին. հետագայում մեզ միացավ նաև  Նուբար Դեմիրճյանը: Մենք մոտավորապես 1200 հոգու սնունդ ենք բաժանել, իսկ 600 հոգու՝ կարտոֆիլի սերմ: Հուսամ, որ կկարողանանք այս տարի ևս իրականացնել նմանատիպ ծրագիր:

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Գաբրիել, հաջողություն եմ մաղթում Ձեր մարդասիրական նախաձեռնությանը և ֆոտոլրագրողի՝ Ձեր աշխատանքային գործունեությանը: Թո՛ղ Ձեր լուսանկարչական խցիկը երբևէ չտեսնի հայի տխուր դեմքեր, թո՛ղ այն միշտ որսա ժպտացող աչքեր, և թո՛ղ մշտապես պնակ մը տաք ճաշ ունենան բոլորը:

Կարինե Ավագյան

17239823_10212903300125437_6857560652996666940_og-2g-3gabriel

 

Scroll Up