Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանիին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/նախարար-1.jpg)
Դեկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց դեսպանի՝ Հայաստանն ու հայ մշակույթը խորապես ճանաչելու և ընկալելու, հայ-հնդկական հարաբերությունները զարգացնելու ջանքերը և հույս հայտնեց, որ առաջիկայում կապն ու համագործակցությունը երկու ժողովուրդների միջև ավելի կամրապնդվի: «Պատահական չէ, որ հայերը Հնդկաստանում ունեցել են գործելու, պաշտոններ զբաղեցնելու, ազատ առևտրի բացառիկ արտոնություններ: Առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը» ստեղծվել է Ձեր երկրում, հայ քաղաքական մտքի հրաշալի դրսևորումը «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» համայնքային կանոնադրությունը ստեղծվել ու կիրառվել է Մադրասում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունները, հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքները, նախարարության ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են հայապահպանությանը, ազային ներուժի համախմբմանն ու կիրառմանը՝ ի շահ Հայաստանի զարգացման, ծանոթացրեց հայրենաճանաչությանն ու հայրենադարձությանն ուղղված ձեռնարկներին: Նախարարը կարևորեց Հայաստանում սովորող հնդիկ երիտասարդների հետ նախարարության համագործակցությունը, ովքեր մեծ սիրով ու պատրաստակամությամբ մասնակցում են նախարարության միջոցառումներին՝ մասնավորապես ամեն տարի, Փետրվարի 21-ին Մայրենիի օրվան նվիրված տոնակատարությանը, արտասանում ու երգում են հայերեն:
Դեսպան Յոգեշվար Սանգվանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Հնդկաստանի պետության կողմից հնդկական սփյուռքի հետ տարվող աշխատանքներն ու դրանց առանձնահատկությունները, նշեց, որ հիմնական ուղղությունը երկրի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության ապահովումն է: Դեսպանն անդրարարձավ հնդկական սփյուռքի համար իրականացվող տուրիստական, հայրենաճանաչության ծրագրերին, կարևորեց հունվարի 7-10-ը կազմակերպվող ամենամյա սփյուռքի օրերը և դրա շրջանակներում տեղի ունեցող միջոցառումները:
Յոգեշվար Սանգվանին արտահայտեց իր համակրանքը հայ մշակույթի ու ժողովրդի հանդեպ, ասաց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հարուստ պատմություն ունի և Հնդկաստանում հաստատված հայ վաճառականները նպաստել են տնտեսության զարգացմանը, ստեղծել բացառիկ մշակույթ, որի վկայութունները՝ մասնավորապես 7 եկեղեցիները կանգուն են ու խոսուն:
Քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր: