Լիբանանահայ մտավորական Հակոբ Գույումջյանի պարգևատրումը

«Հայերն այսօրի» զրուցակից լիբանանահայ մտավորական, ճարտարապետ և ասմունքող Հակոբ Գույումջյանը ծնվել է Բեյրութում, սովորել է «Հովակիմյան Մանուկյան» վարժարանում: 1966-1971 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), ստանալով ճարտարապետի մասնագիտություն:

«Հայաստանում սովորելուն ուսուցիչներս նպաստեցին, որոնք ամեն գնով մեզ հայրենասիրությամբ էին ոգեշնչում: Նրանք, Հայոց ցեղասպանությունից  փրկվածների սերունդ լինելով, մտքում Հայրենիք վերադառնալու հույսը միշտ վառ էին պահում»,-հիշում է Հակոբ Գույումջյանը և հավելում, որ այդ տարիներին Հայաստանում սովորելն իրենց համար երազանք է եղել, որի հետևանքով՝ չորս դասընկերներով  որոշել  են  Հայաստանում բարձրագույն ուսում ստանալ:

Ուսումնառությունից հետո Հակոբ Գույումջյանը վերադարձել է Բեյրութ և աշխատել ճարտարապետական գրասենյակներում, որտեղ տարիների ընթացքում երկու տարբեր գրասենյակներում տնօրենության աստիճանին է հասել:

Ապա, ինչպես նշում է Հայոբ Գույումջյանը, 1985 թվականին ունեցել է իր անձնական ճարտարապետական գրասենյակը: Մասնագիտական աշխատանքի տարիների ընթացքում, որոնք համընկել են լիբանանյան քաղաքացիական պատերազմական տարիների հետ, աշխատանքը վերիվայրումներով և տատանումներով է ընթացել: Սակայն, հակառակ այդ բոլորին, մասնագիտական ասպարեզում նա կարողացել է արգասաբեր ստեղծագործական կյանք ունենալ:

Աշխատանքային գործունեության տարիներին Հակոբ Գույումջյանը Լիբանանի և արաբական աշխարհի երկրների համար իրագործել է բազմազան ճարտարապետական նախագծեր:

Իր նախագծով իրագործվել են Լիբանանում և Սիրիայում կառուցված «S.O.S» մանկական գյուղերի համալիրները, ինչպես նաև Լիբանանում նախագծել և իրականացրել է բազմաթիվ բարձրահարկ բնակարանային, գրասենյակային շենքեր և առանձնատներ:

Ասմունքի աշխարհը Հակոբ Գույումջյանին դեռևս մանկության տարիներից է գերել: Դպրոցում կազմակերպվող միջոցառումների ժամանակ էլ աչքի է ընկել բանաստեղծությունների անթերի կատարումներով. ուսուցիչները, նրա մոտ նկատելով այդ տաղանդը, միշտ քաջալերել են և առաջարկել, որ դպրոցական հանդիսությունների ժամանակ անպայման արտասանի:

Ապա Հայաստանում ուսանողական տարիներին ասմունքելու հաճախակի առիթներ են եղել: Իր ասմունքով տպավորված`դրվատանքի և քաջալերանքի խոսքեր են ասել Սիլվա Կապուտիկյանը, Ռաֆայել Արամյանն ու Լևոն Միրիջանյանը, Պարույր Սևակն ու Մկրտիչ Կորյունը, ինչպես նաև այլ մտավորականներ:

1967-1971 թթ. որպես ասմունքող՝ հրավիրվել է Օլյա Սարգսյանի կողմից անվանի արվեստագետներ Վլադիմիր Աբաջյանի, Բաբկեն Ներսիսյանի,  Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի  և շատ ուրիշ արվեստագետների կողքին մաս կազմելու Հայֆիլհարմոնիայի «Հայհամերգ» գեղարվեստական խմբի ելույթներին:

Հակոբ Գույումջյանը հայ մեծանուն վարպետների հետ նույն բեմում ելույթ ունենալը բարեբախտություն է համարում և հավելում, որ հենց այդ տարիներին էլ հիմնավոր կերպով ամրապնդվել է ասմունքի ասպարեզին նվիրվելու նրա մտածողությունը: Այդ տարիներին է նաև, որ ՀայՊետՌադիոյի սփյուռքահայության համար կատարվող ձայնասփռումների պատասխանատու տնօրեն Շահե Տատուրյանը նրան առաջարկում է սփյուռքահայության համար տրվող հաղորդումների ընթացքում պարբերական ելույթներ ունենալ արևելահայ և հատկապես՝ արևմտահայ քերթվածքների ասմունքով:

Դիպլոմային աշխատանքների ժամանակահատվածում, Օլյա Սարգսյանը առաջարկում է Հայհամերգի հովանավորությամբ Հակոբ Գույումջյանի համար մենահամերգ կազմակերպել: Սակայն մասնագիտական զբաղվածության պատճառով Հակոբ Գույումջյանը հրաժարվում է առաջարկից, որի մասին մինչև այսօր ափսոսանքով է հիշում: Ապա բեմական գործունեությունը շարունակվում է մինչև 1971 թվականի կեսերը՝ այսինքն նրա ուսումնառության ավարտը, որից հետո Հակոբ Գույումջյանը վերադառնում է Լիբանան:

Հետագայում՝ 1978-1997 թվականներին, Երևան այցելությունների ընթացքում ռադիոհաղորդավարների առաջարկով արձանագրություններ է արել արևմտահայ և արևելահայ բանաստեղծներից, ինչպես նաև իր ստեղծագործություններից:

«1987-ին Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանն ինձ Երևան հրավիրեց` ելույթ ունենալու հայաստանյան հանդիսատեսի համար:

Տարիների ընթացքում գրական մենահամերգներով հանդես եմ եկել Սփյուռքի բոլոր հայաշատ համայնքներում՝ Միջին Արևելքից մինչև Հյուսիսային Ամերիկայի երկրներ:

Վերջին տարիներին բարեբախտությունն եմ ունեցել մասնավորապես 2012 թվականի աշնանը, ՀՀ և ԼՂՀ   մշակույթի նախարարությունների հրավերով ելույթ ունենալ Հայաստանում՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային դահլիճում և Ստեփանակերտի երիտասարդության պալատում, ինչպես նաև՝ Վանաձորում՝ ներկայացնելով համամարդկային բովանդակությամբ, Հայրենիքին, հայ ժողովրդին նվիրված և սիրային բանաստեղծությունների հայտագրեր:

Հաջորդող տարիներին հրավիրվել և ելույթ եմ ունեցել Գյումրիում, Թեհրանում, Ամմանում և Նիկոսիայում»,-ասում է Հակոբ Գույումջյանը:

Հակոբ Գույումջյանի սիրելի բանաստեղծներն ու բանաստեղծությունները շատ են, որոնք առանձնացնելիս՝ դժվարության առջև է կանգնում: Հոգեհարազատ են իր համար այն բանաստեղծներն ու քերթվածքները, որոնք զգացական, տրամաբանական հավասարակշռվածություն ունեն և անդրադարձնում են մարդկային և համամարդկային տագնապների հաճախ անտեսանելի խորունկ ու նուրբ ծալքերը:

Տեղին է նշել, որ Հակոբ Գույումջյանն ասմունքին զուգահեռ՝ երկար տարիներ գործունեություն է ծավալել լիբանանահայ ազգային, քաղաքական և, մասնավորաբար, մշակութային կառույցներում: Զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ փորձել է նաև այդ միջոցով սատարելու սփյուռքահայ ժողովրդի հայապահպանմանն ու դիմադրողական կորովի ամրապնդմանը: Նմանօրինակ գործունեության և նվիրումի խթանը նրա ազգային ինքնության հպարտությունն էր, իսկ նպատակը՝ այդ հպարտությամբ վարակել նաև յուրաքանչյուր սփյուռքահայի, որպեսզի Սփյուռքին տարանջատող և այլակերպող կյանքի հորձանուտում նրա հոգին ամուր լինի:

Սակայն իր հավատամքն այս բոլորի մարմնավորման ճանապարհին՝ հզոր Հայաստանն է, այն կարևորագույն հիմնաքարը, որին պետք է ապավինել և ուժ ստանալ, որին, ինչպես Հակոբ Գույումջյանն է հաստատում, նա կապված է խոր գիտակցությամբ և մեծ սիրով:

Վերջաբանի փոխարեն.

Օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում հայ մշակույթի տարածման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար՝ Հակոբ Գույումջյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որի մասին արվեստագետը զրույցի վերջում շեշտեց.

«Շնորհակալ եմ, որ երկարուձիգ տարիներիս աշխատանքն անթաքույց չմնաց ՀՀ սփյուռքի նախարարի կողմից՝ ինձ նման վերաբերմունքի և գնահատանքի արժանացնելով: Հուսով եմ՝ այսուհետև ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության հիմքերն ավելի կամրապնդվեն և նոր ծիլեր կտան: Առհասարակ, բարձր եմ գնահատում նախարարության գործունեությունը: Վստահաբար, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեից հետո Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործը ՀՀ սփյուռքի նախարարությունն ազնվորեն է կատարում»:

Գևորգ  Չիչյան

 

Scroll Up