Տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք
Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի բացումը:
Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների գործունեությանը, հետաքրքրվեց արտադրական գործընթացի նորարություններով և խնդիրներով, դիտեց «Աշխարհի կետրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմը, պատասխանեց լրագրողների հարցերին: Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց.««Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշը կրող արտադրանքները միջազգային շուկայում գնալով դառնում են ավելի ընդունված, պահանջված և տարածված: Նման ցուցահանդեսներով մենք պետք է խրախուսենք սփյուռքահայ ներդրողներին և աշխատենք օրինակ վերցնել հայրենադարձված մեր հայրենակիցներից, ովքեր աշխատանքի և արտանդրանքի որակի հանդեպ պատասխանատվության յուրահատուկ մոտեցում ունեն: Այս առումով նրանց արտադրանքները մրցունակ են և նորարարական: Հայրենիքում սփյուռքահայ արտադրողների համար պայմաններ են ստեղծվում, նրանց գործունեությունը դյուրացնելու նպատակով որոշակի քայլեր են իրականացվում: Վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես տնտեսական ոլորտում կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանվում սփյուռքահայ ներդրողների և արտադրողների համար: Մեր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ փոքր և միջին ձեռնարկությունները, որոնցով հատկապես զբաղվում են Հայաստանում հաստատված սիրիահայերը»: Նախարարը նշեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկա սփյուռքահայ ներդրողները և արտադրողները Հայրենիք են վերադարձել տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Սիրիա, Լիբանան և այլն:
Ցուցահանդեսի բացման ընթացքում սիրիահայ գործարար Ալեքսան Կարադանայանը, ով Հայաստանում հիմնել է “Alexan Art” և “Sona Print” ընկերությունները, շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցաբերած աջակցության համար: «2012 թվականի հոկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարությունում փոքր և միջին բիզնեսի սիրիահայ ներկայացուցիչները հանդիպում ունեցան հայաստանյան տիքստիլ ոլորտի արտադրողների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց մեզ և ամուր գործակցության հիմք դրեց: Մեծ է նախարարության դերակատարությունը մեր բիզնեսի կայացման գործում, քանի որ առաջին համագործակցության առաջարկները ստացել ենք հենց Սփյուռքի նախարարությունում»,-ասաց Ալեքսան Կարադանայանը:
Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչ ժամը 20.00-ն: