Դիժոն քաղաքի «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցի սաները կաջակցեն Արցախի դպրոցականներին

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցի սաները և «Հայ պատանի» ակումբի երիտասարդները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

«Արձագանքելով Սփյուռքի նախարարության կոչին՝ մենք ևս միանում ենք «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը: Մեր դպրոցում անցկացրած ժողովի ընթացքում բոլորս եկանք համաձայնության, որ 2017 թվականին իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները կնվիրվեն Արցախին:

Մայիսին մենք միջացառում էինք կազմակերպել «Ես եմ Արցախը» խորագրով, որը լուսաբանեց Դիժոնի «Բիեն փաբլիք» թերթը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ թե մեծերը, թե փոքրերը պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ բոլոր միջոցառումներին:

 «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման գաղափարը նույնպես շատ ոգևորեց բոլորին: «Հայ պատանի»-ի ակումբի երիտասարդներն իրենց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպեն: Ցուցահանդեսից բացի կկազմակերպվեն բարեգործական ակցիաներ, որոնցից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին»,- «Հայերն այսօրի»-ի հետ զրույցում ասել է հայկական համայնքի հիմնադիր և «Մաշտոցյան տառեր» հայկական դպրոցի տնօրեն Լիլիթ Բաղրամյանը:

«Իմ կարծիքով Արցախին նվիրված որևէ բան նախաձեռնելուց բացի՝ կարող ենք նաև արցախցիներին ընդգրկել մեր միջոցառումներում: Պատկերացրեք՝ ինչ հաճելի ու հետաքրքիր կլինի եթե մի խումբ ղարաբաղցի և սփյուռքահայ երիտասարդներ միասին աշխատեն մի գաղափարի շուրջ և միասին իրագործեն որևէ ծրագիր:

Հիմնական ծրագրերից մեկը նաև այն կլինի, որ Դիժոն քաղաքում կկազմակերպենք մեծամասշտաբ միջոցառում, որին մասնակից կլինեն ոչ միայն հայ համայնքի, այլև՝ ուրիշ ազգերի ներկայացուցիչներ: Այդ միջոցառման ընթացքում կներկայացնենք Ղարաբաղի պատմությունն ու մշակույթը»,-իր խոսքը եզրափակել է դպրոցի տնօրենը:

%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b6%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b61 %d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b63%d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b64 %d5%a4%d5%ab%d5%aa%d5%b8%d5%b65

Scroll Up