Սփյուռքի նախարարը պարգևատրեց «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» ստեղծագործական խմբին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Rafayel.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանին և կառույցի ստեղծագործական խմբին:
Ջերմորեն ողջունելով հուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց նրանց կողմից նախարարության պատվերով ստեղծվող և հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակմամբ Սփյուռքում ջերմ ընդունելության արժանացող հաղորդումներն ու Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ ֆիմերը, գովազդները:
Նախարարը նշեց, որ սփյուռքի նախարարությունը 2010 թվականից համագործակցում է «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ, որի «Մերոնք», «Սփյուռքի ժամ», «Հայ Սփյուռք» հաղորդումները ներկայացնում են նախարարության ծրագրերը և սփյուռքյան իրականությունը և անհատներին:
Բարձր գնահատելով ասոցիացիայի ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանի՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, իր գործունեությամբ սփյուռքի համայնքների միջև և հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նրա նշանակալի ներդրումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:
Հայրենիք-Սփյուռք գործակցության լուսաբանման գործում ունեցած ներդրման համար ասոցիացիայի աշխատակիցներ՝ ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Սայադյանը, ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը, ծրագրերի խմբագիր Մովսես Դեմիրճյանը, օպերատորներ Արմեն Անանյանը, Անդրանիկ Սահակյանը, Դավիթ Բոյաջյանը, լրագրողներ Լիլիթ Երիցյանը և Ասթինե Բալասանյանը, նյութերի մոնտաժողներ Ներսես Մարտիրոսյանը, Արսեն Սարգսյանը և Արմեն Մելքումյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով: