Մայրենիի օրվան ընդառաջ. խոսենք  հայերեն

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն,

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Եկ խոսենք, մի՛շտ խոսենք հայերեն»:

Խաչիկ Դաշտենց

Փետրվարի 21-ին Մայրենիի օրն է, որն ամրագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:  Տոնին ընդառաջ, քայլելով Երևանի փողոցներով ու զրուցելով մեր հայրենակիցներից մի քանիսի հետ, ունկնդիր եղա նրանց կարծիքներին, առաջարկություններին, որոնք ներկայացնում եմ «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանը: 

Գայանե Սիմոնյան, Երևան, տնային տնտեսուհի- Ես չգիտեի, որ այդպիսի տոն կա. բա ինչու՞ հեռուստատեսությունն ու ռադիոն, թերթերն այդ մասին նախօրոք չեն գրում, որ մենք էլ իմանանք, մասնակցենք միջոցառումներին: Կամ էլ՝ այդ օրվան նվիրված շատ հաղորդումներ պատրաստեն և ոչ թե՝ լացացնեն հնդկական սերիալներով ու բրազիլական այլանդակ ֆիլմերով, հայկական  հոգնեցնող սերիալներով…Ես մաթեմատիկոս եմ, ուղղակի աշխատանք չունեմ, ամբողջ օրը տանն եմ, երեխեքի հետ, իրենց դասերով…Որ ասեմ՝ մեր տանը շատ մաքուր հայերենով ենք խոսում, սու՛տ կլինի. դպրոցից, շրջապատից, բակից հեռուստատեսությունից այնքա՜ն բան են սովորում՝ նատուռի, հելնեմ, տենամ, վօբշըմ, օքե՛յ, մամ, սոտըվի, պիսկեմ արա՜, ջեբ,  ավտոյի բանդաժները, սումկա չխոլ, պլյոնկա…Պայքարն էլ դժվար է, տղաներ են: Հարկավոր է ուրիշ բան մտածել, կարծում եմ՝ պետական մակարդակով:

Կարապետ  Հակոբյան, տաքսու վարորդ– Այ, քո՜ւրս, ի՜նչ ես կորցրել, ինչ ես ման գալիս…խոսում ենք էլի, իրար հասկանում ենք, պը՛րծ: Ես մենակ էդ անգլերենով բառերը չեմ սիրում՝ օքե՜յ, վաու՜…խանութների վրա սաղ անգլերեն են գրում, Դուք դրա մասին մտածեք…ես եմ ու անգլերեն չգիտեմ, չիմանա՞մ, թե ինչա գրած, ինչ խանութ ա…հլը մի հատ գան Ամերիկա, Անգլիա, տես դրանք հայերեն մի բան գրած ունե՞ն իրանց խանութների, օբյեկտների վրա…Մերոնք լեզվին դավաճանում են. թո՛ղ պետությունը տուգանք դնի՝ ոնց որ մեր ավտոների  սխալի վրա….

Սերինե Համբարձումյան, ուսանողուհի- Կներեք, բայց ես չեմ ներկայացնի իմ բուհի անունը, որովհետև հե՛նց մեր դասախոսներից մի քանիսը մեզնից ավելի վատ,սխալ հայերենով են խոսում՝ ա-երով, ըստեղ-ընդեղ-ով…էլ սովորական, հասարակ ժողովրդից ի՞նչ պահանջես, դե երեխեքն էլ՝ նայած՝ ով ինչ ընտանիքից, ինչ միջավայրից, ինչ շրջանից է եկել: Ես ապագա տնտեսագետ եմ, երևի շատ մաքուր հայերենով հետագայում միշտ չկարողանամ իմ մասնագիտության բերումով խոսել, կցանկանայի, որ այդ և մյուս  ոլորտներին առնչվող հայերեն համարժեք բառերով բառարաններ գրվեն.օրինակ՝ շինարարական տերմինների, իրավաբանական, մեքենաշինական և այլն: Ինչ վերաբերում է Մայրենիի օրվան, լսել եմ, գիտեմ, բայց կցանկանայի, որ այն շատ մեծ շուքով նշվի մեր երկրում:

Շողիկ Մեսրոպյան, Մալաթիա տոնավաճառի վաճառողուհի-Ես ինստիտուտ եմ ավարտել, բայց էսօր առևտուր եմ անում, դա չի նշանակում, որ մենք  ոնց ուզենք, պետք ա խոսենք, ուղղակի հագուստի, ներքնաշորերի տեսակներ կան, որոնց անունները հայերեն ասես, կսկսեն ծիծաղել, չեն հասկանա, շատ ապրանքների հայերեն անունները ես էլ չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ պետք ա անել, որ Հայաստանում հայերը խոսեն մաքուր հայերենով: Մայրենիի տոնի մասին չգիտեի, շատ ուրախ եմ, որ Մայրենիի տոն կա ու շնորհավորում եմ բոլոր հայերին՝ տոնին ընդառաջ և ցանկանում եմ, որ  աշխատենք պահպանել մեր լեզուն, խոսենք մաքուր, գեղեցիկ մայրենիով:

Ջուլիետ Մարտիրոսյան, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր-Ցավոք, մեր մայրենին անխնա կերպով խոշտանգվում է ամենուր՝ հեռուստատեսությունում,   շատ ընտանիքներում, փողոցում, համացանցում, որտեղ լատինատառերով գրելը ոչ միայն հայերեն տառեր չունենալու պատճառն է, այլև՝ սեփական անգրագիտությունը ծածկելու, և դրանից ծնվում է մյուս սխալը՝ ասենք՝  j, x(kh) տառերն ամեն մեկը գրում է իր ցանակացած ձևով: Հեռուստատեսությունը խորացնում է լեզվի նկատմամբ մեղանչումները: Որախալի է, որ վերջին շրջանում խոսվում է լեզվի մասին, կան մտահոգություններ, սակայն դա քիչ է: Ես կարծում եմ, որ պատկան մարմիններն ավելի շատ պետք է մտահոգվեն այդ խնդրով և օրենքով կասեցնեն  լեզվի աղետալի վիճակը: Մեր պետական լեզուն հայերենն է և դրանով ամեն ինչ ասված է, և ոչ ոք իրավունք չունի ոտնձգություններ անել մեր սուրբ մայրենիի հանդեպ: Օտարատառ ցուցանակները, փողոցներում եղած անգլերենաբառ գովազդային վահանակները ոչ միայն գրված են օտար լեզվով, այլև՝ լի են նույն այդ լեզվով գրված սխալներով: Պատկան մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով: Ես պետք է առանձնացնեմ ՀՀ սփյուռքի նախարարության հետևողական ու շնորհակալ մեծ աշխատանքը մայրենիի անաղարտության, պահպանման գործում: ՀՀ սփյուռքի նախարարը ոչ միայն Մայրենիի օրվա նախաձեռնության հեղինակը դարձավ մեզանում, այլև հետևողականորեն  ամեն տարի նշում է Մայրենիի օրը՝ դրանով  մարդկանց գիտակցության մեջ մշտապես արթուն պահելով հայոց լեզուն անաղարտ պահելու գաղափարը: Գիրք նվիրելու օր նշողն ի՞նչ իրավունքով է Մանկավարժական համալսարանի դիմաց մի ցուցանակ ամրակայել, վրան գրված՝ «Միայն ուղտը գիրք չի կարդում»: Սա  ի՞նչ է նշանակում, որ ոչխարները, այծերը, ավանակները կարդու՞մ են… Այս անհեթեթությունը պետք է հանել, ո՞վ է նման «հանճարեղ» մտքի հեղինակը: Սա ազդում է մարդկանց հոգեբանության վրա, և այդ խաթարված հոգեբանությունից  են ծնվում, սկիզբ առնում շատ  մերժելի արարքներ:

Որպես քաղաքացի՝ առաջին հերթին  շնորհավորում եմ Սփյուռքի նախարարին, որ հետամուտ է այս տոնի հիշատակմանը՝ միջոցառումներով համեմված օրվա խորհուրդը հասանելի ու տեսանելի դարձնելով մեր ժողովրդին, այնուհետև շնորհավորում եմ համայն հայությանը: Անչափ շնորհակալ ենք Հրանուշ Հակոբյանին, որ կարողացավ մեր հայացքը սևեռել այդ կարևոր օրվան, այդ  ազգանպաստ երևույթին, սակայն լեզվի անաղարտության հարցը ամենօրյա աշխատանք է, մշտատև: Աստված տա, որ մյուս նախարարությունները հետևեն Սփյուռքի նախարարության օրինակին. եթե չեն ձեռնարկում, ապա՝ գոնե արձագանքեն:

Պատրաստեց Կարինե Ավագյանը

Scroll Up