Հայրենադարձները մասնակցեցին «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի ծառատունկին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/18052384_120332000313692652_1230047695_o.jpg)
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր) ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի հետ համատեղ Հաղարծնի վանքի շրջակայքում գարնանային ծառատունկ է իրականացրել՝ տնկելով 330 ծառ ու թուփ:
Ծառատունկին ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող ՀԿ-ի տնօրեն Ջորջ Բարսեղյանը, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը, փոխտնօրեն Արթուր Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ, հիմնադրամի կամավորներ, վանքի հոգևոր այրեր, ինչպես նաև՝ Հայաստանում հաստատված սիրիահայ և լիբանանահայ հայրենադարձներ:
Նշենք, որ ծառատունկին միացել է վանքային համալիրում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունել է ծառատունկի մասնակիցներին, օրհնել ձեռնարկը, ապա մեկ ծառ տնկել:
«Էյ Թի Փի»-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների 501(c)(3) կատեգորիայի բարեգործական կազմակերպություն է՝ իր խորհրդատվական, հոգաբարձուների խորհրդով և գրանցված է որպես` Ամերիկայի հայկական համագումարի նախագիծ, որն իրականացնում է կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր` Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում:
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5 միլիոն ծառ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:
«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:
Հիմնադրամի կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն, որովհետև մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:
Հիմնադրամի նպատակն է օգնել հայ ժողովրդին՝ ծառերի օգտագործման միջոցով բարելավել բնակչության կենսամակարդակը, ինչպես նաև՝ պահպանել շրջակա միջավայրը:
Լուսանկարները՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» հիմնադրամի