«Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակելու է տարբեր ծրագրերով աջակցել սիրիահայերին». Հարութ Ներսեսսյան

«Սիրիահայերը թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ուշադրության կենտրոնում են. նրանց ցավը մեր բոլորի ցավն է»,-ՀՀ սփյուռքի նախարարությունում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը՝ խոսելով ընկերակցության կողմից սիրիահայերի աջակցությանն ուղղված իրականացված ծրագրերի  ու հետագա անելիքների մասին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ` Հարութ Ներսեսսյանը ներկայացրել է  սիրիահայերի հիմնախնդիրներին օժանդակելու ուղղությամբ ընկերակցության հետևյալ մոտեցումները` աջակցել նրանց, ովքեր ցանկանում են մնալ Սիրիայում և պահպանել հայկական համայնքը, Հայաստան տեղափոխվել ցանկացողներին, առաջին օգնություն ցուցաբերել Հայաստանում նոր եկածներին, օգնել սիրիահայերին բնակություն հաստատելու Հայաստանում:

Հարութ Ներսեսսյանի խոսքից պարզ դարձավ, որ սիրիական պատերազմի սկսվելու պահից ընկերակցությունը մոտ 2.000.000 դոլարի օժանդակություն է ցուցաբերել հայ համայնքին, որպեսզի կարողանա դժվարության մեջ գտնվող հայերին օգնել սննդի, ջեռուցման և այլ անհրաժեշտությունները հոգալու համար: Բժշկական և կրթական աջակցությանն ուղղված ծրագրեը նույնպես յուրաքանչյուր ամիս  իրականացնում են:

Սիրիայում բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի գլխավորությամբ:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը նեցուկ է լինում նաև Սիրիայից Հայաստան տեղափոխվող սիրիահայերին: Առ այսօր ընկերակցությունը Հայրենիք տեղափոխվելու համար օգնել է շուրջ 100 մարդու: Ընկերակցությունը հոգում է Հայաստան տեղափոխման ճանապարհածախսերը, դիմավորում օդանավակայանում, ուղեկցում հարազատների տուն, իսկ եթե հարազատներ կամ բնակարաններ չեն ունենում, մինչև հարցի կարգավորումը նրանց պահում են ընկերակցության ժամանակավոր կացարաններում: Ընտանիքների համար բնակարան վարձակալելու և բնակվարձը տրամադրելու հարցը նույնպես ստանձնում է ընկերակցությունը:

Ի դեպ, դիմավորում են հատուկ ստեղծված աշխատանքային խմբով, որի կազմում են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի աշխատակից Նորա Փիլիպոսյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը:

«Աջակցության ծրագրերի շրջանակում համագործակցում ենք «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի հետ: 86.000 դոլար գումարի ֆինանսական օժանդակություն ենք տրամադրել 288 ընտանիքի՝ բժշկական միջամտությունների, ուսման և  բնակարանների վարձավճարի համար: Իսկ ընկերակցության  բժշկական և ատամնաբուժական կենտրոններից, որի բժիշկները Հալեպից են,  օգտվել են շուրջ 2500 սիրիահայ ընտանիք»,- նշեց Հարութ Ներսեսսյանը` մեջբերելով, որ Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերից են խորհրդատվությունների կազմակերպումը, նոր հաստատված սիրիահայերի համար ձեռներեցության դասընթացների անցկացումը՝ ձեռներեցների հետ հանդիպումներ կազմակերպելով, ինչպես նաև` հագուստի և մանկական սննդի տրամադրումը:

Վերջում Հարութ Ներսեսսյանը վստահեցրեց, որ շարունակելու են ներկա ընթացքը՝ տարբեր ծրագրերով աջակցել սիրիահայերին, ներկայումս ուսումնասիրում են նաև սիրիահայերի հիմնախնդիրների երկարատև լուծման նպատակով սոցիալական բնակարանների ծրագրերի իրականացման հարցը:

Հավելենք նաև, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի թաղապետարանների, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հետ:

Գևորգ Չիչյան

Scroll Up