Ամերիկայի իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի իրավաբանների ընկերակցության (ABA/ROLY) հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը, որի կազմում էին Ամերիկայի իրավաբանների ընկերակցության (ABA/ROLY) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ծրագրի պատասխանատու Էփրիլ Հյուկոն, հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը, հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ծրագրի կոորդինատոր Ելենա Յարմոլյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ուշադրությունը և աջակցությունը սիրիահայերի իրավական հարցերի լուծմանը, ինչպես նաև նախարարության հետ ակտիվ գործընկերությունն ու սերտ համագործակցությունը:

Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա մասնավորապես նշեց. «Իհարկե իրավունքներն իմանալը շատ կարևոր է ապրելու և աշխատելու համար:

Փախստականների հարցը միշտ էլ խնդրահարույց է: Սակայն Հայաստանում այդ առումով որոշակի կայունություն կա, որովհետև նրանք հիմնականում սիրիահայեր են, ովքեր Հայաստանում իբրև փախստական չենընկալվում, նրանք իրենց Հայրենիքում են: Բայց հատկապես նոր եկածները մեր օրենսդրության իմացության կարիքն ունեն: իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար շատերն են դիմում:

Էփրիլ Հյուկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար պատրաստակամություն հայտնեց համագործակցելու նախարարության հետ, օժանդակելու փախստականներին իրավական հարցերում, աջակցելու Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, նրանց խնդիրները համակարգելու, դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ տարվող ծրագրերին:

Հասմիկ Հակոբյանը նշեց, որ Ամերիկայի իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը նույնպես աշխատում է սիրիահայերի իրավական խնդիրների կարգավորման ուղղությամբ, նշեց մի քանի հարցեր, որոնք համատեղ կարգավորման կարիք ունեն և հույս հայտնեց, որ համագործակցությունը նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հետ կշարունակվի:

Scroll Up