Նարինե Հովսեփյանը պատրաստ է իր տանը երկու սիրիահայ երեխայի հյուրընկալել
Նարինե Հովսեփյանը տնտեսագետ-մենեջեր է, տասներեք տարի է՝ դասախոսում է «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իբրև կամավոր աշխատում է նաև Երևանի «Կանաչ հարկ՝ ծիածանային պարտեզ, երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն» հասարակական կազմակերպությունում:
Նարինեի համար դժվարին պայմաններում հայտնվածներին նեցուկ լինելը, մարդասիրական, բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերելը կյանքի սկզբունք է դարձել: Նա այդ ամենն իրականացնում է՝ առաջնորդվելով. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» աստվածաշնչյան պատգամով:
Դասախոսը մեծ ցավ է ապրում սիրիական պատերազմի հետևանքով Հալեպի հայ համայնքում տիրող ողբերգական իրավիճակի համար, ուշի-ուշով հետևում է, թե ինչ ծրագրեր են կազմակերպվում Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին օգնելու ուղղությամբ: Եվ որոշել է անմասն չմանալ ու հնարավորությունների սահմաններում ինչ-որ կերպ աջակցելու սիրիահայերի հոգսերը թոթափելուն:
Նա արդեն դիմել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ 8-12 տարեկան սիրիահայ երկու երեխայի իր տանը հյուրընկալելու առաջարկով: Սեռը, բնավ, կարևոր չէ, քանի որ տիկին Նարինեն երկու աղջիկ և երկու տղա ունի:
«Եթե կգտնվեն առանց ծնողների Հայաստան եկած կամ, առհասարակ, խնամակալության կարիք ունեցող սիրիահայ երեխաներ, ապա սիրով պատրաստ եմ այդ պարտականությունն ինձ վրա վերցնել: Նրանք, շփվելով չորս երեխաներիս հետ, կհաղթահարեն սթրեսը և կկարողանան ինտեգրվել հասարակությանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա լիարժեք ընտանիքում պետք է մեծանա և դաստիարակություն ստանա՝ անկախ այն հանգամանաքից դա իր, թե մեկ ուրիշի ընտանիքը կլինի: Բոլորս էլ գիտենք, որ մանկատներում կամ նմանօրինակ այլ հաստատություններում ապրած և պատերազմ տեսած երեխաները հոգեբանական դժվարություններ են ունենում, ուստի մենք պետք է նրանց կողքին գտնվենք և քաջալերենք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Նարինե Հովսեփյանը՝ հավելելով, որ որոշման գլխավոր նպատակն իր երեխաներին մարդկանց կարեկից լինել սովորեցնելն է, ինչպես նաև այն, որ հասկանան՝ որևէ հայ երեխա չպետք է այլ ընտանիքում մեծանա՝ օտար միջավայրի և մշակույթի կուլ գնալով:
Գևորգ Չիչյան