ՀՀ սփյուռքի նախարարը Կորդոբայում.աննկարագելի էր կորդոբահայության ուրախությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/l.jpg)
Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ Կորդոբա կատարած այցելության և հանդիպումների մասին «Հայերն այսօր» -ի հետ իր տպավորություններն է կիսել Կորդոբայի հայկական համայնքի նախագահ Էդուարդո Թութուշյանը:
«Հունիսի 1-ին Կորդոբայի հայ համայնք այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 26 տարիների ընթացքում, առաջին անգամ էինք Մայր Հայրենիքից նման բարձրաստիճան և պատվարժան հյուրի ընդունում:
Բացառիկ ու աննկարագելի էր կորդոբահայության ուրախությունը։ Սկզբում նա հանդիպում ունեցավ Կորդոբայի քաղաաքապետ Ռամոն Խավիեր Մեսթրեյի հետ։ Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այդ հանդիպումը` նշելով, որ եկել է առավել սերտ համագործակցելու ժամանակը:
Նախարարը քաղաքապետին հրավիրեց Հայաստան` անձնամբ ճանաչելու և տեսնելու օրեցօր զարգացող մեր երկիրը: Իր հերթին քաղաքապետը շեշտեց հայ համայնքի՝ քաղաքային կյանքում ունեցած դերն ու ձեռքբերումները։
Հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակումներով։ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նաև Կորդոբա նահանգի վարչապետ Խուան Կառլոս Մասեյինի հետ։ Նրանք ջերմ մթնոլորտում քննարկեցին տարբեր ոլորտներում համատեղ գործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Խուան Կառլոս Մասեյինը շեշտեց նահանգային կյանքում ունեցած հայ համայնքի կարևորությունը՝ ընդգծելով, որ հայ համայնքը հասարակական, մշակութային և այլ ոլորտներում մշտապես աջակցել է նահանգային կյանքի բարելավմանը և հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով։ Ամենահուզիչ և տպավորիչ մասը, թերևս, հայկական դպրոցի ուսուցիչների և սաների հետ հանդիպումն էր։
Աշակերտները կարճ ժամանակում փորձեցին ներկայացնել Մայրենիի իրենց գիտելիքները։ Ասմունքից և հայրենասիրական երգերից հետո աշակերտներն իրենց անկեղծ բարեմաղթանքներով նամակները հանձնեցին նախարարին։ Իր անմիջական զրույցով Հրանուշ Հակոբյանը մանրամասն ծանոթացավ Ս.Սահակ-Ս.Մեսրոպ ազգային վարժարանի հարուստ պատմությանն ու ներկայիս խնդիրներին։
Կորդոբայի հայությունը շնորհակալ է, որ Հրանուշ Հակոբյանն իր այցով լուծեց նաև դպրոցում գոյություն ունեցող դասագրքերի խնդիրը:
Հայկական ակումբներ և Սբ. Գևորգ եկեղեցի այցելությունները ցույց տվեցին, որ հեռավոր Կորդոբայում ապրող հայությունը շնչում է հայկականությամբ: Հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտության խոսքն ասացին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ակնկալելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Հայրենիքում»: