Առաջնորդվելով հույսի ու հավատի, հայրենասիրության միաբանությամբ՝ փայփայենք մեր Հայաստանի Հանրապետությունը
1918 թվականին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ՝ մեր ժողովրդի համար կյանքի ու մահվան, ճակատագրական հերոսամարտերի հաղթանակներով հիմք դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը. դարեր անց հայը կրկին ունեցավ պետականություն ու պետություն: 1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Մայիսի 28-ն ամրագրվեց ՝ իբրև Առաջին Հանրապետության օր, Հանրապետություն, որն, ավաղ, ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, սակայն այն մի նոր սկիզբ դարձավ՝ տասնամյակներ անց՝ 1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծվելիք հաջորդ անկախ հանրապետության:
…Հերոսակա՛ն պիտի լիներ Մայիսը հայոց կյանքում, պիտի ծնվեին ազգային, գաղափարի նոր գործիչներ ու հերոսներ, հայոց հողը դարեր անց դարձյա՛լ պետք է տնքար ցավից, իր ազատությունն ու անկախությունը կերտող Հայաստանին, Ղարաբաղին կրկին պետք է փորձեին առնել խավարի մեջ ու շրջափակեին, սակայն հայի՝ ամենահզոր զենքից էլ հզոր միասնական ուժն ու հոգու կորովը, հաղթական կամարներ պիտի կապեին: Մայիսյան հաղթանակների՝ հերոսական Ավարայրով, Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում ունեցած իր նշանակալի ավանդով, հայկական դիվիզիաների ու հերոսների, հայ գեներալների փայլուն մասնակցությամբ ու մեծ ներուժով, Ավարայրով ու Շուշիով թրծված մեր ժողովուրդն, անցնելով պատմության քառուղիներով, հավաստեց, որ անպարտելի է հայի հավաքական ուժը, որ ազատություն ու անկախություն տենչացող ազգերը չեն կարող բնաջնջվել անգամ ամենաարյունարբու թշնամու կողմից…Եվ ապրե՛ց հայը, ապրեց ու արարեց, ստեղծեց իր անկախությունը, կերտեց նոր հաղթանակներ՝ ի հեճուկս իր թշնամյաց:
Շնորհավորելով բոլոր հայերին Մայիսի 28-ի տոնի առիթով, առաջնորդվելով միասնական ու հայրենապահպան գաղափարներով, հույսի ու հավատի միաբանությամբ՝ փայփայենք մեր Հայաստանի Հանրապետությունը:
Կարինե Ավագյան